«Երրորդ սերնդի բարեփոխումներն»՝ Արաբկիրում

12/09/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Կիրակի օրը`սեպտեմբերի 7-ին, Արաբկիր համայնքում կայացած թաղապետի «ընտրությունները», դրանցում տեղ գտած այլանդակությունների ձեւով ու ծավալով գերազանցեցին Հայաստանում տեղի ունեցած բոլոր տեսակի ընտրությունները:

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից ու մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո սեպտեմբերի 7-ի ընտրություններն առաջիններից էին, եւ դրանք անցան ոչ միայն լարված մթնոլորտում, այլեւ լուրջ միջադեպերով: Այս ընտրությունների ընթացքում արձանագրված գրեթե բոլոր խախտումներն ու միջադեպերը ձայնագրված եւ լուսանկարահանված են ու ներկայացվելու են Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին:

Առաջին միջադեպն Արաբկիրում գրանցվեց կիրակի օրը, վաղ առավոտյան` ժամը 9:20-ի սահմաններում. թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի որդին` Ռոբերտ Երիցյանը, դանակահարեց մյուս թեկնածուի` Հովհաննես Շահինյանի ակտիվիստներից մեկին: Դրանից քիչ անց արդեն ակնհայտ էր, որ Արաբկիր համայնքը վերածվել էր հանրապետության տարբեր բնակավայրերից հավաքված քրեական հեղինակությունների ու հանցագործների «բանակումի»: Առանց բացառության, բոլոր ընտրական տեղամասերի մոտ հավաքված էին Երիցյանի` սեւ հագուստներով, դեմքի տարբեր մասերում սպիներ ունեցող «ակտիվիստները», ովքեր ահաբեկում էին ընտրության գնացող բնակիչներին: Նրանցից շատերը շրջում էին տեղամասից, տեղամաս եւ տարբեր ժամերի նույն հրոսակախմբերը դիրքավորվում էին համայնքի տարբեր տեղամասերի առջեւ:

Կիրակի օրն Արաբկիրը լիքն էր նաեւ Ոստիկանության հատուկջոկատայիններով ու կարմիրբերետավորներով, որոնց ներկայությունը, սակայն, մեղմ ասած, միարժեք չէր: Տեղամասերում ներկա Ոստիկանության ներկայացուցիչներն անընդհատ ծագող միջադեպերին գրեթե ուշադրություն չէին դարձնում: Նման միջադեպի ականատես եղանք նաեւ թիվ 4/39 տեղամասում: Ժամը 18:00-ի սահմաններում Երիցյանի թվով 40 թիմակիցներ ներխուժել էին այդ ընտրական տեղամաս եւ սպառնալիքներ տեղալով հրահանգում էին հանձնաժողովի անդամներին՝ անել իրենց ասածները: Ոստիկանները դրան հետեւում էին լեթարգիական խաղաղությամբ: Երբ նրանցից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ոչինչ չեն ձեռնարկում ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու համար (արդեն 30 րոպե դադարեցվել էին ընտրություններն այդ տեղամասում), ընտրությունների օրինականությունն ապահովելուն կոչված ոստիկաններից մեկը պատասխանեց. «Մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, որ անենք»: Իսկ թե ո՞ւմ հրահանգին էին սպասում` հայտնի չէ: Քիչ անց տեղամաս եկավ թիվ 4 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղար, ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էլոյանը. ընտրությունների ընթացքին խոչընդոտող Երիցյանի թիմակիցներին նա հորդորեց հանգիստ լինել` բառացիորեն ասելով հետեւյալը. «Հանգիստ եղեք, ամեն ինչ մեր սրտով է»: Սակայն իրավիճակը հանձնաժողովում չէր հանդարտվում, քանի որ նույն տղաները հրահանգում էին հանձնաժողովի անդամներին՝ իրենց նշած մարդկանց «լավ դիմավորել»: Երբ արդեն վիճակը փոքր-ինչ հանդարտվել էր, տեղամաս եկան հատուկջոկատայինները: Հանձնաժողովի նախագահ Արայիկ Մեհրաբյանի ասելով` իրարանցումը սկսվել էր այն բանից հետո, երբ հանձնաժողովի անդամը «գերհոգնածության» պատճառով գրանցում էր կատարել դեռեւս ընտրություն չկատարած բնակչի անվան դիմաց:

Իրավիճակը լարված էր նաեւ թիվ 4/24 տեղամասում, որի շրջակայքում հավաքված Երիցյանի սեւազգեստ ակտիվիստներին համակարգում էր ՀՀԿ անդամ Արմեն Մարտոյանը (վերջինս հայտնի է միայն նրանով, որ նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան դիմաց կազմակերպված ակցիաներին, ինչպես նաեւ՝ բողոքի շինծու երթերին): Ժամը 18:30-ի սահմաններում տեղեկություն եղավ, որ Երիցյանի կողմնակիցները ցանկացել են այս տեղամասում «կարուսել» կազմակերպել, սակայն հանձնաժողովի նախագահը նկատել եւ կանխել է: Սակայն, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի քարտուղարը հրաժարվել է գրանցամատյանում գրանցել իր բողոքն առ այն, որ քվեաթերթիկներ հատկացնող հանձնաժողովի անդամը բնակիչներից մեկին տվել է ոչ թե մեկ քվեաթերթիկ, այլ երկու: Մեզ հետ զրույցում հանձնաժողովի քարտուղար, «Ժառանգության» ներկայացուցիչ Սամվել Ղուլյանն ասաց, թե միայն ինքը պետք է գրանցում կատարի մատյանում, եւ թույլ չտվեց հանձնաժողովի նախագահին իր բողոք-արձանագրությունը նշել մատյանում: Այդ պահին այդ տեղամասում գտնվող տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Վահե Էլոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի նախագահը կարող է իր բողոքը մատյանում գրել, սակայն, չգիտես ինչու, նա նույնպես դեմ էր, որպեսզի այդ բողոքն արձանագրվի գրանցամատյանում: Իսկ Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ֆրանգուլյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ հանձնաժողովի նախագահն իրավունք ունի գրանցամատյանում բողոք ներկայացնել, եւ խոստացավ զանգահարել 4/24 տեղամասի քարտուղարին եւ զգուշացնել նրա իրավասությունների մասին: Սակայն մեկ ժամ հետո պարզ դարձավ, որ Ֆրանգուլյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել կատարվող անօրինականությունները կանխելու համար: Այդուհանդերձ, հանձնաժողովի նախագահն, ի վերջո, կարողացել էր հասնել նրան, որ իր բողոքն արձանագրվի մատյանում: Գրեթե բոլոր տեղամասերում կազմվել են արձանագրություններ այն մասին, որ տեղամասերի դիմաց մշտապես հավաքված են եղել Երիցյանի համակիր սեւազգեստ խմբավորումները, որոնք խոչընդոտել են ընտրությունների ընթացքին:

Արաբկիր համայնքում այդ օրը կարելի էր տեսնել թիվ 56, եւ 41 երթուղիները սպասարկող բազմաթիվ երթուղայիններ, որոնք Երիցյանի վստահված անձանց ուղեկցությամբ մարդկանց տեղափոխում էին ընտրատեղամասեր (որոշ բակերում մարդկանց տեղափոխում էին տաքսիներով): Ըստ ականատեսների, օրինակ, Փափազյան փողոցը հատող Մանուշյան փողոցի սկզբնամասում հավաքվող երթուղայինների մեջ նախ բնակիչներին ընտրակաշառք էր բաժանվում, հետո մարդկանց տանում էին տեղամասեր քվեարկության: Նշենք, որ թիվ 56 երթուղին ժամանակին պատկանում էր Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանին, որը, սակայն, այն վաճառել է Բենզին Ռուբոյին («Հարթ ուղի» ՍՊԸ), իսկ 41 երթուղայինի սեփականատերը Մելիք Գասպարյանն է: Մեծ թվով այդ երթուղիների միկրոավտոբուսների հանդիպեցինք նաեւ Կորեայի ձոր կոչվող թաղամասում. այստեղ երթուղայիններով ընտրողներին տեղամաս բերելու գործընթացը համակարգում էր թիվ 4/02 տեղամասում Ալբերտ Երիցյանի վստահված անձ Հովհաննես Ստեփանյանը: Երբ հետաքրքրվեցինք, թե նա ինչ է անում այնտեղ, ասաց, որ իր իրավունքն է լինել այնտեղ, որտեղ սիրտն ուզում է: Իսկ երթուղայինի վարորդներն ասում էին. «Դե տեղամասը հեռու է, մեզ ասել են (Երիցյանի նախընտրական շտաբներից.- Լ.Ս.) մարդկանց տանենք-բերենք»:

Իսկ Կոմիտասի Շուկայի հետնամասում գտնվող Կույրերի մշակույթի տանը տեղակայված 4/9 տեղամասի առջեւից ժամը 17:00-ի սահմաններում Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանի կարգադրությամբ Ոստիկանության բաժին տեղափոխեցին Ալբերտ Երիցյանի ակտիվիստներից մեկին: Ն. Նազարյանը տեղամասի տարածքում ավտոմեքենաներով խմբված Երիցյանի ակտիվիստներից փորձում էր պարզել, թե ինչու են նրանք այդտեղ հավաքվել, սակայն նրանցից մեկն այդ պահին սկսեց հակաճառել, ինչից հետո Ն. Նազարյանը հանձնարարեց նրան տանել Ոստիկանության բաժին: Գրեթե բոլոր տեղամասերի մոտ նույն իրավիճակն էր: Բազմաթիվ ահազանգեր էինք ստանում ընտրակաշառքի բաժանման դեպքերի առնչությամբ (ընտրակաշառքի չափերը տարբեր էին, սկսած` 5 հազարական դրամից, իսկ երեկոյան կողմ արդեն 20.000-ական դրամ էր տրվում): Ընտրակաշառքի բազմաթիվ դեպքեր է արձանագրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Տեղամասերը հսկող Ոստիկանության աշխատակիցները, բնականաբար, այդ դեպքերն էլ չէին նկատում. սեւազգեստ տղաները նրանց ներկայությամբ իրենց չափից դուրս ազատ էին զգում: Տեղամասերի առջեւ «հերթապահող» գրեթե բոլոր խմբերի մեջ կային բազմաթիվ «մականունավոր» քրեական հեղինակություններ, որոնց մասնակցությամբ տարբեր ժամանակներում տեղի են ունեցել կոշտ միջադեպեր:

Հատկապես ժամը 16:00-ի սահմաններում Արաբկիրում վիճակն այնքան պայթյունավտանգ էր դարձել, որ իրավիճակը վերահսկելու համար համայնքում շատացան հատուկջոկատայինները եւ ոստիկանական մեքենաները: Ժամը 19:00-ի սահմաններում Արաբկիրում էր նաեւ Ոստիկանության պետի տեղակալ, իր իսկ խոսքերով՝ մարտի 1-ի «օպերացիայի պատասխանատու» Ալեքսանդր Աֆյանը, որը թեկնածուներից մեկի` Ալբերտ Երիցյանի մտերիմ ազգականն է: Նշենք նաեւ, որ բացի Երիցյանի թիմակիցներից, գումար բաժանողների շարքում ընդգրկված էին նաեւ Կարատեի ֆեդերացիայի անդամները, ովքեր ժամանակ առ ժամանակ հայտնվում էին տարբեր տեղամասերի առջեւ: Սակայն նրանք միայն գումար բաժանելով չեն սահմանափակվել: Ականատեսների վկայությամբ, նրանցից մի քանիսը եւս մասնակցել են առավոտյան Թբիլիսյան խճուղի 7 հասցեի բակում տեղի ունեցած արյունալի հարձակմանը:

Սրանք սեպտեմբերի 7-ին Արաբկիրում տեղի ունեցած եւ արձանագրված փաստերի մի փոքր մասն են միայն: Մնացած փաստերը կհրապարակվեն առաջիկայում. դրանք, թերեւս, օգտակար կլինեն «երրորդ սերնդի բարեփոխումների» համար, որոնք իրականացվում են իշխանությունների «բարձր» հովանու ներքո:

Հ.Գ.
Թբիլիսյան խճուղի 7 հասցեի շենքի բակում տեղի ունեցած միջադեպից հետո Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ֆրանգուլյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե, ինչպես իրեն փոխանցել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արտավազդ Ղազարյանը, կատարվածը որեւէ առնչություն չունի ընտրությունների հետ: Սակայն երեկ Ոստիկանությունն իր պաշտոնական կայքում տեղադրեց հաղորդագրություն, ըստ որի՝ կատարվածի առիթով Ոստիկանության բաժին է ներկայացել եւ պատասխանատվությունն իր վրա է վերցրել ոմն Տիգրան Թադեւոսյան, որը Ալբերտ Երիցյանի որդու` Ռոբերտ Երիցյանի վարորդն է: