Նախագծի ընդունումը վաղաժամկետ է

13/09/2008

Երեկ մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության Կենտրոնը լրատվամիջոցներին էր ուղարկել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքը, որը տպագրում ենք ամբողջությամբ:

«ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի հիմնավորման ուսումնասիրությունից հետեւում է, որ նախագծի ընդունումը վաղաժամկետ է, եւ հիմք ընդունելով կարգավորման առարկայի ծավալն ու կարեւորությունը, կարիք ունի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված (Հոդված 27) հայեցակարգի մշակման եւ ընդունման: Այս առումով հատկանշական է, որ նման փորձ կատարվել է դեռ 2006 թվականին Տրանսպորտի եւ կապի նախարարության նախաձեռնությամբ, որը հավանության չարժանացավ թե ՀՀ կառավարության, թե հասարակական կազմակերպությունների կողմից:

Իհարկե, նախագծի հիմնավորման 5-րդ կետով նախատեսվում է հայեցակարգի եւ գործողությունների ծրագրի մշակումը: Սակայն դա ակնկալվում է իրագործել միայն նախագծի ընդունումից հետո, որը, մեր կարծիքով, ոչ միայն իրավական անորոշության աղբյուր կհանդիսանա, այլեւ կվտանգի լիցենզավորման միջոցով նոր մասնակիցների մուտքը ռադիոհեռուստատեսային շուկա. մինչդեռ, հիմնավորման մեջ անգամ երեւում է, որ այս պահին հստակ հնարավոր չէ գնահատել պետության, քաղաքացիների եւ մասնավոր հեռարձակողների համար տեխնիկական պահանջները եւ, հատկապես՝ սպասվող ծախսերը: Բացի դա, ողջամիտ չէ լիցենզիաների տրամադրումը համարել «ժամանակավոր եւ անիմաստ» (տես հիմնավորման 5-րդ կետը), արդյունքում նաեւ լիցենզավորման դադարեցումը, քանի որ լիցենզիայի տրամադրման համար՝ որպես պարտադիր պայման, կարող է նախատեսվել թվայնացման գործընթացը սկսելուն պես տվյալ լիցենզառուների կողմից իրենց հեռարձակումը թվայնացնելը: Այսպիսով, կարծում ենք, տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան ինքնուրույն որոշելու՝ իմաստ ունի՞ արդյոք դիմել լիցենզիայի համար, եւ իրակա՞ն է արդյոք ներդրումների վերադարձելիությունը եւ շահույթ ստանալու հնարավորությունը. վերջինս կբխի ազատ շուկայի սկզբունքից եւ չի խոչընդոտի ԶԼՄ-ների բնականոն զարգացմանը:

Ի վերջո, նշենք, որ ելնելով նախագծի կարգավորման ոլորտի ռազմավարական կարեւորությունից, ինչպես նաեւ այն հանգամանքից, որ թվային հեռահաղորդակցության ներդրումը՝ որպես ՀՀ եւ ԵՄ համագործակցության ոլորտ, հատուկ հիշատակվում է Եվրոպական հարեւանության ծրագրում, խիստ անհրաժեշտ է դառնում, մեր կարծիքով, տվյալ օրենսդրական բարեփոխման գործում հանրային քննարկումների նախաձեռնումը եւ քաղաքացիական հասարակության կողմից վերջինիս կիրառելիության խորը ուսումնասիրությունը»: