Ինչո՞ւ ենք մենք արտաքինով ու բնավորությամբ նման մեր ծնողներին, կամ որտեղի՞ց են ինչ-որ հիվանդություններ դառնում, այսպես ասած` ընտանեկան, հատկապես մեր ո՞ր հատկանիշներն են ժառանգաբար անցնում մեր երեխաներին: Զարմանալի է, բայց մարդկային կյանքի գաղտնիքն ամփոփվում է մի բանի մեջ, որը մասնագետներն անվանում են ԴՆԹ` դեզօքսիռիբոնուկլեինաթթու: Հենց այստեղ են թաքնված ընտանեկան փոքր ու մեծ գաղտնիքները: Բույսերի եւ կենդանիների բոլոր տեսակները միմյանցից տարբերվում են քրոմոսոմներով: Հատկանիշները սերունդներին փոխանցվում են հենց քրոմոսոմների միջոցով: Դրանք գտնվում են բջիջների կորիզների ներսում, եւ յուրաքանչյուր բջիջ լիակատար տեղեկություն է կրում ամբողջ օրգանիզմի կառուցվածքի մասին: Քրոմոսոմներից յուրաքանչյուրն ունի իր զույգը` մայրական եւ հայրական: Մարդկանց քրոմոսոմները 46-ն են, որ կազմում են 23 զույգ: Իսկ ահա քրոմոսոմն էլ բաղկացած է գեներից, որոնցում էլ պարփակված է ժառանգական հատկանիշների մասին տեղեկությունը: Գեներում «գրված է», թե ինչպիսին է լինելու երեխայի մազերի ու աչքերի գույնը, ինչպես նաեւ՝ շատ հատկանիշներ: Նույն հատկանիշը հսկող գեները զույգ են կազմում, այսինքն` յուրաքանչյուր հատկանիշ որոշվում է 2 գենով: Ավելի բարդ հատկանիշները, օրինակ՝ մարդու մարմնի կառուցվածքը, որոշվում են շատ գեների համատեղ գործունեությամբ: Իսկ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են բնավորությունն ու մտավոր ընդունակությունները, չի կարելի բացատրել միայն ժառանգականության կանոններով: Որովհետեւ մարդու համար, ողջ կյանքի ընթացքում, բացի ժառանգականությունից, մեծ դեր է խաղում նաեւ արտաքին միջավայրի ազդեցությունը: Հենց շրջապատից է կախված` կարտահայտվե՞ն արդյոք մեր հակումները, թե՞ ոչ եւ, եթե այո, ապա ի՞նչ կերպ: Իսկ ահա մի քանի հիվանդություններ, որոնց բնորոշ են պահվածքի խանգարումները, փոխանցվում են ժառանգաբար, օրինակ` հակվածությունը դեպրեսիաների կամ մտավոր ուշ զարգացման դեպքերը կապված են հիվանդ X քրոմոսոմի հետ:
Գեները, որ մենք ժառանգել ենք մեր ծնողներից, առողջության հարցում վճռորոշ դեր կարող են ունենալ, մնացածը կախված է կենսակերպից: Չէ՞որ հենց կենսակերպից է կախված, թե ժառանգություն ստացած ո՞ր գենետիկական հատկությունը կարող է արտահայտվել, այդ թվում եւ՝ հիվանդություններին հակված լինելը: Հուսով ենք` մոտ ապագայում մասնագետները կկարողանան որոշել մարդկանց այս կամ այն հիվանդության հանդեպ հակումներն ու նախատրամադրվածությունները, որը կոչվում է՝ մինչկլինիկական բժշկություն: Այդ ժամանակ մեր օրգանիզմի թույլ կողմերի մասին մենք կիմանանք ծննդյան իսկ օրից: