«Ես մեր նախագահին սիրում եմ, բայց ինքը մեզ չի սիրում»,- ասում է սոսկալի պայմաններում ապրող Կառլենը

13/09/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

82 տարեկան Գյուլնարա տատի տան մռայլությունը դաջվել է նրա հայացքին, ու նա՝ ամեն բառի հետ գլուխն առնելով ափերի մեջ, բառիս բուն իմաստով ցավից «ոռնում» է: Էս տունը կարծես հիվանդասենյակ լինի, ուր իրար ետեւից շարված են դեղնած ու կոտրված մահճակալներ, որոնցից ամեն մեկն էլ ծանրաբեռնված է ինչ-որ անբուժելի հիվանդությամբ տառապող ծանրաքարշ մարմնով: Բոլորը հիվանդ ու անօգնական են: Բոլորը տխուր ու անհավես են: Էս տուն մտնելիս քեզ զգում ես հոսպիտալում: Գյուլնարա տատի տան ներսում գտնվելիս թվում է` Հայաստանի Հանրապետությունում բոլոր առողջապահական հիմնարկները, սոցիալական ծառայությունները զբաղված են հույժ կարեւոր գործով, ու այս ընտանիքի փրկությունը նույնքան անտես մի երեւույթ է, որքան անտես մի երեւույթ եմ ես տեսողությունը կորցրած Կարապետ պապի համար: Լուսանկարչական խցիկի ձայնին հետեւող ծերունին ուզում է հասկանալ, թե ո՞վ է բարեհաճել իրենով հետաքրքրվել: Կարապետ պապը տարիներով, ամիսներով անկողնուց չի տեղաշարժվում, որովհետեւ նախկին զինվորական այս ծերունին հիվանդացել է շաքարախտով ու աստիճանաբար կորցրել է տեսողությունը: Կուրանալու պրոցեսը չի կանխվել զուտ այն պատճառով, որ պետության տված 26.000 դրամ թոշակով հնարավոր է եղել միայն դեղորայք գնել, իսկ հիվանդանոցում բուժվելն այս ծերունու մոտ միայն հեգնանք ու քմծիծաղ է առաջացնում: Բավականին գրագետ այս ծերուկն անգամ խավարի ու քաղցի պայմաններում չի կորցրել մարդկանց հետ բարեհամբույր շփվելու ընդունակությունը: Չնայած դրան, չի ցանկանում խոսել ու հարցերիս պատասխանում է միայն խոր հոգոցով: Կարապետ պապն անգամ խոսելու ուժ չունի, կամաց-կամաց մարում է: Փոխարենն անդադար խոսում ու վրդովմունքն է արտահայտում կինը` Գյուլնարա տատը, ով սրտի արատ հիվանդության պատճառով ներկայումս լուռ հետեւում է, թե ինչպես են ոտքերը փտում: Ասում է` «Սովից մեռնում ենք, աղջիկս: Հասկանո՞ւմ ես, էս խաղաղ պայմաններում մենք սովից մեռնում ենք: Հարեւաններին խնդրում եմ, որ իրանց չորացած հացերը չթափեն, տոպրակով հավաքում, բերում մեզ են տալիս: Ատամ էլ չունենք, թրջում ու ուտում ենք, որ սովամահ չլինենք»: Ծեր կինն անդադար ներողություն է խնդրում, որ փտախտ հիվանդության պատճառով սենյակում տհաճ հոտ է տարածվել: Գյուլնարա տատն ամուսնու նման տարիներով անկողնուն գամված է, իսկ ոտքերի գույնը վկայում է այն մասին, որ նա անհապաղ բժշկական միջամտության կարիք ունի: Ցելոֆանով դեղորայքը վերցնելով ու զայրույթից թափահարելով՝ ասում է` «13.000 դրամ թոշակ եմ ստանում, բայց դրանով նույնիսկ իմ դեղերը չենք հասցնում: Մեր ստացած թոշակով չենք կարում մի օր մի թարմ հաց առնենք, ուտենք: Թարմ հացի հոտին կարոտ ենք մնացել, հարեւանների չորացած, էն խոզերին տալու հացն ենք ուտում: Էլ չեմ ասում, որ տարիներով միս, միրգ, բանջարեղենի համ չենք տեսնում»:

Մահճակալներից մեկի մշտական հիվանդն էլ այս ծերունիների հոգեկան հիվանդ աղջիկն է. սթրեսներին ու զրկանքներին չի դիմացել ու ներկայումս դիսպանսեր հիվանդ է: Զարուհին տարվա մեջ մի քանի անգամ հայտնվում է հոգեբուժարանում, որտեղ դեղորայքով փորձում են մեղմել, թմրեցնել նրա ծանր ապրումները:

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Լեփսիուս 6, 19 շենքում ապրում են Կարապետ պապը, Գյուլնարա տատը, նրանց երկու աղջիկներն ու չորս թոռները: Այս ընտանիքի միակ խնամակալը Ալվարդն է, ում ամուսինը մահացել է` երկու երեխաների խնամքը թողնելով նրա վրա: Հաշմանդամ քրոջ երկու որդիներին նույնպես նա է մայրություն անում: Ալվարդը չափազանց ուժեղ կին է, քանի որ հաշմանդամ հիվանդների խնամքը, երեխաների դաստիարակությունն ու ամբողջ կենցաղը միայնակ է հաղթահարում: Ասում է` «Ձեզ զանգեցի, կանչեցի, որովհետեւ էլ ուժ չունեմ, էլ չեմ դիմանում մեր պետության դաժանությանը: Էս ընտանիքին ես «Փարոսով» էի պահում, ամսական 24.000 դրամով: Ծնողներիս թոշակով մենակ իրանց դեղորայքը չենք կարողանում հասցնել: Մայրս ոտքերի մռմռոցից ամբողջ գիշեր ոռնում ա, ստիպված ցավազրկողը ցավազրկողի ետեւից տալիս եմ, որ հանգստանա: Հասկանո՞ւմ եք, էդ նպաստով գոնե ցամաք հաց էինք առնում, բայց դրանից էլ զրկեցին, ու հիմա էս ծեր հիվանդները հարեւանների չորացած հացն են ուտում: Էլ չեմ խոսում երեխաների մասին»: Այս հիվանդ ու աղքատ մարդկանց ընտանեկան նպաստից զրկելու պատճառը եղել է այն, որ Ալվարդը հիվանդանոցում ընդունվել է աշխատանքի. «Սանիտարկա էի աշխատում 26.000 դրամ աշխատավարձով: Մի երեք ամիս եմ աշխատել, ու «Փարոսից» զրկել են: Ստիպված աշխատանքից դուրս եկա, որ նորից նպաստ ստանանք, համ էլ հիվանդներիս խնամքի հարցում չէի հասցնում»: Ալվարդը դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նրան ուղարկել են «Փարոսի» գրասենյակ: Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի համապատասխան բաժնի պետ Ռ. Խամոյանն էլ նրան տեղեկացրել է. «Մինչեւ վերեւից հրահանգ չստանամ` ոչինչ չեմ կարող անել»: Ալվարդը խճճվել, իրեն կորցրել է ու սպասում է խորհրդի: Խորհուրդ տալն էլ էս տան միջավայրում նույնքան անհեռատես արարք է, որքան սառնասրտորեն թողնելն ու հեռանալը: Զինվորական ծառայության մեջ գտնվող Զարուհու ավագ որդին` Արմենը, Վայքի սահմանում վերջերս վիրավորվել է: Ալվարդն ասում է. «Ոտքի վրա էնքան էին կրակել… Բերեցին հոսպիտալում բուժեցին, ուղարկեցին Սիսիան: Էնքան ահավոր ա, երեխեն զանգում ներքնաշոր ա ուզում, բայց չգիտեմ՝ գլուխս ո՞ր պատին տամ: 9 ամսվա ծառայող ա, բայց ոչ մի անգամ մոտը չենք գնացել: Խեղճ երեխեն էդ ահավոր վիճակում մեր կարիքն ա զգում, բայց…»: Ալվարդն իր տղաներից մեկին, ով քինգ-բոքսի չեմպիոն է, ստիպված ընդունել է գիշերօթիկ դպրոց, որպեսզի 8-րդ դասարանցի տղան դպրոցում սնվի եւ միայն շաբաթ-կիրակի օրերին տանը մնա: 3-րդ դասարանցի Կառլենն, ով խոսակցության ընթացքում կծկվել է սենյակի անկյունում, սկսում է պատմել իր երազանքների մասին: Ասում է` «Ես երազում եմ նախագահ դառնալ ու կդառնամ, գիտե՞ս, որովհետեւ չեմ ուզում նախագահ դառնամ, որ հարստանամ: Նախագահ կդառնամ, որ մայրիկիս աշխատանք տամ ու տատիկիս, պապիկիս բուժեմ, ուտելիք հասցնեմ: Իրանց նման ծերերին տիրություն կանեմ, որ սենց սոված չմնան: Ես մեր նախագահին սիրում եմ, բայց ինքը մեզ չի սիրում: Ուզում եմ նախագահ դառնամ, որ աղքատներին հաց բաժանեմ, հիվանդներին դեղ հասցնեմ, ու մարդիկ սենց չտանջվեն»: Կառլենն ասելիքն ավարտելուց հետո հեռանում է՝ վիրավորանքն ու զայրույթը թաքցնելով արցունքոտված աչքերի մեջ: Ալվարդն ասում է, որ ամաչում է հարեւաններից, որովհետեւ մորն արգելել է ուրիշների չորացած հացն ընդունել, սակայն տանից դուրս գալուն պես հարեւանները խղճում ու ցելոֆանով չորացած հաց են բերում: Ասում է` «Շատ ա լինում, որ ամբողջ օրը սոված ենք մնում, ընդհանրապես ոչինչ չենք ուտում»: Գյուլնարա տատը երեխայի նման հոնգուր-հոնգուր լաց է լինում, չի սիրում իրեն, որովհետեւ` «Ես մաքրասեր, լավ ապրած կին եմ եղել, բայց իմ շորերի վիճակը նայի. օճառի փող չունենք, որ օճառ առնի, շոր լվանա: Ես սենց չեմ ապրել, աղջիկ ջան, ժամանակին լավ կյանքով եմ ապրել, հարուստի` կոլխոզի նախագահի աղջիկ եմ եղել: 39 տարի էշի նման բանվորություն եմ արել, որ էսօր չորացած հացը թրջեմ-ուտեմ, որ սովից չմեռնե՞մ: Էս սրբերի նկարները պատերին կպցրել ենք ու հավատում ենք, որ սրբերը մեզ կպահպանեն, բայց…»: Հարցնում եմ` «Ախորժակդ ի՞նչ է քաշում»: Լաց լինելով պատասխանում է` «Թարմ հացի հոտը: Գիտե՞ս ինչքան ժամանակ ա, որ թարմ հաց չեմ կերել: Ամեն ինչ էլ քաշում ա, բայց թարմ հաց եմ սիրում»: Գյուլնարա տատն ասում է, որ ես իր աղջիկն եմ, իր թոռնիկն եմ, ու պահանջում է, որ ես անհապաղ ճիշտն ասեմ. «Դե, ասա՛, էս պետությունն ինձ պահո՞ւմ ա, թե՞ սպանում ա: Խնդրում եմ, աղջիկ ջան, բալիկ ջան, ճիշտն ասա, մենակ ճիշտը…»:

Գյուլնարա տատի պահանջած ճիշտ պատասխանը բարձրաձայն վերարտադրելը նույնն է, ինչ երբեւէ կհամարձակվես ասել, որ էս ընտանիքի էս վիճակի համար մեղավոր ենք բոլորս: Բայց էդ ճիշտն ու մեղավորները ներքուստ իրենց կգտնեն` այս ընտանիքի պատմությունը դանդաղ ու սրտացավորեն կարդալիս: