Կաթողիկոսի մոտ

12/09/2008

Սեպտեմբերի 5-ին` արձագանքելով օգոստոսի 8-ին մի խումբ նախկին քաղբանտարկյալների դիմումին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է նախկին քաղբանտարկյալների պատվիրակությանը: Վեհափառին է հանձնվել քաղբանտարկյալների ցուցակը` նրանց դեմ հարուցված գործերի շինծու եւ պատվիրված լինելու մասին բացատրագրերով: Պատվիրակության անդամները մեկ անգամ եւս կոչ են արել Վեհափառին` խախտել լռությունը եւ հրապարակային խոսքով ու գործով վճռականորեն կանգնել հալածյալների կողքին: Կաթողիկոսն արված առաջարկները գնահատել է որպես իրեն քաղաքականության մեջ ներքաշելու փորձ` հայտարարելով, որ չի կարող ստանձնել դատավորի դերը, եւ չգիտի՝ ովքեր են մեղավոր, իսկ ովքեր՝ անմեղ: Նա նաեւ ասել է, որ եկեղեցին ոչ թե հալածյալներին, այլ արդարներին պաշտպանելու պարտավորություն ունի: Կաթողիկոսն, այնուամենայնիվ, չի բացառել իր կողմից որոշակի, պատվիրակության համար անհայտ մնացած դեպքերում, իշխանությունների առջեւ անձնական միջնորդություններ կամ ներման կոչ անելը: Պատվիրակության անդամներն անընդունելի են համարել անմեղ մարդկանց ներման համար հանցագործների առջեւ կաթողիկոսի միջնորդելը: