Իհարկե, Հիտլերը արյունոտ դահիճ էր, Ստալինը՝ նույնպես։ Միասին նրանք
սպանել են ավելի քան 50 միլիոն մարդու, որոնցից մոտ 7 միլիոնը հրեաներ
էին։ Նրանք յուրովի էին հետապնդում այդ ազգին, եւ հրեաները փրկություն
չունեին։
1930-40-ականներին ազգային հատկանիշով հրեաներին հետապնդելը միջազգայնորեն
ճանաչված փաստ է։ Այդ սարսափը կոչվում է Հոլոքոսթ, եւ ամբողջ աշխարհն է
արդարացի ուշադրությամբ հետեւում, որպեսզի հրեաների նկատմամբ նոր
հետապնդումներ թույլ չտրվեն։
Բայց արյունոտ դահիճներ Հիտլերն ու Ստալինն ազգությամբ թուրք նախնիներ
ունեին։ Նրանք Առաջին աշխարհամարտի սկզբին որոշեցին, որ հայերը չափից շատ
լավ են ապրում բռնակալությունից նոր-նոր ազատագրված, երիտասարդ
Թուրքիայում։ Բռնակալությանը հաղթողների կուսակցությունն այդպես էլ
կոչվում էր՝ երիտթուրքեր։
Որոշ հայեր, իսկապես, վատ չէին ապրում։ Նրանք կազմում էին Թուրքիայի
ֆինանսական եւ մշակութային վերնախավը, նախագծում ու կառուցում էին
պալատներ թուրքական երիտասարդ գեներալների համար, մթերք ու զենք էին
մատակարարում թուրքական բանակին, բայց եւ մի քիչ լրտեսում էին հօգուտ
քրիստոնեական տերությունների։ Իսկ գլխավորապես նրանք ապրում էին
գյուղերում ու փոքր քաղաքներում, մշակում հայրենի հողը։ Հայրենի,
որովհետեւ այդ հողը թուրքական էր դարձել 20-րդ դարի սկզբից մոտ 500-700
տարի առաջ, իսկ հայկական եղել էր միշտ։
Թուրքիայի հայկական տարածքներում ապրում էր մոտ երեք միլիոն հայ։ Թուրքերը
նրանց անբարեհույս հայտարարեցին եւ առաջարկեցին՝ տուն ու տեղ թողնելով,
հեռանալ հատուկ հսկողության տակ գտնվող շրջաններ, ուր նրանք ապրելու էին
բաց երկնքի տակ։
Հայերը հիմնականում ենթարկվեցին այս պահանջին, քանի որ նրանց, ովքեր
փորձում էին առարկել, թուրքերը պարզապես սպանում էին։ Իհարկե, կա
հերոսական ինքնապաշտպանության օրինակ։ Մուսա լեռան շրջակայքի հինգ գյուղի
բնակիչներ, թուրքական բանակի նախկին հայ գեներալի գլխավորությամբ,
քառասուն օր պաշտպանվեցին, եւ կորցնելով բնակչության երկու երրորդին,
փրկվեցին, երբ օգնության հասան ֆրանսիական ու անգլիական նավերը։
Բայց այս հուզիչ պատմությունը մնաց եզակի։ Հայերի մեջ զինվորները շատ
չէին։ Բազմազավակ գյուղացի ընտանիքները թուրքական զինյալ ուժերին
հակադրելու բան չունեին։
1915-ն ահավոր տարի էր հայերի համար։ Ամբողջ Արեւմտյան Հայաստանի տարածքից
թուրքերը հայերին հավաքեցին մեծ ռեզերվացիաներում։ Ծերերը, երեխաները, հղի
կանայք քայլում էին անապատներում, ճանապարհին վերջանում էր հացն ու ջուրը։
Եվ այս ամենը կատարվում էր համաշխարհային հանրության աչքի առջեւ։
Գերմանիան՝ Առաջին աշխարհամարտում լինելով Թուրքիայի դաշնակիցը, սպառնում
էր դատապարտել այդ երկրում կատարվող տեղահանությունները։ Իսկ ռուսները, որ
նկարագրված իրադարձություններից ոչ շատ առաջ հայերին վերցրել էին իրենց
թեւի տակ, փախչողների համար բազմաթիվ արգելքներ էին ստեղծում, թեեւ
Թուրքիան Ռուսաստանի հակառակորդն էր։ Արեւմտահայերից քչերին հաջողվեց
փրկվել Ռուսաստանում։
Պետք է անպայման նշեմ, որ Գրիբոյեդովի ժամանակներից հայերը դաշնակցում էին
ռուսների հետ բոլոր արեւելյան գործերում։ Ազգային առանձնահատկությունների
եւ Արեւելքում լայն սփռվածության շնորհիվ հայերը բավական հաջող ծառայում
էին Ռուսական կայսրության գաղտնի եւ պաշտոնական քաղաքականությանը։
Հետաքրքիր է, որ այսօր էլ ազգի կեսի ոչնչացումը համաշխարհային
հանրությունը պաշտոնապես չի որակում ցեղասպանություն։ Պոլ Պոտը, որ
կամբոջացիների մեկ երրորդին է վերացրել, ռազմական հանցագործ ու արյունոտ
դահիճ է, իսկ երիտթուրքերը, ովքեր կոտորել են հայերի կեսին, այդպիսին չեն
համարվում։ Միայն Ֆրանսիան, որտեղ պատմականորեն ուժեղ է հայկական
սփյուռքը, Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն է ճանաչել։ Ոչ ԱՄՆ-ը,
ոչ Եվրամիությունը եւ ոչ էլ Ռուսաստանը չեն ճանաչել։
Եվ անցած տարի, երբ Բրյուսելում թուրքական գրեթե հազարամյա ժամանակաշրջան
ընդգրկող ցուցահանդես բացվեց՝ նվիրված Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու
ձգտումներին, ամբողջ աշխարհի հայությունը ցնցվեց՝ պարզելով, որ թուրքական
հողի պատմության մեջ հայություն գոյություն չունի ոչ մի կերպ՝ ոչ
մշակութային, ոչ քաղաքական եւ ոչ կրոնական ասպարեզներում։
Սկզբունքորեն տրամաբանական է։ Թուրքերը մաքրել են հայերին իրենց հողից։
«Գազետա.ռու», 19.04.2005 թ.