ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հավաստմամբ` 2009 թվականից Հայաստանը էլեկտրաէներգիա կվաճառի Թուրքիային:
Հիշեցնենք, որ Հայաստանը Թուրքիային էլեկտրաէներգիա վերջին անգամ մատակարարել է խորհրդային տարիներին: Ըստ Ա. Մովսիսյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկումներ են եղել այդ մասին: Հանդիպումների շրջանակներում նաեւ համաձայնագիր է կնքվել նախարարության եւ թուրքական «Յունիտ» ընկերության միջեւ, որը զբաղվում է Թուրքիա էլեկտրաէներգիայի ներկրմամբ եւ բաշխմամբ, նաեւ պայմանագիր է ստորագրվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» եւ «Յունիտի» միջեւ: Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում 2 երկրների միջեւ համագործակցությունը համաձայնեցված է պետական բարձր մակարդակներում: Պայմանագիրը ստորագրվել է Կարսի միջով ուղիղ արտահանում իրականացնելու վերաբերյալ: Թե կոնկրետ երբ կսկսվի արտահանումը` կախված է թուրքական կողմից: Պայմանավորվածությունների համաձայն` առաջիկա 4-5 ամիսների ընթացքում թուրքական կողմն իր տարածքում պետք է վերականգնի այն խնդիրները, որոնք կան գծի վրա, տեղադրի նոր տրանսֆորմատորներ, եւ կսկսվի արտահանումը: Հայկական կողմում արտահանման առումով որեւէ խնդիրներ չկան. գիծն աշխատունակ վիճակում է, ենթակայանային բոլոր սարքավորումները` նույնպես: «Եթե թուրքական կողմն աշխատանքներն ավելի արագ ավարտի, էլեկտրաէներգիայի մատակարարումը կսկսենք ավելի վաղ»,- ասել է Ա. Մովսիսյանը: Նախնական պայմանավորվածությամբ` արտահանման նախնական ծավալները կլինեն տարեկան 1.5 մլրդ կՎտ/ժ: Այդ ծավալները հետագա տարիներին, հաղորդման թողունակության ծավալների մեծացմանը զուգընթաց, կավելացվեն` հասցվելով մինչեւ 3.5 մլրդ կՎտ/ժ-ի տարեկան: Արտահանվելիք էլեկտրաէներգիայի գինը հաշվարկվելու է հատուկ բանաձեւով, որի հիմքում դրված է գազի գինը: Այդ գինը, Ա. Մովսիսյանի վստահեցմամբ, տնտեսապես արդյունավետ է լինելու եւ հիմնավորված. մոտավոր հաշվարկներով` 1 կՎտ-ն կարժենա 5.7 ցենտ: Գնային բանաձեւի սահմանման ժամանակ հաշվի է առնվել նաեւ, թե որքանով է Թուրքիան էլեկտրաէներգիա ձեռք բերում այլ երկրներից: «ՀՀ-ի համար Թուրքիան նոր շուկա է, եւ այսպիսով մեր էներգետիկ հզորությունները կարող ենք առավելագույնս օգտագործել: Մենք մեր ունեցած հզորությունների պահպանմամբ չենք բավարարվում, մեր զարգացման ծրագրերով նոր հզորությունների գործարկումներ են նախատեսված, այդ թվում` Երեւանի ջերմային կայանի: Նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի հնարավորություններն ենք օգտագործելու, նոր ատոմային բլոկ ենք կառուցելու: Այնպես որ, մեր հզորություններն ամբողջությամբ կբավարարեն եւ՛ մեր ներքին պահանջարկին, եւ՛ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի կոորդինատորի դեր ստանձնելուն»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ ՀՀ-ն արտահանելու է իր ջերմային կայանների արտադրանքը: