Ընտրությունների ելքը որոշվեց առավոտյան՝ դանակահարությամբ

12/09/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես եւ կանխատեսվում էր, կիրակի օրն Արաբկիր համայնքի ղեկավարի ընտրություններն անցան գերլարված մթնոլորտում: Ընտրական օրը մեկնարկեց արյունահեղությամբ:

Առավոտյան ժամը 9-անց 20-ի սահմաններում, երբ Թբիլիսյան խճուղի 7 հասցեի շենքի տղաներից մի քանիսը պատրաստվել են քվեարկության գնալ 4/02 ընտրատեղամաս, հանկարծակի բակ է մտել 4 «Ջիպ» մեքենա: Մեքենաներից դուրս են եկել սպորտային կազմվածքով 10-15 երիտասարդներ եւ նախ` ռետինե մահակներով սկսել են հարվածել նրանց, այնուհետեւ, ըստ ականատեսների` դանակի հարվածներ են հասցրել: Դրանից հետո նրանց գցել են գետնին ու սկսել են հարվածել ոտքերով եւ ատրճանակների խզակոթերով: Ականատեսների վկայությամբ` այդ մեքենաներից մեկի մեջ է եղել նաեւ Արաբկիր համայնքի թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի որդին` Ռոբերտ Երիցյանը, ով նախկինում եղել է Մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության բաժնի պետը: Ռ. Երիցյանը եղել է նաեւ դանակահարողների թվում: Ականատեսները հասցրել են տեսնել մեքենաներից երեքի համարները. մեկը եղել է 80 008 համարանիշով «Mersedes ML» մակնիշի սեւ գույնի «Ջիպ», մյուսը կրկին` 80 008 համարանիշով (այլ սերիայով) «BMW X5» մակնիշի սեւ գույնի «Ջիպ» եւ երրորդը` արծաթագույն «BMW X5» մակնիշի` վրացական «…EEB-501» համարանիշերով: Երիցյանի որդու գլխավորած խմբում է եղել նաեւ «ՏԷՑ-ի կռուգի» հայտնի ընդհարման մասնակից, «կարկառուն» քրեական հեղինակություն բանգլադեշցի Համոն, ով վերջերս է ազատվել բանտից: Հիշեցնենք, որ սույն հեղինակությունը համարվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմներից մեկը: Այդ խմբի հարձակումից վիրավորվել են մի քանի բնակիչներ, իսկ նրանցից մեկը` 32-ամյա Մհեր Քերոբյանը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ եւ տեղափոխվել է նախ՝ «Զեյթուն» բժշկական կենտրոն: Այնտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մհերն, ըստ բժիշկների` բավականին շատ արյուն էր կորցրել: Նրա դեմքն ամբողջությամբ դանակի հարվածներով կտրված էր: Դանակի հարվածի` կտրած-ծակած հետքեր են եղել նաեւ նրա ազդրի եւ որովայնի շրջանում, թեւերի, մեջքի ու ընդհանրապես ամբողջ մարմնի վրա: Երիցյանի որդին ու իր ընկերները ջարդել էին նաեւ Մհերի կողոսկրերը: Իսկ «Էրեբունի» հիվանդանոցում պարզվեց, որ Մհերն ազդրի վրա ստացել է դանակի խորը հարված, դեմքի ոսկորը ջարդված է, նաեւ գանգուղեղի վնասվածք ունի: Բայց ամենավտանգավոր հարվածը նա ստացել էր թոքի հատվածում: Թոքի մեջ հավաքված օդը դուրս մղելու համար բժիշկները վիրահատական միջամտություն` իրենց խոսքերով` «դրենավորում» են արել` օդը դուրս մղող խողովակ են տեղադրել: Կիրակի ամբողջ օրը եւ երեկ մինչեւ կեսօր Մհերը գտնվում էր «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Կիրակի բժիշկները չցանկացան ավելի մանրամասն տեղեկություններ տալ. միայն բուժող բժիշկներից Կարինե Պետրոսյանն ասաց, որ եթե «հիվանդի վիճակը թեթեւ լիներ, վերակենդանացման բաժնում չէինք պահի»: Իսկ երեկ առավոտյան նրան բուժող մյուս բժիշկ Գոռ Մելիքյանը մեզ տեղեկացրեց, որ Մհերի վիճակն արդեն կայունացել է, բայց պարզ չէ, թե երբ ամբողջությամբ նա կապաքինվի: Կեսօրին նրան արդեն պատրաստվում էին տեղափոխել վիրաբուժական բաժանմունք` հիվանդասենյակ: Մինչդեռ ընտրության օրը Մհերը պետք է մասնակցեր հարսանիքի` քավոր էր:

Այդ դեպքից հետո կիրակի օրը մենք զրուցեցինք նաեւ Թբիլիսյան 7 հասցեում բնակվող մի քանի քաղաքացիների հետ: «Այդ տղաներն իջան, մոտեցան Մհերին ու նրա շուրջը հավաքված մարդկանց եւ սպառնալով հարցրեցին, թե՝ ինչո՞ւ եք ընտրում Հովհաննես Շահինյանին: Մհերը Հ. Շահինյանի համակիրներից է ու նախկինում ապրում էր մեր շենքում: Մի երկու տարի առաջ տեղափոխվել է այլ համայնք, բայց, միեւնույն է, նա անընդհատ մեր բակ է գալիս, որովհետեւ իր ընկերներն այստեղ են: Նրանք սկսեցին հայհոյել նրանց` սպառնալով, թե Շահինյանին ընտրելու դեպքում իրենց համար վատ կլինի: Եվ այդպես նույնիսկ պատասխանների չսպասելով` այդ տղաները հարձակվեցին Մհերի ու իր ընկերների վրա: Երբ շենքերից բնակիչները օգնության հասան, ծեծողները նրանց էլ սպառնացին, թե՝ մոտ չգաք, թե չէ ձեզ կսպանենք: Ու երբ լսեցին, որ Ոստիկանություն են կանչել, արագ նստեցին իրենց մեքենաներն ու փախան: Այդ դաժան միջադեպից հետո նույնիսկ նրանք, ովքեր Երիցյանին էին ընտրելու, էլ ընտրության չգնացին»,- պատմում է միջադեպին ականատես բնակիչներից մեկը:

Իսկ երեկ Ոստիկանությունից չցանկացան մանրամասներ հայտնել Արաբկիր համայնքում կատարված այդ միջադեպի մասին: Ասացին, թե իրենց կայքում տեղադրված տեղեկատվությունից բացի, ուրիշ ոչինչ չեն կարող ասել: Իսկ կայքում ընդամենը գրված է՝ «Սեպտեմբերի 7-ին, ժամը 09:20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 7 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում: Նույն օրը, ժամը 09։40-ին, «Քանաքեռ-Զեյթուն» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ նշված հասցեից ազդրի եւ որովայնի մասերում կտրած-ծակած վերքերով, գանգուղեղի վնասվածքով եւ կողոսկրերի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Մհեր Քերոբյանը: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի հատկանիշներով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»: Մի քանի ժամ հետո ավելացրել էին, թե «Սեպտեմբերի 8-ին ժամը 09:30-ին, մեղայականով բաժին են ներկայացել` 1977թ. ծնված Ս. Սերոբյանը եւ 1968թ. ծնված Տ. Թադեւոսյանը: Նրանք հայտնել են, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 09:20-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու 7-րդ շենքի մոտ, ընտրողների իրավունքներին բռնանալու առիթով վիճաբանել են Մ. Քերոբյանի հետ, ծեծել միմյանց, որի հետեւանքով երկուստեք ստացել են մարմնական վնասվածքներ»:

Ինչպես տեսնում եք, Ռոբերտ Երիցյանի անունն այս հաղորդագրության մեջ չկա: Դժվար չէր կանխատեսել, որ Ա. Երիցյանը որդու փոխարեն «գնելու» էր նաեւ հանցագործության պատասխանատվությունը ստանձնողների: Ինչպես ընտրությունների օրն էր գնել ձայները: Ոստիկանության կայքում տեղադրված տեղեկատվության մեջ չկան նաեւ հրոսակախմբի մյուս տղաների անունները, չէ՞ որ խումբը Թբիլիսյան խճուղի է գնացել մի քանի «Ջիպերով» ու 10-15 հոգով: Միայն սեպտեմբերի 7-ի երեկոյան Ազգային անվտանգության ծառայության` դիմակավորված հատուկջոկատայինների խումբը շրջապատեց Ա. Երիցյանի շտաբը. դիմակավորված ԱԱԾ-ականները մուտք գործեցին շտաբ` Ռոբերտ Երիցյանին ձերբակալելու նպատակով, սակայն, ինչպես եւ կարելի էր սպասել, վերջինս արդեն փախուստի մեջ էր: Բացառված չէ, իհարկե, որ դա ընդամենը իմիտացիա ստեղծելու փորձ էր, եւ ամբողջ օրը Երիցյանի հետ համագործակցող իրավապահները նրան տեղեկացրել էին իրենց այցից առաջ: Առավելեւս, որ ԱԱԾ-ականների այցից հետո ոստիկանամերձ մեր աղբյուրները սկսեցին լուրեր տարածել, թե Ա. Երիցյանին` որդուն հանձնելու համար, երկու ժամ ժամանակ են տվել, հակառակ դեպքում սպառնալով պաշտոնապես հետախուզում հայտարարել: Այսօր արդեն ակնհայտ է, որ այդ լուրերն այլ նպատակ էին հետապնդում: Իհարկե, Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Ռոբերտ Երիցյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրերը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, փոխարենը մի քանի անգամ կրկնեց` «Կարդացեք սայթում տեղադրված հաղորդագրությունները»: Իսկ «սայթում», ինչպես նշեցինք, այդ մասին ոչինչ չկա: Ի դեպ, կատարվածի առիթով Ոստիկանության բաժին ներկայացած եւ պատասխանատվությունն իր վրա վերցրած Տիգրան Թադեւոսյանը Ա. Երիցյանի որդու` Ռոբերտ Երիցյանի վարորդն է:

Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածը` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելը, նախատեսում է 1-3 ամիս կալանք կամ մինչեւ 5 տարի ազատազրկում: Հուսով ենք, որ ծանրագույն պատիժը կկրի հենց Ա. Երիցյանի որդին, որն, ըստ ականատեսների, ոչ միայն գլխավորում էր այդ խումբը, այլեւ բուն մասնակիցներից էր: