Երեկ խմբագրություն ահազանգած Արաբկիր համայնքի Արամ Խաչատրյան 6 հասցեում
բնակվող բնակիչները բողոքում էին բակում կառուցվող ավտոտնակների
կապակցությամբ: Այցելելով վերոնշյալ հասցեով՝ պարզ դարձավ, որ որոշ
ժամանակ անց իրոք մարդիկ պետք է ավտոտնակների վրայով բակում ելումուտ
անեն: Շենքերի բակում միակ ազատ տարածքը մեքենաների կայանատեղին է, որն
աստիճանաբար վերածվում է ավտոտնակների: Բացի այն, որ ամբողջ բակում
կառուցվում են ավտոտնակներ, բարձրահարկ այդ շենքի նույնիսկ նկուղներն են
վերածվել ավտոտնակների: Երեխաներն, ընդհանրապես խաղահրապարակ չունենալուց
զատ, հնարավորություն չունեն գոնե ազատ շարժվելու: Կառուցվող
ավտոտնակներից մեկի տերը համառորեն չներկայացավ, բայց ասաց, որ Արաբկիր
համայնքի թաղապետարանից թույլտվություն ունի եւ ինքն ապօրինի
գործողություն չի կատարում: «Ես երկու մեքենա ունեմ,- ասաց նա,- դրանք
դրսում էի կանգնացնում ու օրը մի երեխա վրան խազ էր քաշում. էս դեպքում
ումի՞ց ինչ պահանջես: Առաջ էլ երեխաների համար խաղալու տեղ չկար,
որովհետեւ ավտոտնակների փոխարեն մեքենաներն էին կանգնած, բա էն ժամանակ
ինչո՞ւ բնակիչները չէին բողոքում: Ո՞ւմ եմ վատություն անում, հես ա
ավտոտնակների վրա «բիսետկա» եմ կառուցելու ու կողքն էլ խաղահրապարակ: Էդ
բնակիչներն ինչո՞ւ չէին բողոքում էն ժամանակ, երբ ավտոտնակի տարածքը
զիբիլանոց էր, մաքրել ենք, բան ենք արել»: Իսկ ահա բնակիչներն
անհանգստանում են կառուցվող տաղավարի հետեւանքների համար՝ ասելով, որ այդ
«բիսետկան» վերածվելու է «խուժանանոցի» ու երեխաների դաստիարակության վրա
բացասաբար է անդրադառնալու, որովհետեւ այդտեղ հավաքվելու է բակում ապրող
նարդի խաղացող զանգվածը: Հետաքրքիր էր ավտոտնակի տիրոջ մեկնաբանությունն
այն հանգամանքի շուրջ, թե ինքն ինչպես է պատկերացնում 2-3 տարեկան
երեխաների ավտոտնակի վրա տեղակայված այդ խաղահրապարակից օգտվելը, քանի որ
ավտոտնակների վերնահարկն ինքնին հազիվ տաղավարի տարածություն ունենա, բացի
դա, այն կառուցվում է ավտոտնակի երկրորդ հարկում, եւ աստիճանների
օգնությամբ պետք է բարձրանալ: «Պատկերացրե՛ք, էսքան տարի էստեղ ապրում եմ
ու դեռ չեմ տեսել, որ 2-3 տարեկան երեխա բակում խաղա, նման բան չի եղել»:
Այնպես որ, մնում է ենթադրել, որ Արամ Խաչատրյան 6 հասցեում ծնվող
երեխաներն ինն ամսականի փոխարեն՝ ծնվում են 4 տարեկան հասակում: Ի դեպ,
ավտոտնակի տերն անընդհատ հիշեցնում էր, որ ավտոտնակի նախկին տարածքն
աղբանոցի էր վերածվել, իսկ երբ հարցրի՝ արդյո՞ք աղբահանություն չի արվում,
նույն ինքն ասաց. «Ինչի՞ մասին ա խոսքը, ի՞նչ աղբահանություն: Զիբիլը մեզ
մոտ մաքրում են ընտրությունից ընտրություն»: Այնպես որ, Արաբկիր համայնքի
համայնատիրական քաղաքականությունն այնքանով է հետաքրքիր, որ տարածքն աղբից
ազատելու փոխարեն վաճառում են, որ աղբակույտերը կոծկեն: Մի կողմից՝
աղբահանության համար գումար չի ծախսվում, մյուս կողմից էլ՝ տարածքներ են
վաճառում ու փողեր աշխատում: Իսկ համայնքների բյուջեներում մի հսկա գումար
նվիրված է մաքրման աշխատանքներին: