Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանին շատերը ճանաչում են միայն հեռուստատեսությամբ, երբ պատասխանում է լրագրողների հարցերին կամ Ազգային ժողովում՝ պատգամավորների հարցերին։ Մինչդեռ այդ «չորուցամաք», աշխատանքային բնույթի հարցուպատասխանից անհնար է մարդու մասին կարծիք կազմել։ Երկար տարիներ զբաղեցնելով բարձր պետական պաշտոններ, բնական է, որ Ա. Մանուկյանի հասցեին էլ հնչել են քննադատություններ, կան եւ՛ բարի կամեցողներ, եւ՛ նախանձողներ։ Անկախ նրանից՝ ով ինչպես է վերաբերվում Ա. Մանուկյանին, նրան քիչ թե շատ ճանաչողները հաստատ կասեն, որ նա կյանքի մեծ փորձ ունեցող մարդ է։ Անդրանիկ Մանուկյանը նաեւ հետաքրքիր զրուցակից է, պատմելու շատ բան ունի, եւ, որ ամենակարեւորն է՝ պատմում է շատ անկեղծ։ Այլ հարց է, որ պետական համակարգում աշխատանքը թույլ չի տալիս շատ ծավալվել հետաքրքիր հիշողությունների շուրջ, վերհիշել անցած ճանապարհը։ Այս հարցազրույցը, որը տեղի է ունեցել մինչեւ Ա. Մանուկյանի՝ Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնից ազատվելը, կարելի է ասել, նման անկեղծ զրույցի եզակի հնարավորություններից մեկն է թե՛ ընթերցողի, եւ թե՛ հենց Անդրանիկ Մանուկյանի համար։
Անդրանիկ Մանուկյանը ծնվել է 1954թ., Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղում։
Իր իսկ խոսքերով, եղել է շատ աշխույժ, «չարաճճի» երեխա, ում մտքով չի էլ անցել, որ երբեւէ նախարար կդառնա։
«Դպրոցում լավ էի սովորում, բայց 9-10-րդ դասարաններում մի քիչ լավ չէի սովորում։ Աշխույժ էի, կռիվներ էի անում եւ այլն։ Բայց մաթեմատիկայից շատ ուժեղ էի։ Դիմեցի բուհ, մաթեմատիկան գերազանց հանձնեցի, բայց ֆիզիկայից կտրվեցի ու գնացի բանակ։ 1973-1975թթ. ծառայել եմ սահմանապահ զորքերում»։
Ի դեպ, ծառայության տարիներին Ա. Մանուկյանի հետ մի հետաքրքիր դեպք է պատահել, որը երեւի թե ազդել է նրա ողջ հետագա ուղու վրա։
«Մի անգամ ինչ-որ մեկը սահմանը խախտել էր։ Ես ավագ «նարյադ» էի, կրտսեր «նարյադը» զեկուցեց, որ սահմանի վրա ինչ-որ շարժում է նկատվում։ Հաճախ էր լինում, որ կենդանիներ էին ընկնում փշալարերի մեջ։ Սկզբում մտածեցինք՝ միգուցե սա էլ կենդանի լինի, բայց հետո հասկացանք, որ մարդ է. երբ լույսը գցում էինք վրան, անշարժանում էր։ Մի խոսքով, հասկացանք, որ սահմանախախտ է։ Ինձ հաջողվեց նրան բռնել, թեեւ այդ ընթացքում, չգիտեմ ինչպես էր ստացվել, կոտրել էի ձեռքը»։
Պրն Մանուկյանն անկեղծորեն ասում է, որ բանակում էլ եղել է շատ աշխույժ (մեղմ ասած), հաճախ «գուբախտ» են նստեցրել իրեն։ Սակայն սահմանախախտին բռնելուց հետո ամեն ինչ, բնականաբար, փոխվում է, դառնում է հրամանատարների աչքի լույսը։ Ավելին, պարգեւատրվում է անձամբ ՊԱԿ-ի ղեկավար Յուրի Անդրոպովի կողմից, քանի որ սահմանապահ զորքերը գտնվում էին ՊԱԿ-ի տրամադրության տակ։ Մի խոսքով, Անդրանիկ Մանուկյանը բարեհաջող զորացրվում է եւ վերադառնում տուն։ Իսկ այդ միջադեպն իր ազդեցությունը դեռ ունենում է, սակայն ամեն ինչ՝ ըստ հերթականության։
– Ծառայության տարիներին որոշեցի վերադառնալուց հետո սովորել։ Զորացրվելուց հետո սկսեցի պարապել Ժողինստիտուտ ընդունվելու համար։ Մաթեմատիկան լավ գիտեի, աշխարհագրություն էլ պարապեցի։ Այդ երկու առարկաների քննությունները գերազանց հանձնեցի, բայց հայոց լեզվից կտրվեցի։ Ճիշտն ասած, արտագրել էի «շպարգալկայից», բայց ստորակետները մոռացել էի դնել։ Որոշեցի դիմել, այսպես կոչված, զրո կուրս։ Սակայն ինձ հասկացրին, որ առանց միջնորդության ոչինչ չի ստացվի՝ մրցակցությունը շատ մեծ էր։ Ես չգիտեի՝ ում դիմել, այդպիսի մարդ չկար, որին կարող էի դիմել, որն ինձ համար կբարեխոսեր։ Ու այդ ժամանակ հիշեցի մեր ջոկատի հրամանատարին, որն ինձ լավ ճանաչում էր։ Նրան գեներալի կոչում էին տվել եւ տեղափոխել այլ աշխատանքի՝ նա ամբողջ Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարն էր։ Չարչարվեցի ու մի կերպ կարողացա հասնել նրան, որ օգնականը զեկուցի, թե՝ այսինչ մարդն ուզում է ձեզ մի քանի րոպեով տեսնել։ Նա ինձ հիշել էր, ջերմությամբ ընդունեց, հարցրեց՝ ոնց եմ, ինչ խնդիրներ կան։ Պատմեցի, ասացի, որ ուզում եմ սովորել, որ զրո կուրս կարող եմ ընդունվել, բայց ինչ-որ մեկը պետք է բարեխոսի։ Ինձ պետք էր, որ ընդամենը օբյեկտիվ մոտենային։ Նա հենց ինձ մոտից հեռախոսը վերցրեց, զանգեց այն ժամանակվա Լուսավորության մինիստրին ու ասաց՝ այս տղան հերոս է, նրան պետք է օգնել, որ սովորի։ Լուսավորության մինիստրն էլ ասել էր՝ թող գա զրուցենք։
– Գնացի՞ք։
– Այո, գնացի։ Հարցրեց՝ բանակում ինչ է եղել, պատմի՝ ո՞նց ես էդ լրտեսին բռնել։ Ասացի՝ չեմ կարող, դա ռազմական գաղտնիք է, ես ոչ ոքի չպետք է մանրամասները պատմեմ։ Ասաց՝ նոր քո հրամանատարը հեռախոսով պատմում էր, դու էլ պատմիր։ Մի խոսքով, պատմեցի ինչ է պատահել եւգ ընդունվեցի զրո կուրս։
– Ստացվում է՝ միջնորդող չունեիք, բայց հետո ամենաբարձր մակարդակով լուծվեց ձեր խնդիրը։
– Փաստորեն՝ այո։ Ընդունվեցի ու բավական լավ էի սովորում։
– Ուսանողական տարիներին էլ էի՞ք «անկարգ», ինչպես դպրոցում եւ բանակում։
– Չէ։ Բայց ակտիվ էի, մասնակցում էի հասարակական անցուդարձին։ Առաջին կուրսում ինձ ընտրեցին մեր ֆակուլտետի կոմսոմոլի քարտուղար։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այն ժամանակ ֆակուլտետի պարտկոմն էր։
Ի դեպ, սովորելու տարիներին Անդրանիկ Մանուկյանը զբաղվել է նաեւ ըմբշամարտով, մասնակցել մրցույթների։ Այդպիսի մի մրցույթի էլ նա մասնակցել է Լենինգրադում, Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսագիտական ինստիտուտում եւ գրավել առաջին տեղը։ Նրան առաջարկել են գործերը տեղափոխել Վոզնեսենսկու անվան ինստիտուտ եւ ուսումը շարունակել այնտեղ։ Ա. Մանուկյանն այդ ժամանակ պատասխան չի տվել, ինքն էլ չի կողմնորոշվել՝ ինչպես վարվել՝ մնալ Երեւանո՞ւմ, թե՞ տեղափոխվել Լենինգրադ։ Ամեն ինչ ստացվել է պատահաբար, Ա. Մանուկյանի կամքից անկախ…
– Քանի որ մեր ֆակուլտետի կոմսոմոլի քարտուղարն էի, ժողովներից մեկի ժամանակ ինձ նույնպես առաջարկեցին ելույթ ունենալ։ Այն ժամանակ ընդունված էր միայն լավ բաներ ասել, գովել։ Ես, ընդհակառակը, շատ քննադատական ելույթ ունեցա՝ ասացի ինչն է վատ իմ կարծիքով։ Դրանից հետո տեղի ունեցան շատ տհաճ իրադարձություններ, ստուգումներ սկսեցին մեր ֆակուլտետում։
Ասեմ նաեւ, որ բանակում իմ նշած միջադեպից հետո ինձ ընդունել էին Կոմունիստական կուսակցության շարքերը՝ որպես թեկնածու։ Կուսակցության լիարժեք անդամ դառնալու համար պետք էր մեկ տարի։ Մտածեցի, որ կարող է ինձ նաեւ այս հարցում խանգարեն եւ որոշեցի մի բան անել՝ իրենցից առաջ ընկնել։ Այդ տարի գնացի շինջոկատ եւ շինջոկատից Երեւան չվերադարձա՝ գնացի Լենինգրադ՝ Վոզնեսենսկու անվան ինստիտուտ։ Գնացի եւ ասացի, որ որոշել եմ տեղափոխվել իրենց մոտ։ Շատ ուրախությամբ ընդունեցին իմ այդ որոշումը։ Ինձ մնում էր վերադառնալ Երեւան եւ պատրաստել համապատասխան փաստաթղթերը։
– Երեւանում անակնկալի են գալիս այդ որոշումից, չեն ուզում Անդրանիկ Մանուկյանին բաց թողնել։ Թե՛ ռեկտորը, թե՛ դեկանը փորձում են համոզել մնալ, սակայն, տեսնելով, որ նա որոշումը չի փոխի, ի վերջո համաձայնում են։
– Հարցրեցին՝ ինչ է պատահել, ասացի՝ չեմ ուզում շատ ժամանակ ծախսել կուսակցական գործերի վրա, ուզում եմ իրոք սովորել, իսկ այստեղ ամեն օր ստուգումներ են անում, հանգիստ չեն տալիս։ Եվ գնացի Լենինգրադ։
Լենինգրադում՝ Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսագիտական ինստիտուտում, Ա Մանուկյանը շատ շուտ մերվում է նոր միջավայրին, ստեղծում շփումների լայն շրջանակ։ Չորրորդ եւ հինգերորդ կուրսերում գերազանց առաջադիմության համար եղել է Կ. Մարքսի անվան կրթաթոշակառու, ինչը ուսանող-տնտեսագետների համար ամենաբարձր պարգեւն էր։ Թեեւ մինչեւ Լենինգրադ գնալը որոշել էր ավելի շատ զբաղվել ուսմամբ, սակայն հասարակական անցուդարձին այստեղ էլ է շատ ակտիվ մասնակցում։ Այն աստիճանի ակտիվություն է ցուցաբերում, որ 1980թ. Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ նրան նշանակում են Լենինգրադի կոմսոմոլի նախապատրաստական շտաբի պետ։ Վոզնեսենսկու անվան ինստիտուտն ավարտելուց հետո ընդունվում է նույն բուհի ասպիրանտուրան եւ դիսերտացիա պաշտպանում՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում։
– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Լենինգրադում այդքան հաջողությունների հասնելուց հետո որոշեցիք վերադառնալ Երեւան։
– Արդեն ամուսնացել էի, երեխաներ ունեի։ Իսկ ընտանիքով, օտար քաղաքում վարձով ապրելն այդքան հեշտ բան չէր։
– Լենինգրադո՞ւմ եք ամուսնացել։
– Ոչ, թեեւ այն ժամանակ ապրում էի Լենինգրադում, վերադարձա Երեւան, այստեղ ամուսնացա եւ կնոջս հետ նորից գնացինք Լենինգրադ։ Երեխաներս այնտեղ են ծնվել։
– Կպատմե՞ք ինչպես եք ծանոթացել ձեր կնոջ հետ։
– Ֆակուլտետում, ինչպես նշեցի, կոմսոմոլի քարտուղարն էի։ Մի օր այնպես եղավ, որ պատին ինչ-որ պաստառ պետք է փակցնեի։ Մենակ էի, չէր ստացվում։ Անահիտն իր ընկերուհիների հետ այդ պահին անցնում էր իմ կողքով։ Կանչեցի, խնդրեցի օգնել։ Այդպես էլ ծանոթացանք։
– Երեւան վերադառնալով՝ որոշ ժամանակ դասավանդել եք Ժողինստիտուտում։ Խի՞ստ դասախոս էիք։
– Չեմ կարող ասել՝ խի՞ստ էի, թե՞ ոչ, բայց ուսանողներիս հետ շատ լավ հարաբերություններ ունեի։ Ուսանողներս էլ լավն էին, դասի ժամանակ ճանճի տզզոցը չէր լսվում։
– Դա ինչո՞վ էր պայմանավորված՝ ավելի շատ հարգո՞ւմ էին, թե՞ վախենում։
– Հարգում էին։ Վախենալու խնդիր չկար, շատ բարի դասախոս էի։
Դասախոսական աշխատանքը երկար չի տեւում. Անդրանիկ Մանուկյանը շուտով առաջարկ է ստանում Երեւանի քաղկոմից՝ աշխատել որպես հրահանգիչ։ Դա 1985 թվականին էր։ Համաձայնում է, որովհետեւ համարում է, որ դա լուրջ եւ պատասխանատու գործ է, իսկ ԽՍՀՄ-ի օրոք, որքան էլ այժմ քննադատեն, մի բանում կոմունիստները շատ հետեւողական էին՝ կադրերի հարցում։ Պատահական մարդիկ պետական կառավարման համակարգում չէին հայտնվում, մարդը պետք է անցած լիներ կյանքի որոշակի դպրոց։ Եվ Կենտկոմում որոշում են, որ Ա. Մանուկյանն անցել է այդ դպրոցը։ Քաղկոմում աշխատանքը տեւում է ոչ այնքան երկար, գալիս է 1990 թվականը…
– Երբ սկսվեց շարժումը, հասկացա, որ քաղկոմում աշխատանքն անհեռանկար է։ Որոշեցի տեղափոխվել «Հայավտովազ»։ Տնօրենին այն ժամանակ նշանակում էին ընտրությամբ։ Ես առաջադրեցի իմ թեկնածությունը, ընդ որում՝ գաղտնի կերպով՝ կուսակցության ներսում ավելորդ խոսակցություններից խուսափելու համար։ «Ավտովազի» ղեկավարության հետ բավական ջերմ հարաբերություններ էի ստեղծել, զրույցներից մեկի ժամանակ ասացի, որ ուզում եմ տեղափոխվել «Ավտովազ»։ Իրենք դեմ չէին։ Ընտրությանը հաղթեցի եւ սկսեցի ղեկավարել «Հայավտովազը»։
Սա միակ ընտրությունը չէր, որտեղ Ա. Մանուկյանը հաղթանակ տարավ։ 1990թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում նա իր թեկնածությունն առաջադրեց Հրազդանի տարածաշրջանում։ Մրցակիցը Հրազդանի այն ժամանակվա գործկոմի նախագահն էր։ Պայքարը թեժ էր, սակայն Ա. Մանուկյանին հաջողվում է հաղթել եւ դառնալ պատգամավոր։ Հետագայում նույն տարածաշրջանից նա ընտրվում է արդեն Ազգային ժողովի պատգամավոր։ Պատգամավորական աշխատանքը շարունակվում է մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ը…
– Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո չէի կարողանում մտնել ԱԺ Նիստերի դահլիճ, մի տեսակ ազդում էր վրաս։ Երբ ապաքինվեցի եւ դեկտեմբերին առաջին անգամ գնացի Ազգային ժողով, հասկացա, որ այդտեղ չեմ կարող աշխատել։ Շատ ծանր էր, կարծես նորից վերապրեի այդ կրակոցները, մղձավանջը։ Դիմեցի հանրապետության նախագահին, ասացի, որ նման խնդիր կա։ Ասացի, որ կարող եմ աշխատել գործադիրում, փորձ ունեմգ
2000թ. մայիսին սկսվեց Անդրանիկ Մանուկյանի կյանքի «նախարարական» շրջանը։ Մայիսին նա նշանակվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ Նույն տարվա նոյեմբերին նրան վստահեցին Պետեկամուտների նախարարությունը, իսկ 2001թ. հուլիսից մինչ օրս նա ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարն է։
– Դժվա՞ր գործ է նախարարի գործը։
– Իհարկե։ Մեծ պատասխանատվություն է։ Գիտեմ, մեզանում 1000 հոգու եթե հարցնեն՝ կարո՞ղ ես նախարար աշխատել, 990-ը կպատասխանեն՝ այո։ Բայց սա շատ ծանր եւ էներգիա խլող աշխատանք է։
– Իսկ դուք գո՞հ եք, որ ճակատագիրն այսպես դասավորվեց։ Նկատի ունեմ աշխատանքը, այն, որ դուք այժմ նախարար եք։
– Այդ հարցին չի կարելի միանշանակ պատասխանել։ Ես երբեք չէի մտածել, որ նախարար կդառնամ։ Սակայն հիմա ինձ համար ավելի կարեւոր է մտածել, թե ինչ եմ թողնելու ինձանից հետո։ Կապ չունի՝ ես գո՞հ եմ, թե՞ դժգոհ, շատ ավելի կարեւոր է այն աշխատանքը, որ ես անում եմ այս պաշտոնում։ Ինձ համար շատ հաճելի է լինելու, երբ մարդիկ հետո ասեն՝ այս նախարարի օրոք կառուցվեց այսինչ ճանապարհը կամ բարելավվեց կապի որակը։ Մեր գործում շատ հաճախ պետք է ռիսկի գնալ։ Օրինակ, Հյուսիսային պողոտան կառուցելու համար ռիսկ էր պետք, որին մեր իշխանությունները գնացին։ Արդյունքը՝ տեսաք ինչ գեղեցիկ ստացվեց։ Ընդհանրապես, ցանկացած գործում է համարձակությունը, ռիսկը պետք։ Այս առիթով մի դեպք հիշեցի, վերջում կպատմեմ։
– Ձեր ծնողները խի՞ստ են եղել ձեր նկատմամբ։
– Ինչպես ասացի, դպրոցական տարիներից աշխույժ էի, շատ պատմությունների մեջ էի ընկնում, հայրս դրա համար բարկանում էր։ Իսկ ընդհանուր առմամբ, նա ինքնուրույնություն է տվել։ Տղամարդու կայացման համար դա շատ կարեւոր է։ Տղամարդը պետք է ինքնուրույն, սեփական ուժերով փորձի կյանքում ինչ-որ բանի հասնել։ Ես իմ կյանքում՝ թե՛ ուսանողական տարիներին, թե՛ աշխատելիս, երբեք իմ ծնողներին նեղություն չեմ տվել։ Ցերեկները սովորում էի, գիշերները գնում էի, կայարանում վագոն էի դատարկում, որ գրպանս փող լիներ։ Ես չէի ուզում ետ մնալ ցեխավիկների եւ ռայկոմի քարտուղարների տղաներից, ու ետ չէի մնում։ Ծախսում էի՝ ինչպես նրանք, չնայած շատ էի հոգնում։ Գիշերվա ծանր աշխատանքից հետո առավոտյան դասի էի գնում, քունս տանում էր, բայց ինձ ստիպում էի, որ չքնեիգ Դժվար էր, բայց տղամարդը պետք է դժվարությունների միջով ինքնուրույն անցնի, որ կյանքում իր տեղը գտնի։ Նույն ոգով դաստիարակել եմ իմ որդուն։
– Քանի՞ տարեկան է նա։
– 22։ Անցյալ տարի ամուսնացավ Գագիկ Ծառուկյանի դստեր հետ։ Շատ լավ աղջիկ է, շատ լավ, հայկական ընտանիք են կազմել։
– Շա՞տ երկրներում եք եղել։
– Այո, բավական մեծ թվով։ Միայն Ամերիկայում երբեք չեմ եղել, որքան էլ զարմանալի հնչի։ Չի ստացվել, եւ, ճիշտն ասած, չի էլ ձգել։
– Աշխատանքի հետ կապված վերջին հարցը տամ։ Ձեր կարծիքով, քանի՞ տարի հետո Երեւանում կունենանք նույն պատկերը, ինչը կա եվրոպական քաղաքներում։ Նկատի ունեմ ո՛չ միայն ճանապարհների վիճակը, այլեւ երթեւեկությունը, գերծանրաբեռնված «մարշրուտկաները», պետավտոտեսուչ-վարորդ հարաբերությունները։
– Այդ հարցն ինձ շատ է մտահոգում, որովհետեւ երբեմն լավատեսությունս կորում է, ու մտածում եմ՝ միգուցե մենք այդ մակարդակին չհասնենք։
– Ինչո՞ւ։
– Որովհետեւ մեր մենթալիտետն է այդպիսին։ Կարգապահ չենք։ Օրինակ, կարմիր լույսի տակ կանգնել չեն սիրում մեր վարորդները։
– Իսկ միգուցե, մենթալիտետից բացի, այլ պատճառներ էլ կան։ Օրինակ՝ այն, որ պետավտոտեսուչը չի համարձակվում «գոլդ» համարներով մեքենայի վրա տուգանք գրել, իրեն պաշտպանված չի զգում։
– Դա էլ կա, բայց դա էլ է ինչ-որ տեղ կապվում մենթալիտետի հետ։ Բացի այդ, նորմալ երթեւեկություն ապահովելու համար մեծ ֆինանսներ են պետք։ Ամեն դեպքում՝ այդ խնդիրները հաղթահարելու համար ժամանակ է պետք։
– Դուք ինքներդ մեքենա վարել սիրո՞ւմ եք եւ ո՞ր մեքենաներին եք նախապատվություն տալիս։
– Անկեղծ ասած, անտարբեր եմ այդ հարցում։
– Բայց դա մի քիչ զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ ղեկավարել եք «Ավտովազը»։
– Դե՛, դա աշխատանք էր։ Այդ տարիներին ես շրջում էի ծառայողական մեքենայով՝ «Ժիգուլի 06» էր։ Իսկ հիմա որպես ծառայողական մեքենա օգտագործվում է իմ անձնական մեքենան։
– Պրն Մանուկյան, ասում են, որ նկարների սիրահար եք, մեծ հավաքածու ունեք։
– Այո։ Այդ հետաքրքրությունը գալիս է դեռ այն ժամանակվանից, երբ սովորում էի Լենինգրադում։ Օրեր էի անցկացնում Էրմիտաժում, գիտեի՝ որ նկարը որ սրահում է կախված։ Հիմա բավականին հարուստ հավաքածու ունեմ։ Երբ գնում եմ տուն, նայում եմ իմ նկարներին, հանգստանում ու նոր քնում։
– Նկարները գնո՞ւմ եք, թե՞ նվիրում են։
– Շատ ուրախ կլինեի, եթե նվիրեին։ Հիմնականում գնում եմ։
– Սակարկո՞ւմ եք։
– Երբեմն ստացվում է։ Չնայած նկարը սովորական ապրանք չի, որ սակարկես։ Պետք է հասկանաս ու գնահատես։ 1992-ին ծանոթներիցս մեկն ասաց՝ մի ընտանիք կա, սոցիալական վատ վիճակում են գտնվում եւ ուզում են իրենց տանից մի նկար վաճառեն։ Գնացինք, հոլանդացի մի նկարչի արած շատ լավ բնանկար էր։ 50 հազար ռուբլի էին ուզում։ Ես գումարը հանեցի եւ տալուց առաջ ասացի՝ ձեր նկարը շատ ավելի թանկ արժե։ Ասացին՝ որ էդպես է, չենք վաճառում։ Զարմացա, ասում եմ՝ բայց չէ՞ որ ես կարող էի չասել, վճարել 50 հազարն ու գնել նկարը։ Պատասխանեցին՝ դե հիմա ասացիք, եթե ավելի թանկ արժե, ուրեմն ավելի լավ է չվաճառենք։ Վերջում 350 հազար ռուբլի վճարեցի այդ նկարի համար։ Ես առիթների դեպքում նկար եմ նվիրում ու իմ ծանոթներին էլ հորդորում եմ, որ նկարներ գնեն։
– Բայց չէ՞ որ նկար գնելու համար մարդ պետք է սիրի, հասկանագ
– Դա էլ է կարեւոր, բայց կարելի է մյուս կողմից նայել՝ դա լավագույն ներդրումն է, որի արժեքը տարիների ընթացքում բազմաթիվ անգամ բարձրանում է։ 1978թ. Լենինգրադում 600 ռուբլով գնեցի Գ. Բաշինջաղյանի նկարներից մեկը, որը կոչվում էր «Լուսնյակ գիշեր»։ Այժմ այդ նկարը 1000 անգամ ավելի թանկ արժե։
Եվ վերջապես, նկար գնելով օգնում ենք մեր նկարիչներին։
Մի ժամանակ ես ամեն շաբաթ գնում էի Վերնիսաժ եւ նկարներ էի գնում։ Ոչ թե այդ նկարները տանելու էի կախեի իմ Սարյանի, Այվազովսկու կամ Ռեպինի կողքին, այլ նրա համար, որ մարդկանց մոտ գումար լինի՝ կարողանան գոնե վրձին ու կտավ գնել։ Որովհետեւ չի բացառվում, որ նույն Վերնիսաժում նկար վաճառող երիտասարդների միջից կարող են ծնվել Այվազովսկիներ ու Բաշինջաղյաններ։ Իսկ երկիրն առաջին հերթին արվեստով է ճանաչվում։ Այնպես որ, կարելի է ասել՝ ես ավելի շատ արվեստագետ եմ, քան տնտեսագետ։
Իսկ սա այն պատմությունն է, որը Անդրանիկ Մանուկյանը խոստացավ պատմել։ Դեպքը տեղի է ունեցել 1992-ին՝ պատերազմական գործողությունների ժամանակ։
«Ներմուծում» թշնամի երկրից
1990-ականների սկիզբն էր, երբ ղեկավարում էի «Ավտովազը»։ Ադրբեջանի հետ սահմանն արդեն փակ էր։ Ես կարծես զգում էի, որ շուտով աբխազական գիծն էլ է փակվելու, եւ 377 միլիոն ռուբլու՝ 446 վագոն պահեստամաս պատվիրեցի Ռուսաստանից, որպեսզի մինչեւ գծի փակվելը Հայաստան պահեստամաս մտցնեմ։ Ցավոք չհասցրեցի, 1992թ. հոկտեմբերին երկաթգիծը փակվեց։ Ես հայտնվեցի դժվար իրավիճակում։ Եթե չկարողանայի ապրանքը բերել, վերաբաշխում կանեին, կուղարկեին ուրիշներին։ Իսկ մենք մեծ գումարներ էինք ծախսել։ Հարկավոր էր ամեն գնով այդ հարցը լուծել, եւ որոշեցի ադրբեջանցիների հետ լեզու գտնել, Ադրբեջանի տարածքով վագոնները մտցնել Հայաստան։ Իսկ այդ ժամանակ պատերազմական գործողություններ էին գնում։ Իհարկե, դեպքեր լինում էին, երբ Ադրբեջանի տարածքով (Վրաստանի միջոցով) մեկ-երկու վագոն հնարավոր էր լինում Հայաստան հասցնել, բայց խոսքը գնում էր 446 վագոնի մասին։
Կապվեցի «Ավտովազի» տնօրեն Կադաննիկովի հետ, ներկայացրի խնդիրը։ Նրա խորհրդով գնացի Դաղստանի իմ գործընկերոջ՝ Ռուստամի մոտ, խնդրեցի օգնել, որ ցանկացած միջոցներով պահեստամասերը հասցնենք Հայաստան։ Նա իմ մոտից զանգահարեց մի ադրբեջանցու, ինչ-որ բաներ խոսեց ու հետո ինձ հարցրեց՝ ինձ հետ կգա՞ս Բաքու։ Ասացի՝ եթե քեզ հետ, կգամ։
Նստեցինք մեքենաներն ու շարժվեցինք։ Մինչեւ գնալը նա մոտիցս վերցրեց անձնագիրս ու մյուս փաստաթղթերը։ Հարցրեց՝ զենք ունե՞ս։ Իսկ ես այդ ժամանակ «Browning» ատրճանակ ունեի՝ կրելու թույլտվությամբ (թույլտվությունը Վանո Սիրադեղյանն էր տվել)։ Զենքը չտվեցի։
Ճանապարհին մի պահ փոշմանեցի, անգամ մտածում էի՝ մի պատճառ բռնեմ ու ետ դառնամ, բայց որոշեցի մինչեւ վերջ գնալ։
Հասանք մի կայարան՝ Ադրբեջանի տարածքում։ Ռուստամը դուրս եկավ մեքենայից, ես մնացի վարորդի հետ։ Ահավոր նյարդայնանում էի, կայարանի մոտ զինված ադրբեջանցիներ էին վազվզում, իսկ Ռուստամը չկար ու չկար։ Երկու-երեք ժամ սպասեցինք, ամեն րոպեն մի տարի էր թվում։ Ես այդ ժամանակ չէի ծխում, բայց վարորդից սիգարետ խնդրեցի ու սկսեցի ծխել։
Վերջապես Ռուստամը շենքից դուրս եկավ երկու հոգու հետ՝ մեկը մի պստիկ, կարճահասակ մարդ էր, մյուսը՝ մի հաստավիզ ադրբեջանցի։ Նրանց ուղեկցում էին չորս ավտոմատավորներ։ Ասացին՝ գնանք մի տեղ, մի կտոր հաց ուտենք։ Գնացինք, ու սեղանի շուրջ, վախը բթացնելու համար՝ հյութի բաժակով օղի էի խմում։ Լեզուս արդեն «փաթ» էր ընկում, բայց ուղեղս պայծառ աշխատում էր։ Ադրբեջանցիներին համոզում էի, թե՝ մենք բիզնեսմեն ենք, տարածներս զենք չի, պահեստամաս է, մենք իրար հետ վատ չենք եղել, եւ այլն։ Մի խոսքով, համաձայնության եկանք։ Հաստավիզ թուրքն անգամ կենացս խմեց՝ համարձակությանս համար, ու վերջում ավելացրեց. «ե նադո բիլո վոդկու զապիվատ վոդկոյ. Տի ու նաս գոստ, մի տեբյա նե տրոնեմ»։
Հետո ասաց՝ մենք քեզ մեր մեքենայով կհասցնենք մինչեւ սահման։ Իրենց մեքենայով գնում էինք, ու չնայած խոսում, պայմանավորվում էինք՝ ինչը ոնց ենք անելու, բայց վախը էլի սրտումս էր։ Րոպեն մեկ ետ էի նայում, որ համոզվեմ՝ Ռուստամը ետեւիցս գալիս է։
Մի խոսքով, եկանք-հասանք սահման, ու իրենք գնացին։ Ես նստեցի Ռուստամի մեքենայի մեջ ու անջատվեցի։ Չեմ հիշում, թե նա ինձ ինչպես է իրենց տուն տարել, քնեցրելգ Հետո առավոտյան եկավ ու պատմում էր, թե ինչքան էր իմ համար անհանգստացել։ Ասում էր՝ քեզ էնպես էիր պահում, կարծես իրենք քո մոտ եկած լինեին, գոռում էիր վրաներըգ Ես չէի հիշում։ Իսկ հետո, երբ գնացի լվացվելու, տեսա՝ քունքերս սպիտակել ենգ
Իսկ այդ «հաստավիզ թուրքը», ինչպես հետո պարզվեց, իրականում կիսով չափ հայ էր, անունն էլ՝ Աշոտ։ Նա այդ կողմերի «ռեկետյորների» շեֆն էր, մեծ հեղինակություն ուներ։ Վագոնները տեղ հասան, իսկ նա իր ծառայության դիմաց փող էլ չվերցրեց։ Մինչեւ 1997-ը հետը կապ էի պաշտպանում, հետո չիմացա՝ ինչ եղավ՝ երեւի սպանեցին…