Երեկ դատարանի վճռով պայմանական վաղաժամկետ մեկուսարանից ազատ է արձակվել սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, ով ազատազրկված էր 2003 թվականի մարտի 5-ին: Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Արմեն Սարգսյանը մեղադրվում էր 2002թ. դեկտեմբերի վերջին ՀՌԱՀ խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի հարազատները, մասնավորապես՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ եղբայրն ազատազրկվել է բացառապես քաղաքական պատճառներով եւ որեւէ առնչություն չունի կատարվածի հետ: Երեկ էլ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել: «Մենք պնդում ենք, որ Արմեն Սարգսյանն ավելի քան 5 տարի անազատության մեջ է եղել ապօրինի, եւ հույս ենք հայտնում, որ շուտով ազատության մեջ կհայտնվեն քաղաքական պատանդի կարգավիճակում գտնվող քաղբանտարկյալները»,- ասել է Ս. Սուրենյանցը: Նշենք, որ Արմեն Սարգսյանը մեկուսարանից ազատ արձավկելուց անմիջապես հետո այցելել է Եռաբլուր, որից հետո միայն մեկնել է տուն` Արարատ: