Երեկ կառավարությունում տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Քննարկվել է 2008թ. հունվարին պետական հանձնաժողովի կողմից հաստատված 1988թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը: Ծրագրի միջոցառումների կատարման համար պատասխանատու ՀՀ մշակույթի, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության նախարարները, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզպետները, համապատասխան գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են, որ շուրջ հինգ տասնյակ միջոցառումներ ընդգրկող ծրագրի մի մասն արդեն իսկ իրականացվել է 2008թ. անցած ամիսների ընթացքում, մյուսները` ընթացքի մեջ են ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես, երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հաշվառման եւ նրանց բնակարանային ապահովման ծրագրի մշակման հարցի վերաբերյալ նշվել է, որ ընդունվել է համապատասխան հայեցակարգ եւ ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ, ճշգրտվել է Տավուշում, Շիրակում, Գյումրիում եւ աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների ցանկը: «Բնակարանային ապահովում` բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) ծրագրի» միջոցով 2008թ. պետական բյուջեով նախատեսված 815 մլն դրամից արդեն իսկ տրամադրվել է 500 մլն-ը: Զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված որոշակի աշխատանքներ են կատարվել աղետի գոտու բնակավայրերում կրթօջախների, ճանապարհների, կամուրջների վերականգնման եւ կառուցման, համայնքային կենտրոնների, մշակույթի տների եւ բուժհաստատությունների վերանորոգման ուղղությամբ: Արդեն իսկ ավարտվել են Ստեփանավան քաղաքի մշակույթի պալատի շենքի շինարարության, Սառնաղբյուր համայնքի մշակույթի տան շենքի վերանորոգման, Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհահատվածի հիմնանորոգման, Հաղարծին գյուղի մոտ Աղստեւ գետի վրա կամրջի կառուցման աշխատանքները: Մայիսին Լոռու եւ Շիրակի մարզերի գրադարաններում անց են կացվել գրական բաց դասեր, հուլիսին՝ Շիրակի մարզում` ազգային պարի փառատոն, երիտասարդ ստեղծագործողների, կատարողների «Դեբյուտ» ստուգատես: Լոռու մարզում կազմակերպվել են նաեւ ազգային խաղերի մրցույթներ եւ այլն: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է` միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ հասարակությանն առավել ամբողջական իրազեկման նպատակով, նախապատրաստել նաեւ աշխատանքների կատարման ընթացքի մասին միջանկյալ հաշվետվություն եւ ներկայացնել լայն հանրությանը:
Իսկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հանձնարարվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել եւ ամբողջացնել դեկտեմբերին նախատեսվող միջոցառումները: ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է նաեւ հանձնաժողովի հաջորդ նիստին ներկայացնել ծրագրով նախատեսված աղետի գոտում կազմակերպվելիք ներդրումների խրախուսմանն ուղղված գործարար համաժողովի օրակարգը: Հանձնաժողովը քննարկել է երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ հրավիրվողների ցուցակի ճշգրտման խնդիրը եւս: Ցուցակի կազմման պատասխանատու է նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի Տարածքային զարգացման եւ բնապահպանական վարչության պետ Կարեն Մարգարյանը: