Անցած կիրակի տեղական ընտրություններն ամփոփելով՝ թաղապետերից մեկն իրավացիորեն նկատել էր, որ «Առանց զոհերի ընտրություններ անցկացնելն արդեն իսկ հաջողություն է»: Արդեն տեւական ժամանակ է, հասարակական ցանկացած միջոցառում հաջողված կարելի է համարել, եթե զոհեր չկան: Անգամ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պարտությունը Թուրքիայի հավաքականից հաջողություն է: Որովհետեւ ավանդական կուսակցությունը մարզադաշտը արյան ծով չդարձրեց: Ու այս առումով տեղական ընտրությունները կարելի է համարել կայացած: Որքան էլ ընդդիմությունը խախտումներ արձանագրի, իսկ Ոստիկանության պաշտոնական ամփոփագրերը ռազմաճակատային քրոնիկա հիշեցնեն: Այն, որ ոստիկանական ամփոփագրերն ամբողջական պատկերը չեն ներկայացնում, շատերը գիտեն: 1-02 հեռախոսահամարին երբեւէ չզանգահարած քաղաքացին կարող է մտածել, որ առիթի դեպքում Ոստիկանությունն անմիջապես կարձագանքի: Իսկ փորձ ունեցողը գիտի, որ Ոստիկանությունը չափազանց զգուշավոր է: Ամենաթողության այն մթնոլորտը, որ ձեւավորվել է մեր երկրում, Ոստիկանությանն այդպիսին է դարձրել: Հիշեք հանրահայտ բոլոր ընդհարումները: ՏԷՑ-ի ճակատամարտից մինչեւ Մալաթիայի «բանկի խաչմերուկի» դեպքերը: Ոստիկանությունը, եթե պատահաբար դեպքի վայր է ժամանում մինչեւ կրակոցների ավարտը, հմտորեն թաքնվում է, չխանգարելով կողմերից ոչ մեկին: Մեր իրավապահ մարմինները միայն ազատամարտիկների նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել «ՏՈԶ» սպորտային փամփուշտներ պահելու համար: Իսկ ընտրությունների պես լայնածավալ հասարակական միջոցառումների օրերին նրանք դժվար են կողմնորոշվում: Ճիշտ այնպես, ինչպես բոլոր քաղաքացիները: Եվ, իսկապես, մեր հասարակական կյանքում քրեականներին իշխանությունից տարբերելը շատ հաճախ բավական բարդ ու հասարակագիտական լուրջ հետազոտություններով պարզելիք խնդիր է: Պատկերացրեք, թե ինչ կկատարվի դեպքի վայր փութով հասած ոստիկանի հետ, եթե հետագայում պարզվի, որ նա անզգուշաբար բերման է ենթարկել մի «լավ» տղու: Կամ, որ ավելի սարսափելի է, «լավ» տղու սիրասուն զավակի: Ոստիկանը կպատժվի ասիական բոլոր օրենքներով: Սա գիտեն բոլոր ոստիկանները: Գիտեն իրենց դառը փորձով: Ուստի զվարճանքի թանկարժեք օբյեկտներից, «լավ» տղերքի «ռազբորկեքի» տեղերից, ընտրատեղամասերից ու նմանատիպ զեխ վայրերից ստացված ահազանգերին գերադասում են չպատասխանել: Կիրակի լույս երկուշաբթի մայրաքաղաքի տարբեր հատվածներ գիշերվա ժամը 2-3-ը հենց ռազմաճակատ էլ հիշեցնում էին: Երկու-երեք տարի առաջ քաղաքային իշխանությունները փորձեցին կանոնակարգել օր օրի մոդայիկ դարձող հրավառությունը: Ամեն մի անձնական առիթով փողատերերը համաքաղաքային հրավառություն էին կազմակերպում: Սրտների ուզած պահին: Առանց հաշվի առնելու, որ քաղաքում են ապրում: Արաբկիր ու Դավիթաշեն թաղամասերում ապրող ծերերն ու երեխաներն այդ կիրակի քնից վեր թռան վայրենի հրավառության աղմուկից: Քրեական ու իշխանություն համատեղ զվարճանում էին: Հավանաբար՝ նշելով իրենց անխախտ դաշինքի հերթական հաղթանակը ժողովրդի ու ժողովրդավարության նկատմամբ: Հաջորդ օրը ոստիկանական ամփոփագրերը լռում էին: Հասարակական կարգի նման խախտում մայրաքաղաքում կարծես չէր էլ եղել: Մարտի 1-ի գործով խորհրդարանական հանձնաժողովին բացատրություններ ներկայացրած ոստիկանապետերը վերջապես տեղեկացան, որ գիշերային ժամերին որոշակի տիպի օպերացիաներ իրականացնելն արգելված է: Հավանաբար, նրանք ենթադրում են, որ գիշերային ժամերին չի կարելի արձանագրել հասարակական կարգը խախտելու դեպքերը: Գիշերային հրավառություններն ու հրազենային կրակոցները չնկատելու տվեցին: Նման դեպքերում ոստիկանական ամփոփագրերում հայտնվում են միայն այն իրադարձությունները, որոնք նախապես գրանցվում են այլ գերատեսչություններում եւ հատկապես՝ հիվանդանոցներում: Բժիշկները բարեխղճորեն արձանագրում են հրազենային ու այլ վերքերով հիվանդանոց բերված դեպքերը: Դրանով իսկ կանխվում է միջադեպեր կոծկելու ոստիկանական ավանդույթը: Փաստորեն կրակոցների ու սվինամարտերի մասին տեղեկացված լինելու համար հասարակությունը պարտական է ոչ թե իրավապահներին, այլ բժիշկներին: Որպեսզի ազգային ներքին դարդ ու ցավը օտարի առաջ բարձրացնող ազգադավ լրագրողի անուն չհանեմ, ես իշխանություններին կոչ չեմ անում ցանկացած ընտրությունից առաջ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր հրավիրել: Չնայած, որ ՄԱԿ-ի Կապույտ սաղավարտները կարող են անվտանգության երաշխիք լինել բնակչության համար: Ես իշխանություններին պարզապես կոչ եմ անում՝ ուսումնասիրել քրեական ու իշխանական ուժերի մարտական ձեռագիրը: Ուսումնասիրելուց հետո անհրաժեշտ վայրերում բնակչության ապահովության համար ցուցանակներ տեղադրել: Ցուցանակներ՝ «ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕՐԸ ՓՈՂՈՑԻ ԱՅՍ ՀԱՏՎԱԾՆ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀՐԵՏԱԿՈԾՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ» գրությամբ: