Պարտություն պաշտպանությամբ կամ պարտության պաշտպանությունը

13/09/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ես ֆուտբոլասեր չեմ, սակայն երբեմն ֆուտբոլը դուրս է գալիս սպորտային շրջանակներից եւ ավելի մեծ դերակատարության հավակնում. այդ ժամանակ ֆուտբոլը դառնում է ավելին, քան է՛, եւ հասարակության ուշադրությունը բեւեռվում է նրա վրա նաեւ այլ առումով։

Այդպես եղավ Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, երբ սպորտը կանխավ քաղաքական երանգներ էր ստանում, իսկ քաղաքականությունը մեղմվում սպորտային հանգամանքով։ Մեկը մյուսով հավասարակշռելով, սպորտն ու քաղաքականությունը ջանում էին լիցքաթափել հայ-թուրքական լարված հարաբերությունները, եւ հայ հանդիսատեսն ու քաղաքացին էլ ակնկալում էին արժանապատվության նժարի հավասարակշռություն, սակայն այլ բան է ակնկալիքն ու ցանկությունը, այլ բան՝ այն իրագործելը։ Այս ընթացքում, կարծես, ամեն ինչ քննարկվում էր՝ սկսած հանրապետության նախագահի առաջարկությունից, այդ առաջարկությունն ընդունելու կերպից մինչեւ հայ հանդիսատեսի պահվածքն ու մարզիկների համազգեստը: Չէր քննարկվում ու լուսաբանվում ամենակարեւորը՝ ով եւ ինչպես, ինչ հոգեբանությամբ է մարզում մեր ֆուտբոլիստներին: Այսինքն՝ ֆուտբոլը սկզբից եւեթ երկրորդական դերում էր։ Հաղթության փիլիսոփայությունն այն էր, որ շատ էր խոսվում դրա մասին, եւ դրանով ու սոսկ հաղթելու ցանկությամբ էլ պայմանավորվում էր հաղթության կամքը, հաշվի չառնելով նաեւ, որ հաղթության նույն կամքով էլ առաջնորդվում է հակառակորդ թիմը: Սա նման է շախմատի տախտակին միագույն ֆիգուրներով մեկ մարդու խաղի հաղթանակի փիլիսոփայությանը՝ կանխավ տեսադաշտից ջնջելով հակառակորդին, գրանցել երեւութական հաղթանակ։ Այս երեւութական հաղթանակը գրանցել էր հայ երկրպագուն, սակայն չէր գրանցել թիմի մարզիչը, որը խաղավարտից հետո պարզ ասաց, թե չպետք է մոռանալ, որ Թուրքիայի հավաքականը Եվրոպայում երրորդն է (այս տրամաբանությամբ Հայաստանն ընդհանրապես հավաքական չպիտի ունենա, քանի որ Եվրոպայում շատ թիմեր կան, որոնց հետ խաղն արդեն իսկ պարտություն է մեր թիմի համար, եւ նրանց հետ խաղից առաջ հարկավոր է գնալ ոչ միայն հոգեբանի, այլեւ վախ չափողի մոտ)։ Թուրքական թիմի ուժեղ լինելու եւ սեփական վախի տրամաբանությամբ էլ սույն մարզիչն արդեն իսկ պարտություն էր գրանցել սեփական թիմին, երբ դուրս էր բերել խաղադաշտ: Սա, կարծես, ոչ թե հավաքականի, այլ տարբեր բակերից հավաքված տղաների մարզում էր ընդամենը եւ ոչ խաղ, որը հավակնություն ուներ նաեւ դերակատարություն ունենալ քաղաքական դաշտում։

Ինչքան ինձ բախտ է վիճակվել այս կամ այն առիթով դիտել հայ ֆուտբոլիստների խաղը, այն տպավորությունն եմ ստացել, որ հակառակորդի թիմը քանակով միշտ ավելի շատ է, քան մերը, քանի որ խաղադաշտում ամենուր նրանք են՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գոտում, թե՛ կենտրոնում։ Մեր թիմը երբեք չի կարողացել հավասարակշռություն պահպանել տարբեր գոտիներում միաժամանակ, եւ, հավաքվելով մի կետում՝ ո՛չ այդ կետում հավաքվելու խնդիրն է լուծել, ո՛չ էլ ընդհանրապես որեւէ խնդիր։ Զուտ հարձակողական կամ զուտ պաշտպանողական խաղ չի լինում. նման մոտեցումը երկու դեպքում էլ հանգեցնում է պարտության, ավելի թույլ հակառակորդի հետ՝ լավագույնս ոչ-ոքիի։ Ինչպես շախմատի դաշտում, նույնպես եւ ֆուտբոլի, յուրաքանչյուր խաղացող իր տեղն ու դերը պետք է ունենա, այլապես, ինչպես հայկական ֆուտբոլում, 11 խաղացող կարող են վերածվել 4-5-ի, այսինքն՝ լինելով խաղադաշտում, ֆիգուրի կորուստ ունենալ։ Պետք է նկատել, որ հակառակորդ թիմի դեպքում ճիշտ հակառակն է. երբեմն բացակայող կամ պահեստային նստարանին սպասող ֆուտբոլիստն ավելի՛ ներկա է դաշտում, քան մեր ներկա խաղացողը, եւ հոգեբանորեն նա՛ է խաղն առաջ տանողը, ինչպես Թուրքիայի հավաքականի դեպքում, որից բացակայում էին նրա առանցքային երկու ուժեղ մարզիկները։

Պարտությունն արդարացնելն ամենեւին էլ պարտության բնույթը չի փոխում: Պարտությունը մնում է պարտություն, թեեւ՝ պարտություն էլ կա, պարտություն էլ: Խոսքը գոլ խփել կամ չխփելու մասին չէ, այլ գրագետ խաղի: Այդ դեպքում պարտությունն արդարացնելու կարիք էլ չկա: Պարզ է, որ խաղում հաղթում է թիմերից մեկը, որը կարող է եւ լինել հակառակորդը: Կարեւորն այստեղ դաշտից հեռանալու տրամադրությունն է, այն, որ պարտվող թիմը դաշտից հեռանա հաղթության համար ամեն ինչ արածի գիտակցությամբ եւ գլուխը բարձր՝ սեղմի հաղթողի ձեռքը։ Մեր թիմի պարտությունը սոսկ մեկ «արդարացում» ուներ, այն է՝ հակառակորդի ուժեղ լինելը, եւ մի շարք «արդարացումներ» հաղթության հասնելու: Այն, որ խաղը սեփական դաշտում էր, եւ ինքը պետք է լիներ խաղի կանոնները թելադրողը, որ երկրպագուներն ամեն ինչ անում էին նրան ոգեւորելու համար, որ ամիսներ շարունակ հասարակության ուշադրության կենտրոնում էին եւ բավականին ժամանակ ունեին մարզվելու եւ հակառակորդ թիմին ճանաչելու, որ խաղը ոչ միայն սպորտային, այլեւ ազգային պատվախնդրություն ուներ: Ցավոք, այս բոլոր «արդարացումների» մեջ հաղթեց պարտվողի «արդարացումը»։ Իսկ եթե դատելու լինենք մեր թիմի փիլիսոփայությամբ, տվյալ պարագայում հակառակորդ թիմը հոգեբանորեն ավելի ճնշված պիտի լիներ, քան մերը: Նրանք խաղում էին օտար դաշտում, պահանջատիրության մթնոլորտում եւ չունեին այնքան երկրպագու, որքան մենք, եւ նրանց սակավաթիվ երկրպագուներն այնքան ազատ չէին, քան մերը, սակայն ակնհայտ է նաեւ, որ բոլոր տեսակի արդարացումներն ի չիք են դառնում պրոֆեսիոնալիզմի առկայությամբ։ Նրանք հաղթեցին ոչ թե հոգեբանությամբ, այլ պրոֆեսիոնալիզմով, որն էլ իր հերթին հաղթեց առաջին խաղակեսի նրանց թվացյալ շփոթվածությանն ու հոգեբանական ճնշվածությանը։

Քաղաքակիրթ աշխարհում սոսկ քաղաքական հաղթանակներ չեն լինում. քաղաքականությունն արժեւորվում է այլ արժեքներով, որ դրսեւորվում են այս կամ այն ասպարեզներում՝ սպորտ, մշակույթ, գիտություն ու կրթություն: Նայած, թե որքան է տվյալ երկրի հաշվեկշիռը համաշխարհային ձեռքբերումներում, ըստ այդմ էլ տվյալ երկիրը կարող է զբաղեցնել համաշխարհային հանրության ուշադրությունը եւ լուծել սեփական կնճռոտ հարցերն իր օգտին։ Այն, որ սույն գիտակցությունը մեզանում չկա եւ չի լինելու, կարելի է դատել կառավարության խոստացած ու մինչ այժմ այնպես էլ չբարձրացվող գիտնականի ստորագույն եւ ստորացուցիչ աշխատավարձի փաստով, եւ այնպես, ինչպես ֆուտբոլը պարտություն կրեց սեփական դաշտում, նույն ցավալի պարտությունը սպասվում է մեր քաղաքականությանը, քանի որ հենց քաղաքականության թուլությունն էլ պատճառ դարձավ ֆուտբոլային պարտության, ու այդպես կշարունակվի այնքան, քանի դեռ մեզանում չեն հասկացել, որ առանց պրոֆեսիոնալիզմի ու առանց պրոֆեսիոնալի մասնակցության ոչ մի հաղթանակ չի գրանցվում, իսկ քաղաքական դաշտում պրոֆեսիոնալները հենց գիտնականներն են, ովքեր ոչ թե զգացմունքներով, այլ փաստերով պետք է գրանցեն մեր հաղթությունը, այլապես Հայաստանին սպառնում է ֆուտբոլի սեփական հավաքականի տխուր հեռանկարը, այն է՝ ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա փոխանցումներում անպաշտպան դարպասի դերը։