Lռության մատնված ցեղասպանություն

02/06/2005 Իլիաս ԳԵՎՈՐԳ ՈՒՅԱՐ

20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ է դարձել մեկ ու կես միլիոն հայ:
Այդ պատճառով, Ցեղասպանության Հիշատակի օրը մեզ` հայերիս համար ոչ միայն
սգո, այլ նաեւ անզորության օր է: Հայ ժողովրդի զոհերի տառապանքների մասին
միջազգային հասարակայնությունն արագ մոռացավ: «Մարդկության եւ
քաղաքակրթության դեմ ոճրագործության» մասին պատմության մեջ առաջին անգամ
խոսվել է կապված հայերի սպանության հետ: Մտքի խորքում հայկական
ողբերգությունը` Ցեղասպանության համաձայնագրի նախահայր Ռաֆայել Լեմկինը
որպես առաջին օրինակ բերում է Հայոց ցեղասպանությունը:
Ցեղասպանության հիշատակի 90-ամյա տարելիցի օրը մենք` վերապրածների
հետնորդներս, դեռեւս ստիպված ենք պայքարել մոռացության, լռության ու
ժխտման դեմ: Մեր ժամանակների առաջին ցեղասպանության զոհերի հետ միասին
մահացավ նաեւ հայոց լեզվի, հայ ինքնության, հայ մշակույթի մի հատված: Այդ
տառապանքը, անպատկերացնելի տանջանքները եւ անասելի դաժանությունը մենք`
հայերս, 90 տարի շարունակ կրում ենք մեզ հետ:
Կորստի ցավն առ այսօր չի մեղմացել: Օսմանյան Թուրքիայի եւ ժամանակակից
հանրապետության միջեւ պորտալարն ամենեւին էլ դեռ չի անջատվել: Առայսօր դեռ
ոչ մի թուրքական կառավարություն չի խոստովանել հայերի նկատմամբ գործած
ցեղասպանությունը: Արգելք դնելով, սպառնալիքներով ու ժխտումով նրանք
ուզում են ծածկել թուրքական պատմության մութ էջերը: Իշխանական բոլոր
լծակներով փորձ է արվում ազգային հիշողությունից արմատախիլ անել հայ
ազգաբնակչության մասին մնացած վերջին հիշողությունները։ Անատոլիայում
մզկիթների են վերածվում, պարբերաբար ավերվում կամ քայքայման մատնվում
հարյուրամյակների հնություն ունեցող հայկական եկեղեցիները: Այլեւս ոչինչ
չպետք է հիշեցնի երբեմնի հայ բնակիչների մասին: Համատարած թուրքականացվել
են հայկական տեղանունները: Հայաստանը վտարված է դպրոցական դասագրքերից.
դեռեւս 80-ական թվականներին Կրթության նախարարությունն ուներ համապատասխան
հրամանագիր: Պատմության ատլասներում թուրք աշակերտներն այսօր ապարդյուն են
որոնում հայերին: Թվում է` նրանք չկան, եւ ոչ էլ նրանց նկատմամբ
ցեղասպանություն է եղել:
Երբ թուրք երեխաները բացում են իրենց պատմության դասագրքերը, կարդում են
այսպիսի տողեր. «Վանի նահանգապետը թուրքերին էվակուացրեց, որպեսզի նրանք
պաշտպանված լինեն հայկական բարբարոսություններից: Այդ թուրքերից շատերը
սպանվեցին հայերի կողմից»։ Այդ դասագրքերը տպագրվել են 2003 թվականի
աշնանը եւ պետք է կիրառվեն նաեւ Թուրքիայի հայկական մասնավոր դպրոցներում:
Այժմեական մրցույթներից մեկում թուրք դպրոցականները պետք է շարադրություն
գրեն ընդդեմ «այսպես կոչված Հայոց ցեղասպանության»: Ով համարձակվում է
անթաքույց արտահայտվել հայերի նկատմամբ Ցեղասպանության վրա դրված ազգային
տաբուի դեմ, քրեորեն հետապնդվում է կամ էլ` հասարակական դատաստանի
արժանանում, ինչպես դա վերջերս երեւաց թուրք գրող Օրհան Պամուկի դեպքում:
Հայերի նկատմամբ ցեղասպանության ժխտումը չի սահմանափակվում Թուրքիայով, դա
կատարվում է նաեւ արտասահմանում: Եվրոպայի ոչ մի այլ երկրում Հայոց
ցեղասպանության ռեւիզիոնիստները չեն կարող գործել այնպես՝ ինչպես
Գերմանիայում: Թուրքական ընկերություններն ու միություններն ընդունել են
Անկարայի կեցվածքը եւ փորձում են այն իրականացնել նաեւ Գերմանիայում:
Միջոցառումների կազմակերպիչները եւ ժողովրդի ներկայացուցիչները ենթարկվում
են մեծ ճնշումների, երբ խոսքը վերաբերում է «հայկական պրոբլեմին», ինչպես
դա անվանվում է ռեւիզիայի ցինիկ բառապաշարում: Շարունակաբար մատնանշվում է
այստեղ ապրող թուրք ազգաբնակչության դժկամությունն ու քվեների ներուժը,
որպեսզի կասեցվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային բանավեճը:
Իսկ Դաշնային կառավարության կեցվա՞ծքը: «Դաշնային կառավարությունը
ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ծառայում են 1915-1917
թվականների ողբերգական իրադարձությունների վերանայմանը: Այդ
ուսումնասիրության արդյունքների գնահատումը պետք է ձեռնարկեն պատմաբաններն
ու միջազգային իրավունքի մասնագետները: Ըստ որում, պետք է ուշադրություն
դարձնել այն բանի վրա, որ վերքերը ոչ թե բացվեն, այլ` ապաքինվեն»:
Այսպիսին է Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման վերաբերյալ
դիրքորոշումը Գերմանիայում 2003 թվականի փետրվարի դրությամբ: Արդյոք
պատմաբաններին ու միջազգային իրավունքի մասնագետներին վկայակոչելով փորձ
չի՞ արվում համոզել, թե ցեղասպանության մեղադրանքը պարզապես հայերի թեզն
է, որի ճշմարտացիությունը նախ անհրաժեշտ է ստուգել: Այդ ինչպե՞ս է, որ ի
գիտություն չի ընդունվում այն, որ Ցեղասպանության համար պատասխանատուների
նկատմամբ 1919 թվականին Օսմանյան մի դատարանում դատավարություն է
իրականացվել, եւ գլխավոր հանցագործները մահվան են դատապարտվել: Այս
դատավճիռները, սակայն, անհետեւանք են մնացել, քանի որ գերմանացի
զինակիցների օգնությամբ պատասխանատուները ժամանակին կարողացել են ապահով
տեղ գտնել:
Մի՞թե գերմանացի քաղաքական գործիչները տեղյակ չեն եղել, որ ճանաչված
International Center for Transnational Justice (ICTJ) կազմակերպությունը
ներկայացրել է մի գնահատական, որում իրավաբաններն այն եզրահանգմանն են
եկել, որ Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացումը ցեղասպանության
հանցակազմի մասով համապատասխանում է Ցեղասպանության վերաբերյալ
համաձայնագրին: Հայոց ցեղասպանության շարունակվող ժխտումը եւ մշտապես
կասկածի տակ առնելը միջազգային հայտնի պատմաբանների համար առիթ է
հանդիսացել 1998 թվականին (Ցեղասպանության մասին համաձայնագրի
հրապարակումից 50 տարի անց) հաստատել, որ «թուրքական կառավարության կողմից
հայերի ոչնչացումը Ցեղասպանություն է` համաձայն 1948թ. ընդունված
Ցեղասպանության մասին համաձայնագրի դրույթների»:
Ազգերի մշտական տրիբունալը, միջազգային շատ կազմակերպություններ եւ
Ազգային խորհրդարաններ, այդ թվում՝ նաեւ Եվրոպայի շատ պետություններ
պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանությունը: Նույնիսկ Գերմանական Բունդեսթագի
գիտական ծառայությունն է 2000թ. ապրիլյան իր գնահատականներից մեկում եկել
աներկբա մի եզրակացության. «1915 թվականի ցեղասպանությունը շատ առումներով
արդեն իսկ կրկնել էր զանգվածային ոչնչացման այն մեթոդները, որոնք տարիներ
անց կիրառել են գերմանացի նացիոնալ-սոցիալիստները»: Լեհաստանի վրա
հարձակվելուց առաջ` 1939թ. օգոստոսի 22-ին, Հիտլերը բարձրաստիճան
սպայակազմի առաջ արտասանած մի ճառում, որպեսզի ցրի «սլավոնական ցածրակարգ
մարդուն» ոչնչացնելու հետ կապված նրանց կասկածները, վկայակոչում է աշխարհի
խղճի մոռացկոտությունը. «Իսկ ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

Անտանելի չէ՞ արդյոք, եթե պասիվությունը լինի Հայոց ցեղասպանության
հարցում Գերմանիայի պաշտոնական կեցվածքի Հաստատուն Մեծությունը: Այս բանը
կհակասեր գերմանական հետպատերազմյան կենսափորձին: Քանի որ վերջինիս բնորոշ
են ոչ թե քողարկումն ու տաբու դարձնելը, այլ` խոստովանության միջոցով
նացիոնալ-սոցիալիզմի զոհերին եւ նրանց հետնորդներին հարգելը, եկող
սերունդներին Գերմանիայի անունից գործած անարդարության հարցում
զգայնացնելը:
Ոչ թե ժխտմամբ, այլ` պատճառած տառապանքի հստակ ճանաչմամբ միայն կարող են
բուժվել հայկական վերքերը: Կցանկանայի, որ ես պատկանեի վերջին սերնդին,
որը դեռ ստիպված է տառապել ժխտման քաղաքականությունից, եւ, որ գերմանական
ու թուրքական դպրոցներում խոսվի հայ զոհերի ճակատագրի մասին: Վաղուց արդեն
ժամանակն է, որ Գերմանական Բունդեսթագը հայերի կոտորածը ճանաչի որպես
ցեղասպանություն:

«Զյուդդոյչե ցայտունգ», 26.04.2005թ.