«Ես չեմ կարող սեղմել արյունոտ ձեռքը»

12/09/2008

Սեպտեմբերի 7-ին Արաբկիրի թաղապետի ընտրությունների արդյունքները դեռ պաշտոնապես չհրապարակված` թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանն իր հաղթանակը տոնեց հրավառությամբ: Այդ նույն ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ, թաղապետի թեկնածու Զոյա Թադեւոսյանի շտաբում հայտարարում էին, որ ընտրությունները կեղծվել են: Տիկին Թադեւոսյանն «A1+»-ի թղթակցին հիշեցրել է, որ հենց քարոզարշավի սկզբում նա բազմիցս հայտարարել է, որ թեկնածուների միջեւ մրցակցություն չկա, եւ օրենքը խախտվել է հենց սկզբից. «Արդյունքում ոչ միայն մեծ փողեր բաժանվեցին, այլեւ ժողովրդին ահաբեկում էին, որն ավարտվեց 32-ամյա երիտասարդի դանակահարությամբ, որի կյանքը լուրջ վտանգի տակ է»: Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետի թեկնածու Հովհաննես Շահինյանի շտաբներից մեկի ակտիվիստ Մհեր Քերոբյանը դանակահարվել է ընտրության օրը, առավոտյան 9:30-ի սահմաններում` Ալբերտ Երիցյանի որդու գլխավորած զինված խմբի կողմից: Այդ դեպքից հետո ընտրողների մեծ մասը պարզապես վախեցել է տանից դուրս գալ եւ մասնակցել ընտրություններին։ «Ամբողջ համայնքով սլանում էին սեւազգեստ, «Ջիպերով» սափրագլուխներ եւ վախի մթնոլորտ տարածում: Համայնքի փողոցները լցված էին նաեւ կարմիրբերետավորներով եւ ոստիկաններով: Այդ պայմաններում շատերը տանից դուրս չեկան,- ասել է Զ. Թադեւոսյանը եւ ավելացրել,- Եթե սա բարոյական երկիր լիներ, ապա պետք է անվավեր հայտարարեին ընտրությունների արդյունքները: Արյան գնով չի կարելի թաղապետ դառնալ: Այսօր մենք գործ ունենք վարչական մեքենայի հետ, որը հանուն իր կարիքների պատրաստ է ամեն ինչի եւ պատրաստ է անցնել բոլորի վրայով, այդ թվում՝ արյան: Այսօր ես կուզենայի սեղմել հաղթող թեկնածուի ձեռքը, սակայն այդ ձեռքն արյունոտ է: Ես չեմ կարող սեղմել արյունոտ ձեռքը»,- լրագրողի հետ զրույցում ասել է Զ. Թադեւոսյանը: