Չնտրություններ

12/09/2008

Կիրակի օրը Երեւանի 4 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ փետրվարի 19-ի եւ մարտի 1-ի սինդրոմը դեռեւս հաղթահարված չէ: Դրա ամենախոսուն վկայությունն այն իրադարձություններն էին, որոնք տեղի ունեցան Արաբկիր համայնքում: Դրանց միայն պայմանականորեն կարելի է ընտրություններ անվանել, քանի որ ընտրական գործընթաց` որպես այդպիսին, տեղի չունեցավ: Հենց առավոտյան կատարված միջադեպից հետո, երբ թեկնածուներից մեկի` Ալբերտ Երիցյանի որդու գլխավորած հրոսակախումբը հարձակվեց մյուս թեկնածուի` Հովհաննես Շահինյանի համակիրների վրա եւ դանակահարեց նրանցից մեկին, պարզ դարձավ, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Օրվա ընթացքում այդ մտավախություններն արդարացան: «Այսօր ես կուզենայի սեղմել հաղթող թեկնածուի ձեռքը, սակայն այդ ձեռքն արյունոտ է: Ես չեմ կարող սեղմել արյունոտ ձեռքը»,- սա ընտրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Զոյա Թադեւոսյանի գնահատականն է: «Ոչ միայն մեծ փողեր բաժանվեցին, այլեւ ժողովրդին ահաբեկում էին, որն ավարտվեց 32-ամյա երիտասարդի դանակահարությամբ, որի կյանքը լուրջ վտանգի տակ է»,- «Ա1+»-ին ասել է Զ. Թադեւոսյանը: «Ոչինչ չի կարող համարժեք լինել մարդու կյանքին, իսկ սեպտեմբերի 7-ին Արաբկիրի բնակիչներից շատերի կյանքին ուղղակի վտանգ էր սպառնում»,- այսպես է գնահատել կիրակի օրը տեղի ունեցածը Հովհ. Շահինյանը: Վերջինս նշել է, որ առավոտվա միջադեպից հետո այլեւս չի հետաքրքրվել ընտրությունների արդյունքներով եւ միայն փորձել է անել հնարավորը` հետագա արյունահեղությունը կանխելու համար: Իսկ ընտրատեղամասերի շրջակայքում, ինչպես դիպուկ բնորոշել է «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, կատարվել է «փողերի լվացք»: Նշենք, որ Ա. Երիցյանի կողմից բաժանվող ընտրակաշառքի չափը երեկոյան ժամերին հասել է մեկ ձայնի դիմաց՝ 20-50 հազար դրամի: Նշենք նաեւ, որ ողջ օրը համայնքի բնակիչների շրջանում վախի ու ահաբեկության մթնոլորտն ապահովվել է պետական մեքենայի եւ քրեական հեղինակությունների համագործակցության շնորհիվ: Նույնիսկ բազմաթիվ միջադեպերը տեղի են ունեցել ոստիկանների եւ հատուկջոկատայինների զգոն հայացքի ներքո: Կիրակի օրն Արաբկիրում է եղել նաեւ փոխոստիկանապետ, «մարտի 1-ի օպերացիայի պատասխանատու» Ալեքսանդր Աֆյանը, որն Ալբերտ Երիցյանի մոտ ազգականն է: Հատկանշական է, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ նիստից ընդամենը երեք օր առաջ: