Աննան երեխայի է սպասում: Մի քանի ամսից լույս աշխարհ գալիք երեխային Աննան ոչ այնքան սպասում է, որքան ցանկանում է նրանից ազատվել, բայց արդեն ուշ է: Ասում է` «Չէի հղիանում, խնդիրներ կային, գիտե՞ս ինչքան ենք սպասել էս երեխուն, բայց հիմա…»: Հիմա այդքան սպասված երեխան անցանկալի է, որովհետեւ որքան մոտենում է նրան ծննդաբերելու ժամանակն, այնքան Աննան սարսափում է: Կենցաղային խնդիրներն Աննային խեղճացրել, մի բուռ են դարձրել, ու էն Աննան, որ միշտ ինձ տեսնելիս ժպտում էր` այլեւս չկա: Հիմա Աննան դարձել է հոգսաշատ, տառապած հայացքով մի տարեց կին: Աննան հղիանալու հետ կապված լիքը երազանքներ է հորինել, մտովի նոր, գեղեցիկ կյանք է կառուցել, ու հիմա, երբ հղիանալուց հետո ամեն ինչ է՛լ ավելի բարդացել է` նրա երազանքները փշրվել ու կյանքը գորշացել է: Ասում է` «Սրտովս չի երեխեն, չգիտեմ ինչ ա լինելու, բայց հաստատ սիրտս տաք չի երեխու վրա: Բայց որ իմանաս, թե ինչքան եմ երազել երեխայի մասինգ»:
Աննան այսօր արդեն երազում է ոչ թե բարեհաջող ծննդաբերելու, այլ` երեխայից ազատվելու մասին, ու նրա այդ ցանկությունն ինձ չի զարմացնում, որովհետեւ այդ երեխան լինելու է նույնքան դժբախտ, որքան որ մայրն է: 39-ամյա այս կնոջ երեխան լույս աշխարհ է գալու ու հասկանալու է, որ ինքն ապրում է Վարդաշեն 6-րդ փողոցի, 66 շենքի մի անտանելի միջավայրում: Նորածին երեխայի գիտակցական մակարդակի զարգացման հետ մեկտեղ՝ նա հասկանալու է, որ իր «տունը» մի խորդանոց է, որտեղ իր տան անդամները ճաշում, քնում, լողանում են եւ գոյատեւելու համար բոլոր անհրաժեշտությունները կատարում են այդ փոքրիկ տարածքում: Երեխան հաստատ սթրեսներ է ապրելու ու հաստատ չի ցանկանալու ապրել, դրա համար էլ մայրը ցանկանում է երեխայից ազատվել: Մի քանի ամսից լույս աշխարհ եկող Աննայի երեխան իր քույրիկների նման ամեն օր անհամբեր սպասելու է ընտանեկան նպաստը բերող տեսուչին, որի բերած 19.000 դրամով մի քանի օր կարողանալու են «կուշտ փորով» հաց ուտել: Աննայի լույս աշխարհ եկող երեխան քույրիկների նման հագուստ ու գրենական պիտույքներ չունենալու պատճառով չի ցանկանալու գնալ դպրոց: Ու հետո, հեռուստացույց դիտելիս Աննայի մի քանի ամսից լույս աշխարհ եկող երեխան ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից լսելու է «ճառեր» այն մասին, որ ՀՀ իշխանությունները խրախուսում են ծնելիությունն ու ամեն մի նորածնի համար…
Աննայի մի քանի ամսից լույս աշխարհ եկող երեխան հասկանալու է, որ մեր երկրում սուտը շատ է, ու Աննայի նման սկսելու է կյանքը չսիրել: Ասում է` «Չգիտեմ, խելագարվում եմ, ինձ հոգեբուժարան կտանեն, էլ ներվերս չի դիմանում»: Երեք երեխաների մայրը հոգեբանորեն ընկճված, անպաշտպան վիճակում է, որովհետեւ չորրորդ երեխայի լույս աշխարհ գալն իրենց կյանքում մեծ փոփոխություն է բերելու: Այդ փոփոխության ծանրությանը հնարավոր է չդիմանան ամուսինները: Մինչեւ հղիանալն այս կինն ուրիշների տները մաքրելով, բուրդ լվանալով գումարներ էր վաստակում, իսկ այժմ միայն ամուսնու բանվորությունից ստացված օրվա հացի գումարի հույսին են: Հղի կնոջ ոտքերն այտուցված են, իսկ ոտքերի թրոմբն այնպես է տարածվել, որ մաշկը կապույտ գույն է ստացել: Ասում է` «Բժիշկն ասաց, որ թրոմբը տարածվում ա, հնարավոր ա, որ արգանդի մեջ էլ լինի: Նախազգուշացրեց, ասեց, որ կեսարյան հատում կանենք, որովհետեւ, եթե թրոմբը պայթեց, ոչ կարանք քեզ փրկենք, ոչ էլ երեխային: Ամեն ինչ էնքան բարդ ա` չես էլ պատկերացնի: Ո՞ւմ ա պետք էս ապրելը»: Աննան մանկատան սան է եղել: Ծնողների ամուսնալուծությունից հետո մայրը 7 տարեկան հասակում իրեն հանձնել է մանկատուն: Չափահաս դառնալուց հետո նա երազել է ընտանիք ունենալ ու լավ մայր դառնալ, ամեն գնով պաշտպանել իր երեխաներին: Ասում է` «Իմ կյանքում ամենաթանկ բանը երեխաներս են: Մեռնեմ էլ, երեխաներիս համար ամեն ինչ կանեմ, որովհետեւ ես գիտեմ, թե ինչ բան ա որբ ու անտեր լինելը»: Վախենում է երեխաների համար, դրա համար էլ հիմա ցայտնոտի մեջ է, օրերով քաղցած են մնում: 8-րդ դասարանցի Արմինեն սեպտեմբերի 1-ին չի ցանկացել դպրոց գնալ. գրենական պիտույքներ չի ունեցել: Ուսուցչուհին մորը տեղեկացրել է, որ երեխային անհապաղ դասի ուղարկի, քանի որ Արմինեն գերազանց գնահատականներով սովորող, ընդունակ երեխա է: «Հասկանո՞ւմ ես, ուզում եմ երեխեքս մարդ դառնան, դաստիարակված, շնորհքով մարդիկ մեծանան, բայց ախր տեսնում ես, չէ՞, մեր պայմանները: Ախր չգիտենք՝ գլուխներս ո՞ր պատին խփենք: Ամուսինս առավոտից իրիկուն տանջվում ա, բայց հնարավո՞ր ա երեք երեխա բանվորության գումարով պահել: Իմ մանկությունը քայքայվել ա, բայց չեմ ուզում երեխեքս էլ էդքան դառը կյանքով ապրեն: Մանկատնից դուրս գալուց հետո հանրակացարանի էս խուցն են տվել, ու մինչեւ հիմա էստեղ ենք»,- պատմում է Աննան, ում սենյակը տեսնելով` ապշում եմ, թե հինգ հոգով ինչպե՞ս են տեղաշարժվում, գիշերում, ճաշում այդտեղ: Կոմունալ պայմաններն ընդհանուր են, իսկ հղի վիճակում ընդհանուր հակահիգիենիկ պայմաններից օգտվելն Աննայի համար իսկական տառապանք է:
Աննան, տեւական ժամանակ է` զանգահարում է ինձ ու խնդրում օգնել իրեն: Հարցնում եմ` «Լավ, հասկանում եմ, բայց ի՞նչ կարող ենք անել»: Իր անհուսալի վիճակից լաց լինելով՝ պատասխանում է` «Եթե ինչ-որ մեկն օգներ մեզ, ոտքի կանգնեինք, էս ծանր պահը հաղթահարեինք… Հիմա մեր վիճակն անհույս ա, չգիտեմ, թե ծննդաբերելու ժամանակ ի՞նչ ենք անելու: Ախր հեչ ապրելու հնար չկա, ախր շատ ծանր պայմաններում ենքգ»։ Նա հարցուփորձ է անում ՀՀ կառավարության որոշումների մասին, ուզում է հավատալ, որ մեր պետությունը չորրորդ երեխայի համար մայրերին աջակցելու, ձեռք մեկնելու ծրագիր ունի: