Հունիսի 19-ին ԼՂՀ-ում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Առաջին
անգամ գործածության մեջ կդրվի խառն ընտրակարգը. պատգամավորական 33 տեղերից
11-ի համար կպայքարեն կուսակցությունները: Ընտրություններին համամասնական
ընտրակարգով կմասնակցեն 6 կուսակցություն եւ 1 դաշինք` «ՀՅԴ -Շարժում-88»:
Իշխանամետ Արցախի Ժողովրդավարական կուսակցության ցուցակում ընդգրկված են
պատգամավորության 25 թեկնածուներ, աջ կենտրոնամետ «Ազատ Հայրենիք»
կուսակցության ցուցակում`17 հոգի, «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի ցուցակում` 18
հոգի, ԼՂ Կոմունիստական կուսակցությունն առաջադրել է 10 հոգի, «Մեր տունը
Հայաստանն է» կուսակցությունը` 4 հոգի, երեքական թեկնածուներ են ընդգրկված
«Սոցիալական արդարություն» եւ «Բարոյական վերածնունդ» կուսակցությունների
ցուցակներում:
Մեծամասնական ընտրակարգով գրանցված 111 թեկնածուներից 58-ն առաջադրվել են
քաղաքացիական նախաձեռնությամբ, թեեւ` նրանց թվում կան նաեւ տարբեր
կուսակցությունների անդամներ, որոնք նախընտրում են հանդես գալ ոչ
կուսակցության անունից:
Եթե գործող խորհրդարանի հիմնական մասը պետական սեկտորի աշխատողներ են, ապա
գալիք ընտրություններում հիմնականում առաջադրվել են մասնավոր
սեփականատերեր:
Մինչ նախընտրական պայքարը Ղարաբաղում ստեղծվեցին մի քանի նոր
կուսակցություններ: Դրանցից մեկն էլ՝ «Ազատ Հայրենիք»-ն է, որն, ըստ
վերլուծաբանների, կարող է խորհրդարանում ազդեցիկ տեղ զբաղեցնել:
Կուսակցությունն իրեն աջ կենտրոնամետ հայտարարեց, եւ այնպիսի
տպավորություն էր ստեղծվել, որ այն իշխանությունների երկրորդ քաղաքական
ուժն է: Դա հիմնականում պայմանավորված էր նրանով, որ «Ազատ Հայրենիքի»
որոշ անդամներ նախկինում իշխանամետ «Ժողովրդավարական Արցախ» միության
(ներկայումս` Արցախի Ժողովրդավարական կուսակցություն) անդամներ էին:
Բոլորովին վերջերս այդ տպավորությունը կասկածի տակ դրվեց. հայտնի դարձավ,
որ որոշ ընտրատարածքներում թեժ պայքար է ընթանում հենց այդ նույն երկու
կուսակցությունների միջեւ:
«Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ Արայիկ Հարությունյանը
Ղարաբաղում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ամենահայտնի
ընկերություններից մեկի` «Ղարաբաղ Գոլդ» ՍՊԸ-ի բաժնետերն է: Նա համաձայնեց
պատասխանել «168 ժամ»-ի հարցերին:
– Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի դերը Ղարաբաղի պետության կառուցվածքում:
– Նախ ասեմ, որ խորհրդարանի դերն այսօրվա Ղարաբաղում շատ փոքր է: Եթե
խոսում ենք ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության մասին, ապա
պետք է գիտակցենք, որ դրանց հիմքում անհրաժեշտ է տեսնել ժողովրդի
մասնակցությունը երկրի կառավարման գործին, որը պետք է ապահովվի
խորհրդարանի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների միջոցով:
– Դուք հաջողակ գործարար եք. ինչո՞ւ եք ուզում մտնել խորհրդարան:
– Ես որպես գործարար չեմ ուզում մտնել խորհրդարան, այլ՝ որպես
հասարակության մի անդամ: Լինելով կուսակցության անդամ` հարգում եւ
առաջնորդվում եմ կուսակցության ծրագրով: Կան խնդիրներ, որոնք առաջնահերթ
եմ համարում. խոսքս հարկային դաշտի պարզեցման, տնտեսության զարգացման եւ
նմանատիպ հարցերի մասին է: Կարեւորում եմ առաջին հերթին Սահմանադրության
ընդունումը, որտեղ անպայման պետք է ամրագրվեն հանրապետության սահմանները:
– Եթե խորհրդարանում ձեր կուսակցությունը մեծամասնություն կազմի,
ղարաբաղյան հարցի լուծման ո՞ր տարբերակին եք կողմ քվեարկելու: Ինչպիսի՞
դիրքորոշում ունեք ղարաբաղյան խնդրում:
– Վերջերս շատ է խոսվում տարածքների հանձնման եւ ղարաբաղյան կարգավորման
այլ տարբերակների շուրջ: Ղարաբաղի հարցի լուծման իրավունք ունի միայն ու
միայն ժողովուրդը, այն էլ՝ հանրաքվեի միջոցով: Ինչ վերաբերում է «Ազատ
Հայրենիք» կուսակցության դիրքորոշմանը, ասեմ, որ մենք կողմնակից ենք ազատ
ու անկախ ԼՂ հանրապետությանը: Եթե կան մի քանի արաբական եւ թուրքական
պետություններ, ինչո՞ւ չունենալ երկու հայկական պետություն:
– Ըստ ձեր կանխատեսումների, ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանի քաղաքական
բաժանումը: Հնարավո՞ր է, արդյոք, կոալիցիոն կառավարության տարբերակ:
– Իմ կարծիքով՝ պատգամավորական տեղերը հիմնականում կբաժանվեն երեք հավասար
մասերի` Արցախի Ժողովրդավարական կուսակցության, «Ազատ Հայրենիք»
կուսակցության եւ «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի միջեւ: Չի բացառվում նաեւ
մյուս կուսակցությունների չնչին քանակով մուտքը խորհրդարան: Ինչ
վերաբերում է կոալիցիային, դեռ վաղ է կանխատեսումներ անել, սակայն չի
բացառվում նաեւ այդ տարբերակը: