Արաբկիր համայնքի թաղապետի կիրակնօրյա ընտրություններն անցան բազմաթիվ վիճաբանությունների, ծեծկռտուքների, սպառնալիքների եւ այլ աղմկոտ միջադեպերի մթնոլորտում:
Համայնքի գրեթե բոլոր 49 ընտրատեղամասերում էլ նման միջադեպեր տեղի են ունեցել: Եթե նույնիսկ որեւէ ընտրատեղամասում հարաբերական անդորր է եղել, ապա բակերում շատ լարված մթնոլորտ է տիրել: Ընդ որում, բոլոր ընտրատեղամասերում էլ հսկողություն էին իրականացնում մի քանի ոստիկաններ, որոնք մեծ մասամբ չտեսնելու էին տալիս այդ միջադեպերը: Օրինակ, Ազատության պողոտայում գտնվող 128 դպրոցում տեղակայված էր 2 ընտրատեղամաս, եւ, բնականաբար, ոստիկանների քանակն այդտեղ ավելի շատ էր: Կեսօրին ահազանգ ստացանք, որ դպրոցի դիմաց հավաքվել են թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի կողմնակիցները` բոլորը սեւ հագնված, եւ փորձում են միջամտել ընտրությունների ընթացքին: Ահազանգ եղավ, որ նրանք «Գազելներով» ընտրողներ են տեղափոխել եւ հենց մեքենայի մեջ էլ ընտրակաշառք են բաժանել: Տեղ հասնելուն պես տեսանք, որ դպրոցի մայթին երկու խմբով հավաքված են 20-30 երիտասարդ տղաներ: Դպրոցից փոքր-ինչ վերեւ կապույտ «Գազել» էր կանգնած, որի մեջ հավաքված մարդիկ հերթով գնում էին ընտրելու: Իսկ երիտասարդներից մի երկուսն ինչ-որ ցուցումներ էին տալիս այդ մարդկանց: Երբ փորձեցինք նկարել այդ պահը, սեւ հագած մոտ 10 երիտասարդներ միանգամից վրա հասան եւ փորձեցին խլել լուսանկարչական ապարատը: «Քեզ ո՞վ է թույլ տալիս նկարել, դատարկի ապարատդ, թե չէ գլխիդ գալիքը շատ վատ է լինելու: Հես ա կջարդենք քեզ էլ, քո ապարատն էլ»,- գոռալով վրա հասան նրանք: Մեզ հաջողվեց «փրկվել» միայն մի քանի հոգու միջամտության շնորհիվ: Հենց այդ ժամանակ դպրոցի բակում կանգնած միջադեպին լուռ հետեւում էին ընտրությունների ընթացքը «հսկող» ոստիկանները: Երբ մոտեցանք եւ հարցրեցինք, թե ինչո՞ւ չեն փորձում կարգի հրավիրել այդ տղաներին, որոնք ոչ միայն խանգարում են ընտրական գործընթացը, այլեւ լրագրողի աշխատանքը` սպառնալիքներ տեղալով, եւ ինչո՞ւ չեն ոստիկանները կատարում իրենց պարտականությունը, ոստիկաններից մեկը պատասխանեց, թե իրենք նման միջադեպ չեն տեսել: Իսկ իրենց չի՞ հետաքրքրում, թե ովքեր են այդ տղաները, ինչո՞ւ են այդքան մեծ խմբով հավաքվել ընտրատեղամասի դիմաց, արդյոք այդ համայնքի բնակի՞չ են, ինչո՞ւ են «Գազելներով» մարդ տեղափոխում` «Դա մեր գործը, չէ, դա մեր տարածքից դուրս է,- պատասխանեց նույն ոստիկանն ու ներս մտնելով` ավելացրեց,- դու մի սովորեցրու, է, թե ես ինչ անեմ, հա՞: Մենք մեր պարտականությունը լավ գիտենք, ցուցումներ մի տուր»: Ավելի ուշ այդ նույն դպրոցում նույն տղաները խոչընդոտել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի աշխատանքը, իսկ ոստիկանների նույն խումբը նույն անտարբերությամբ հետեւել է այդ ամենին:
Կեսօրից հետո, երբ ահազանգ եղավ, թե Կույրերի մշակույթի տանը (Կոմիտասի շուկայի հարեւանությամբ) տեղակայված ընտրատեղամասում էլ միջադեպ է գրանցվել, մենք գնացինք այդ տարածք, պարզվեց, որ նույն սեւազգեստ երիտասարդներն են ընտրական պրոցեսը խանգարում: Հավաքված տեղեկատվության համադրումից պարզվեց, որ Ալբերտ Երիցյանի համակիրների մեջ կա Մալաթիա-Սեբաստիա եւ Արաբկիր համայնքների երիտասարդներից կազմված մի խումբ, ովքեր շրջում են ընտրատեղամասերով եւ կուտակումներ, լարվածություն ու վեճեր են առաջացնում: Եվ այդ ամենը, բնականաբար, ոստիկանների աչալուրջ հսկողության շրջանակում: Հավանաբար նաեւ դա էր պատճառը, որ ընտրություններն անցան շատ ցածր մասնակցության պայմաններում: Արաբկիր համայնքի մոտ 87.000 ընտրողներից քվեարկել էր ընդամենը մոտ 30.000 հոգի` ընտրողների 34 տոկոսը: