Մեկ անուն-ազգանուն, որ պատկանում է միանգամից երկու տաղանդավոր մարդու: Նրանցից մեկն այսօր ողջ է եւ շարունակում է իր բիզնեսը հզորացնել կինոթատրոնների ասպարեզում, իսկ մյուսը, թեպետեւ մահացավ 63 տարեկան հասակում, սակայն նրա դիզայներական եւ գովազդային աշխատանքները մինչեւ օրս, որպես օրինակ, բերվում են մասնագիտական գրականության մեջ: Նրանք երկուսն էլ նույն դարաշրջանի մարդիկ են, սակայն ապրել ու ապրում են տարբեր ժամանակահատվածներում (մեկը ծնվել է 1914-ին, իսկ մյուսը՝ 1945-ի): Ծնվել են միեւնույն երկրում՝ ԱՄՆ-ում, սակայն դրա տարբեր հատվածներում (մեկը՝ Քոնեքթիքութ, իսկ մյուսը՝ Կալիֆոռնիա նահանգում) ու երկուսն էլ, մեկը մյուսից անկախ, Ջորջ Քրիքորյան են:
Անկեղծ ասած, դժվար էր կողմնորոշվել եւ ընտրել հենց այն մեկին, ում մասին պետք է գրեինք այս անգամ: Պեղումների ընթացքում պարզ դարձավ, որ անհնար է դատել, թե այս երկուսից ով է առավել հետաքրքիր, ուստի որոշեցինք այդ գործը թողնել ձեզ եւ այս համարում ներկայացնել միանգամից երկու պեղված հայի, երկու տաղանդավոր ու հետաքրքիր մարդու, երկու Ջորջ Քրիքորյանի: Նրանց երկուսի գործն էլ արվեստի եւ բիզնեսի մեջտեղում է, ավելի ստույգ՝ մեկը բիզնեսից էր սարքում արվեստ, մյուսի համար՝ արվեստն է բիզնես:
Գովազդը, բիզնեսից բացի, նաեւ արվեստ է
Ինչպե՜ս կերազեին այսօրվա գովազդ պատրաստողներն արժանանալ այն բախտին, որին արժանացավ մեր հայրենակից Ջորջ Քրիքորյանը՝ ծնված 1914թ.-ին, օվկիանոսից այն կողմ: Պետք չէ նորից խոսել փողի սակավության մասին, ասել՝ «դե՛, Ամերիկայում ուրիշ է» եւ էլի հազար ու մի արդարացում բերել, թե ինչու են մեր գովազդներն այդքան վատը: Վատն են, որովհետեւ ստեղծագործական մոտեցում չկա: Իսկ այս մարդուն ամերիկացիները գնահատում էին հենց ստեղծագործական մոտեցման համար։ Այնքան բարձր էին գնահատում, որ 1981թ. Ջորջ Քրիքորյանի անունը հայտնվեց «Պատվի սրահում»: «Ջորջի համար գաղափարն ամեն ինչի սկիզբն էր: Եթե նրան մի միտք տայիր, մեկ շաբաթ անց նա քեզ տասը կվերադարձներ, եւ դրանցից յուրաքանչյուրը կարտացոլեր հենց այն, ինչ դու ուզում էիր ասել: Մեկ բառով՝ նա գյուտարար էր, օրիգինալ մտածող»,- այսպես են ասում այն մարդիկ, ովքեր աշխատել են մեր հայրենակցի հետ «The Times», «The Daily News» եւ «Look» խմբագրություններում: Մտերիմները նրան անվանում էին Գրիգ, իհարկե, ոչ նրա համար, որ նա վիրտուոզ էր երաժշտության ասպարեզում: Նա վիրտուոզ էր, սակայն գովազդի պատրաստման մեջ, որն ինքը համարում էր ոչ թե բիզնես, այլ արվեստ:
Ընկերների, աշխատակիցների խոսքերով՝ հենց նա ստեղծեց այսօր այդքան մոդայիկ եւ շատ գործածվող «փրոմոուշն» (promotion) ասվածը, ավելի ստույգ՝ «art promotion»-ի գաղափարը: Նրա ստեղծագործական, կամ, ինչպես հիմա ասում են, կրեատիվ մտածողության շնորհիվ՝ առաջին անգամ «The Daily News» թերթում ու «Look» ամսագրում գրաֆիկական արվեստ գործածվեց՝ գովազդների պատրաստման համար: 1939թ. նրա աշխատանքները հետաքրքրեցին «The Times» թերթին: Եթե մինչ այդ թերթի գովազդային էջը պարզապես գովազդատուներից փող պոկելու համար էր ստեղծված, Ջորջ Քրիքորյանի գալուց հետո այն սկսեց այնքան հետաքրքրել թերթ գնողներին, որքան կարող էին հետաքրքրել թերթի քաղաքական եւ մշակութային էջերը: «Թարմություն, թերեւս սա ամենահարմար բառն է Ջորջի աշխատանքը գնահատելու համար: Առաջին իսկ պահից մենք հասկացանք, որ այս տղան պետք է մեր թերթին: Իրականում նա մեր թերթի համար եղավ այն մարդը, ում մասին հեշտությամբ կարելի է ասել՝ անփոխարինելի»,- ժամանակին ասել են «The Times»-ի ղեկավարները: Հարկ է նշել, որ 20-րդ դարի սկզբներին «The Times»-ը Նյու Յորքի 7 առաջատար օրաթերթերից մեկն էր:Միայն լրատվական աշխարհը չէր հետաքրքրված Ջորջով, արվեստասեր հասարակությունը նույնպես մեծ ուշադրություն էր դարձնում նրա գովազդներին: Այդ պատճառով նրա «The Times»-ում տպված գովազդային պաստառները հավաքվեցին եւ Նյու Յորքի Ժամանակակից Արվեստի թանգարանում ներկայացվեցին «Մեկ արվեստագետի աշխատանք» խորագրի ներքո: Նույն ժամանակահատվածում նա առաջարկ ստացավ դառնալ օրաթերթի արվեստի բաժնի տնօրենը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ջորջը ծառայության անցավ պատերազմական տեղեկատվության բաժնում (Office of War Information) եւ աշխատեց Աֆրիկայում, Իտալիայում, Հունաստանում: Չնայած աշխարհը պատերազմի մեջ էր, ու արվեստը կարծես երկրորդական պլան էր մղվել, իր գործին նվիրյալ այս մարդն անգամ այդ տարիներին զբաղվում էր Աթենքի գրադարանի դիզայներական աշխատանքով: Սա այն եզակի գործերից մեկն էր, որով ինքը՝ Ջորջ Քրիքորյանը, շատ էր հպարտանում: Պատերազմից հետո Ջորջը վերադարձավ Նյու-Յորք եւ շարունակեց աշխատել այստեղ մինչեւ 1963թ.: Շուտով «Look» ամսագրի հերթն էր՝ առյուծի բաժին ունենալ մամուլի գովազդների պատվերների աշխարհում: Բանն այն է, որ Ջորջին նշանակել էին ամսագրի ստեղծագործական բաժնի ղեկավար, ինչը, գովազդներ պատրաստելուց բացի ենթադրում էր նաեւ դիզայներական լուրջ աշխատանքներ: Ամսագիրը մեծ հեղինակություն ուներ ամերիկյան բիզնեսմենների շրջանում. այն բազմաթիվ մրցանակների էր արժանացել դիզայներական հրաշալի աշխատանքների համար:
Ավելի ուշ, երբ Ջորջ Քրիքորյան ասելիս՝ մարդիկ արդեն հասկանում էին՝ գովազդ ու դիզայն, տաղանդաշատ այս մարդը որոշեց արվեստը համատեղել բիզնեսի հետ եւ բացեց իր սեփական ընկերությունը, որը մինչեւ օրս էլ զբաղվում է որակյալ գովազդների պատրաստմամբ, գրքերի դիզայնով, խորհրդատվությամբ եւ գրաֆիկական աշխատանքներ է իրականացնում այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են, ասենք՝ «The Franklin Mint»-ը, «Viking Press»-ը, «Tiffany and Co»-ը, «The Daily News»-ը եւ այլն: Թեպետ Ջորջին համարում են դիզայներական եւ գովազդային աշխարհում նորարար եւ մոդեռնիստ, ինքը՝ Ջորջն, իրեն երբեք այդպիսին չի համարել եւ միշտ ասել է. «Ես այդպես էլ երբեք չհասկացա այն մարդկանց, ովքեր դիզայներական աշխարհում տարանջատում են ավանդականը մոդեռնից: Դիզայնը, ոճը եւ տեխնիկան հրաշալի, ճկուն եւ կախարդական միաձուլություն են, որոնք ստեղծված են խնդրին լուծում տալու համար»: Բազմաթիվ մրցանակների արժանացած այս մարդը (American Institute of Graphic Arts, the Art Directors Club եւ the Harvard Advertising Awards` մրցանակներ) մահացավ 1977թ.՝ 63 տարեկան հասակում: Նրա մահվան օրը հարազատ «The Times» թերթը գրել էր. «Նա ոչ մոդեռնիստ էր, ոչ էլ տրադիցիոնիստ, այլ պարզապես իր գործից շատ լավ հասկացող մի մարդ»:
Կինոն, արվեստից բացի, նաեւ բիզնես է
Մյուս Ջորջ Քրիքորյանի անունը կապված է կինոթատրոների հետ: Նա դերասան չէ, ոչ էլ ռեժիսոր կամ պրոդյուսեր, այլ ընդամենը՝ կինոթատրոնների խոշոր ցանցի տեր:
«Հետաքրքիրն այն է, որ Ջորջն իր կինոթատրոնները կառուցում է այնտեղ, որտեղ դրանք պետք է որ չաշխատեն, համենայնդեպս, այդպես թվում է առաջին հայացքից։ Բայց Ջորջի կառուցած բոլոր թատրոնները հաջողված են: Եվս մի տարօրինակ բան՝ Ջորջը երկար չի մտածում: Երկարաժամկետ ծրագրեր չունի, նրա բիզնես ծրագրերն անգամ 5 տարվա կտրվածքով հաշված չեն»,- ասում են նրան ճանաչող մարդիկ: 1945թ. ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ծնված Ջորջ Քրիքորյանը չունի ո՛չ քարտուղարուհի, ո՛չ էլ PR մասնագետ: Նա այս երկու գործերում էլ իրեն համարում է վարպետ եւ իր հետ գործ անել ցանկացողներին անմիջապես տալիս է սեփական բջջային հեռախոսի համարը։ Իսկ պոտենցիալ գործընկերների հետ լեզու գտնելը Քրիքորյանի համար ամենեւին էլ բարդ չէ: Իր բիզնեսը նա անվանում է «պատահական բիզնես», քանզի ամեն ինչ սկսվեց հասարակ մի պատմությունից. մի, թերեւս գեղեցիկ օր, Ջորջ Քրիքորյանը (ով այդ ժամանակ ղեկավարում էր անշարժ գույքի սեփական գործակալությունը), որոշեց իր երեք երեխաներին տանել կինոթատրոն: «Դեռ կինոթատրոն չհասած նյարդայնացա, քանզի մեծ դժվարությամբ ինձ հաջողվեց կինոթատրոնի մոտակայքում կանգառել: Այս երկրում «parking»-ի խնդիրը երեւի այդպես էլ չլուծվի,- պատմում է Ջորջը,- Ի վերջո, հասանք կինոթատրոն. հատակը սահուն էր, իսկ աթոռներն ասես հատուկ ստեղծված էին՝ մեջք կոտրելու համար»: Հաջորդ օրը, դստեր հետ զբոսնելիս, Ջորջը կանգնում է մի մեծ առեւտրի սրահի առջեւ եւ մտածում. «Իսկական կինոթատրոնի տեղ է: Կանգառն էլ՝ քթիդ տակ»: 1983թ. «Rolling Hills Estates-Peninsula» պողոտայի անշուք խանութը դարձավ կինոթատրոն եւ Ջորջ Քրիքորյանի նոր բիզնեսի կայացման առաջին կարեւոր քայլը: 13 տարվա ընթացքում կինոթատրոնների թիվը հասավ 100-ի, եւ հենց 1996թ. 35 միլիոն դոլարով նա վաճառեց իր կինոթատրոնների ցանցի մեծ մասը «Regal Cinemas» ընկերությանը: «Չեք պատկերացնում, թե ինչքան ճիշտ քայլ արեցի: Հակառակ դեպքում ես կնմանվեի մյուս կինոցանցերի տերերին, որոնք լողում են նույն նավակով: Համենայնդեպս, ես շահույթով դուրս եկա»,- ասաց Ջորջը վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո: Ինչ վերաբերում է «Regal Cinemas»-ին, ապա ընկերությունը տուժեց. նրա գնած կինոթատրոնները հետագայում սնանկացան:
Իսկ Ջորջի մոտ սկսվեց հաջողության երկրորդ պտույտը. նա է՛լ ավելի խոշոր մասշտաբներով սկսեց ընդգրկվել կինոցանցերի բիզնեսի մեջ: Տարբերությունը հիմնականում որակական էր. նոր կինոթատրոններն ավելի գեղեցիկ, ավելի շքեղ ու հարմարավետ էին. փոքր կինոսրահները ձեռք բերեցին ահռելի չափսեր, նստարանները վերածվեցին բազկաթոռների, ճարտարապետական աշխատանքին հատուկ ուշադրություն դարձվեց: Յուրաքանչյուր համայնքում կառուցված կինոթատրոնը խորհրդանշում էր այդ համայնքի յուրօրինակությունը: Նրա կարգախոսը դարձավ. «Կինոհաճախումը պետք է լինի իրադարձություն»:
Այն հարցին, թե ո՞րն է իր բիզնեսի հաջողության գաղտնիքը, հանճարեղ բիզնեսմենը մինչեւ այժմ էլ տալիս է նույն պատասխանը. «Ոչ մի գաղտնիք էլ չկա, միայն՝ որակյալ աշխատանք»:
«Krikorian Premiere Theatres»-ի տիրոջ հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում կինոթատրոններով: Նա ձիերի սիրահար է եւ այսօրվա դրությամբ ունի 100 նժույգներից բաղկացած ձի: Ի դեպ, ձիերին նա տալիս է կինոյի հետ առնչվող անուններ՝ լինի դա ֆիլմի, դերասանի անուն, թե որեւէ սարքի անվանում: Լինելով ձիավազքի մեծ սիրահար՝ նա ամեն տարի մեծ գումարներ է փոխանցում այս սպորտաձեւի զարգացմանն ու ձիավազքի մրցումների կազմակերպմանը: «Սակայն ձիերն ինձ համար հոբբի են, եւ ոչ թե բիզնես»,- ասում է Ջ. Քրիքորյանն, ով եւս մեկ կինոթատրոն բացեց 2007թ. աշնան կեսերին: Բացմանը զուգահեռ՝ Քրիքորյանը կազմակերպել էր միջոցառումների մի շարք, որը տեւեց 13 օր (հոկտեմբերի 15-28): Սակայն, ինչպես ինքն է ասում. «Սա դեռ վերջը չէ»։