Օրերս կայացել է Հայաստանում հայ-ռուս-իրանական համագործակցությամբ նավթազտարանի կառուցման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, որ նավթազտարանի կառուցման նախագիծը բաժանվել է 2 մասի` ենթակառուցվածքների ստեղծում եւ զուտ նավթազտարանի կառուցում: Այժմ քննարկվում են Իրան-Հայաստան նավթամթերքների խողովակաշարի եւ տերմինալի կառուցման խնդիրները, «այսինքն` նավթազտարանի մի հանգույցի կառուցումն արդեն տեխնիկական քննարկման փուլում է»: Ա. Մովսիսյանի հավաստմամբ` աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման համար, որը նախատեսվում է հոկտեմբերի վերջին, արդեն կլինեն կոնկրետ գնահատականներ եւ առաջարկներ աշխատանքների կոնկրետ այս փուլի համար: Նավթազտարանի կառուցման տեղը եւս քննարկվում է, եւ փորձ է արվում այն կառուցել որքան հնարավոր է մայրաքաղաքին մոտիկ: Կառուցման տեղի նախնական տարբերակը Երասխն է: Թավրիզում գործող նավթազտարանի հզորությունների մի քանի անգամ ավելացումն, ըստ Ա. Մովսիսյանի` չի կարող բացասաբար անդրադառնալ այս ծրագրի վրա, քանի որ այդպիսով Իրանի նավթամթերքի դեֆիցիտը դեռեւս չի լրացվում: