Արաբկիր համայնքի Տիգրանյան 10, Մամիկոնյանց 36, 36/1, 38, 38/1
շենքերի բնակիչները կարդացել են ՀՀ սահմանադրությունը եւ լուրջ են
ընդունել հատկապես 2-րդ հոդվածը, որտեղ պարզ ձեւով ասված է. «Հայաստանի
Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Այս թյուրըմբռնման հետեւանքը եղել է այն, որ նրանք որոշել են այդ մասին
տեղեկացնել նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին ու քաղաքապետին: Ու քանի որ
թաղապետը միջին դասի պաշտոնյա է, որոշել են, որ նա դժվար թե
սահմանադրությունից բան հասկանա, եթե նույնիսկ հասկանա էլ, դժվար թե այս
երեք պաշտոնյաների չափ հասկանա, ու նրան չեն տեղեկացրել: Համենայնդեպս,
այդպես են վարվել հիշյալ 5 շենքերի բնակիչները: Իրենց իրավունքները
պաշտպանելու եւ սահմանադրության այդ հոդվածի իսկությունն ապացուցելու
համար նրանք որոշել են քաղհայցով մտնել դատարան: Ինչո՞ւ: Բանն այն է, որ
քաղաքապետարանը 2004թ. դեկտեմբերի 28-ին 2465-Ա եւ 2005թ. ապրիլի 28-ի
855-Ա որոշումներով այս շենքերի ընդհանուր բակային տարածքը բնակելի շենքեր
կառուցելու նպատակով աճուրդով տրամադրել է «Երեւանի կառուցապատման
ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին եւ քաղաքացի Ա.
Չիթչյանին: Բնակիչների կարծիքով՝ 400քմ եւ 570քմ մակերեսով այդ տարածքների
գնորդն իրականում նույն Ա. Չիթչյանն է: Եվ ընդհանուր տարածքը նշված 970
քմ-ից ավելի շատ է: Գնորդը կամ քաղաքապետարանն այսպիսի խորամանկության են
դիմել բնապահպանական փորձաքննությունից խուսափելու նպատակով: Այսինքն,
գնված հողակտորը եթե չի գերազանցում 1000քմ-ը, գնորդը պարտավոր չէ
իրականացնել այդ փորձաքննությունը: Փորձաքննության արդյունքում պետք է
ճշտել՝ տարածքը կանաչապա՞տ է, թե՞ ոչ, տարածքում եւս երկու շենքի
կառուցումը որքանո՞վ է համապատասխան քաղաքաշինական նորմերին: Իսկ ստուգման
դեպքում հաստատ կպարզվեր, որ տարածքն արդեն կանաչապատ է. բնակիչներն իրենց
ուժերով ծառեր են տնկել ու մշակել: Ավելին, բակում եւս երկու բարձրահարկ
շենքերի գոյությունը հարակից շենքերի բնակարանները կզրկի ոչ միայն
լուսավորությունից, այլ սեյսմակայունությունից:
«Այս տարածքն ապառաժոտ է, փորել չի լինի, պետք է պայթեցվի,- բացատրում է
38/1 շենքի բնակիչ Լեւոն Անանիկյանը: -Վերջին տարիներին այստեղ փորձել են
փորել ու ավտոտնակ կառուցել: Զգացին, որ այդ աշխատանքներից մեր շենքը
կդառնա վթարային, բողոքեցինք, ու աշխատանքները դադարեցրին: Պատկերացնո՞ւմ
եք, ինչ կլինի մեր շենքի վիճակը, եթե 10 մետր այն կողմ պինդ գետինը
պայթեցնեն»:
36 շենքի բնակչուհի տիկին Սուսաննան պատմում է, որ մեծահասակների հետ այդ ծառերը տնկել ու մշակում են բակի երեխաները:
«Ջուրը դույլերով իրենց տներից են բերում,- ասում է նա: -Հետո էլ ասում
են՝ առողջ ու դաստիարակված երեխաներ մեծացրեք: Եթե ձեզ առողջ ու խելոք
սերունդ է պետք, ինչո՞ւ եք երեխաներին բակերից զրկում ու փողոց շպրտում:
Բակում մի տեղ, մի ծառ որ չլինի՝ տակը նստեն կամ գնդակ խաղան, ստիպված
պիտի փողոցներն ընկնեն ու հանցագործ դառնան»:
«7-8 շենքերի մոտ 500 ընտանիքների երեխաների միակ խաղալու տեղն է այս
բակը, – ասաց Տիգրանյան 10 շենքի լիազոր Արմեն Բաղդասարյանը: -Եթե երկու
շենք էլ կառուցեն, ընդհանրապես դուրս գալու հնարավորություն չենք ունենա»:
Այս բակում է գտնվում նաեւ «Ընտանեկան լոտոյի»՝ 36/6 համարի շենքը եւ բակի
բնակիչները կարծում են, որ այդ երկու շենքերի կառուցողն էլ ի վերջո նույն
տերն է կամ գործընկերը: Ասում են նաեւ, որ շինարարական գործունեությունն
իրականացնում է «Դվին» կոնցեռնը:
Բնակիչների բողոք-դիմումին Երեւանի գլխավոր ճարտարապետ, նաեւ՝
Քաղաքաշինության վարչության պետ Սամվել Դանիելյանը բավական անմեղսունակ ու
միամիտ պատասխան է տվել.
«Նշված հողհատկացումները կատարվել են ՀՀ Հողային օրենսգրքի, գործող
քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան՝ պահպանելով թաղամասի
կառուցապատման հիմնական սկզբունքները»:
«Իսկ գործող քաղաքաշինական նորմերի համաձայն՝ կանաչ գոտին պետք է զբաղեցնի
բնակելի տարածքի առնվազն 40 տոկոսը կամ յուրաքանչյուր շնչին պետք է հասնի
առնվազն 6 քմ կանաչ գոտի»,- ասաց Սոցիալ-էկոլոգիական կուսակցության
նախագահ Արմեն Դովլաթյանը:
Եվս երկու 9 հարկանի շենքեր կառուցելուց հետո այդ մասում
յուրաքանչյուր բնակչին կհասնի հավանաբար 0,99 սմ կանաչ տարածք եւ այնքան
ճանապարհ, որ մարդիկ անցուդարձ անեն իրար քսմսվելով, իսկ բնական
լուսավորության մասին բնակիչները կհիշեն միայն երջանիկ անցյալից:
Մենք որոշեցինք ճշտել, թե ի վերջո ո՞վ է գնել այդ հողը, քաղաքապետարանն
ինչքանո՞վ է վաճառել կամ աճուրդը ե՞րբ է տեղի ունեցել ու քանի՞ հոգի են
մասնակցել: Բնակիչները միամտորեն կարծում են, որ քաղաքապետարանն ու
Արաբկիրի թաղապետարանը պարտավոր էին այդ աճուրդի ու վաճառքի մասին, որպես
տարածքի շահառուների, տեղեկացնել նաեւ իրենց:
Համապատասխան նամակներ հղեցինք քաղաքապետարան, Արաբկիրի թաղապետարան ու
Կադաստրի պետական կոմիտե: Կադաստրից հույս տվեցին, որ մոտ օրերս
կպատասխանեն: Արաբկիրի թաղապետ Լեւոն Հարությունյանն իր ճարտարապետության
բաժնի պետ Մհեր Մանթաշյանի միջոցով բանավոր պատասխան էր ուղարկել, որ
դիմենք քաղաքապետարան, քաղաքապետարանից էլ հասկացրին, որ պատասխանը կարող
է շատ ուշանալ կամ ընդհանրապես չլինել: Ու մենք ստիպված ապավինեցինք
բնակիչների ունեցած տեղեկություններին ու մեր իշխանավորների շրջանում
գործող տրամաբանությանը եւ ստացանք հետեւյալ եզրակացությունը.
Այդ շենքերի բնակիչները տարածքում այգի ունենալու նպատակով թաղապետ Լեւոն
Հարությունյանին հրավիրել են իրենց բակ: Վերջինս իր նախորդի նման եկել,
խոստացել ու գնացել է: Այս ձմռանը մի քանի անգամ ինչ-որ անծանոթ մարդիկ
Իրանի դեսպանատան համարանիշերով մեքենայով եկել են, տարածքն ուսումնասիրել
ու գնացել են: Հետո պարզվել է, որ իրենց բակը վաճառված է: Թաղապետ Լեւոն
Հարությունյանը քաղաքապետարանին դա ներկայացրել է որպես դատարկ տարածք:
Գործող օրենքներով հողհատկացումը եւ շինարարության նախագծի հաստատումը
կատարում է քաղաքապետարանը, թաղապետարանը տալիս է շինարարության
թույլտվությունը: Եթե տվյալ համայնքի թաղապետը համաձայն չի լինում
ներկայացված նախագծի հետ, քաղաքապետարանի փաթեթը չի հաստատում: Ուրեմն
թաղապետը կողմ է եղել: Ասում են, Լեւոն Հարությունյանին կառուցվող շենքից
բնակարան են խոստացել: