«Փողերի լվացք»` Արաբկիրում

12/09/2008

Արաբկիր համայնքում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում գնահատել է՝ որպես թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի կողմից կատարված «փողերի լվացք»: «Համայնքապետերի ընտրությունները շատ կարեւոր էին` հասկանալու համար, թե ո՞ւր է գնում հասարակությունը: Արաբկիրում թաղապետի ընտրությունները ցույց տվեցին մեր հասարակության եւ պետության իրական պրոֆիլը, որը ստեղծել են գործող իշխանությունները: Ահազանգող է այն, որ նման պրոբլեմներով երկրում ընտրելու իրավունք ունեցող բնակչության 65 տոկոսը չի մասնակցում ընտրության»: «Այն, ինչ կատարվեց Արաբկիր համայնքում, այլ կերպ, քան փողի լվացք, չես համարի»,- ասել է Ս. Սաֆարյանը: Հարցին, թե՝ փաստեր ունե՞ք, որ Ա. Երիցյանը փող է բաժանել, Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Նունիսկ անզեն աչքով էլ դա պարզ է: Ալբերտ Երիցյանի պատկերը արտացոլող պաստառները փակցված էին ոչ միայն Արաբկիրում, որտեղ նա առաջադրել էր իր թեկնածությունը, այլեւ ամբողջ մայրաքաղաքում: Մեր ամենահամեստ հաշվարկներով` նա առնվազն ծախսել է 1 միլիոն դոլար, իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ մեկ ձայնը նա գնել է 8-30 հազար դրամով, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում: Այդ ամենը տեղի է ունեցել մեր պետական այրերի աչքի առաջ եւ նրանց գիտությամբ»: Լրագրողի հարցին` «Մեր ժողովուրդը ավելի շատ վախեցա՞ծ է, թե՞ անտարբեր», պատգամավորը պատասխանել է. «Ընտրության օրն առավոտյան տեղի ունեցած դանակահարության դեպքը իսկապես վախի մթնոլորտը սրեց, որովհետեւ յուրաքանչյուր բնակիչ մտածում էր, որ իր տարածքում էլ կարող է նման դեպք լինել, քանի որ դանակահարությունը տեղի էր ունեցել բակերից մեկում` բնակիչների աչքի առաջ: Այդ միջադեպից հետո լուրեր էին տարածվում, որ դա կարող է կրկնվել, եւ ընդհանրապես ընտրություններից առաջ բոլորը կանխատեսում էին, որ Արաբկիր համայնքում չի բացառվում, որ լուրջ բախումներ լինեն, քանի որ երկու կողմերում էլ կիսակրիմինալ եւ կրիմինալ տարրեր կային: Մեր թիմի համար անիմաստ էր նրանց հետ մրցակցության մեջ մտնելը, եւ Արաբկիրում հաղթեց վախը, փողը եւ անպատժելիությունը»: «Դա Քոչարյանի չարչրկված վերադարձի սցենարի դետալներից մեկն է»,- ասել է նա: «Ես գտնում եմ, որ Ալբերտ Երիցյանի ծագումնաբանությունն էական դերակատարություն ունի այս սցենարում: Եթե Երիցյանի պաստառները փակցված էին Ավան համայնքից մինչեւ օդանավակայան, դա նշանակում է, որ Երվանդ Զախարյանն այս հարցում անշահախնդիր մարդկանցից չէ: Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերն ԸԸՀ-ներում իրենց տեղերը տրամադրեցին Ալբերտ Երիցյանին: Դա Քոչարյանի չարչրկված վերադարձի սցենարի դետալներից մեկն է»,- ավելացրել է Ստեփան Սաֆարյանը: