ՊԵԿ՝ հետեւություններ չանելու հետեւանքը

12/09/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ «Դե Ֆակտո» ակումբում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը խոսեց գրեթե ամեն ինչի մասին՝ սկսած նրանից, թե Հայաստան-Թուրքիա խաղը ինչպես կարող է ազդել հարկերի հավաքագրման վրա, վերջացրած նրանից, թե իրեն ինչո՞ւ աշխատանքից չազատեցին։

Իհարկե, այդ մասին ՊԵԿ-ի փոխնախագահը հումորով էր խոսում, սակայն փոխարենը շատ լուրջ էր վերաբերվում ՀԴՄ-ներ պատվիրած առեւտրի կազմակերպիչների տվյալներին։ «Փեթակ՝ 500 ՀԴՄ, «Վաղարշ եւ որդիներ» ընկերության ոսկու տոնավաճառ՝ 750 ՀԴՄ, «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկայում տեղաբաշխված տոնավաճառ` 200 ՀԴՄ, «Նարեկ» տոնավաճառ՝ 100 ՀԴՄգ»,- Արմեն Ալավերդյանը նշում էր այն տոնավաճառների անունները, ովքեր ՀԴՄ-ներ են պատվիրել։ Այս պահին ճանապարհին է արդեն 3135 ՀԴՄ։ ՀԴՄ-ների մասին շատ է խոսվել, եւ մեզ ավելի շատ հետաքրքրում էին հարկային ու մաքսային կառույցները միավորելու հետ կապված հարցերը։ Ա. Ալավերդյանը, մինչ լրագրողների հարցերին անցնելը՝ անդրադարձավ նոր կառույցի՝ ՊԵԿ-ի ստեղծման նպատակահարմարությանը, առաջին հերթին դա պայմանավորելով հարկային մուտքերի մեծացման եւ գերավճարների նվազեցման անհրաժեշտությամբ։ «Այն երկրները, որ ԱԱՀ են գանձում եւ՛ երկրի ներսում, եւ՛ սահմանի վրա, մեծ խնդիր ունեն հարկային եւ մաքսային մարմինների միջեւ տեղեկությունների փոխանակման հետ կապված։ Մաքսային մարմինը Հայաստանում վերջին տարիներին ավելի շատ ԱԱՀ է հավաքագրել, քան հարկայինը։ Վերջին տարիներին մի խումբ ապրանքների ԱԱՀ-ի գանձումը տեղափոխվեց սահման։ Այստեղ շատ կարեւոր հարց է առաջ գալիս, որ ներմուծման եւ ներսում իրացման գների նկատմամբ այնպիսի վերահսկողություն սահմանվի, որ ներսում վճարված հարկերն ինչ-որ տեղ չզիջեն սահմանին վճարված հարկերին, եւ առաջ չգա այնպիսի հասկացություն, ինչպիսին գերավճարներն են։ Ներկայումս մենք ունենք միլիարդավոր գերավճարներ»։

Ըստ Ա. Ալավերդյանի, նաեւ այդ միավորման շնորհիվ է, որ օգոստոսին հաջողվեց ունենալ հարկերի հավաքագրման ավելի բարձր ցուցանիշ, քան հուլիս ամսին։ «Հարկային ու մաքսային մուտքերը միասին օգոստոս ամսին կազմեցին 59.5 միլիարդ դրամ, ինչը հույս է ներշնչում, որ եթե մինչեւ տարեվերջ այդ տեմպով մենք շարունակենք, ապա բյուջեով կանխատեսված ցուցանիշները կկատարվեն»։

Փաստորեն, Ա. Ալավերդյանի խոսքերից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հարկայինի եւ Մաքսայինի միավորումը կոնցեպտուալ հարց էր։ Սակայն դա այնքան էլ հավատ չի ներշնչում, քանի որ կոնցեպտուալ փոփոխությունները այդպես արագ, անսպասելի ոճով չեն արվում։ Մանավանդ, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այդ քայլը համեմատեց վիրահատական միջամտության հետ։ Ա. Ալավերդյանից փորձեցինք իմանալ՝ կոնկրետ ինչի՞ց էր դժգոհում նախագահը, ասելով, որ Հարկայինը շատ վատ է աշխատում։ ՊԵԿ փոխնախագահը նշեց 5 պատճառ. «Առաջինը պետբյուջեի եկամուտների հավաքագրման տեմպերի իջեցումն էր՝ անհրաժեշտ մակարդակ չապահովելը. առաջին մեծ դժգոհությունն, իհարկե, այդտեղից էր գալիս։ Երկրորդ պատճառը աշխատանքի ցածր արդյունավետությունն էր։ Մյուս պատճառներն էին կոռուպցիոն ռիսկերը, այն, որ անհրաժեշտ նախաձեռնություն հանդես չի բերվում, ժամանակակից մեթոդներին համընթաց չենք քայլում, – ասաց Ա. Ալավերդյանը՝ ամփոփելով,- Այսինքն, ըստ էության, եթե բաժանենք այս ամեն ինչը երկու խոշոր մասի, դա բյուջեի հավաքագրումներն էր եւ աշխատանքների կազմակերպման ոչ անհրաժեշտ մակարդակը, որի հետեւանքով էլ եղավ այդ միաձուլումը»։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Սերժ Սարգսյանը բավական խիստ տոնով նկատեց, որ անցած քսան օրերի ընթացքում ոչ միայն էական փոփոխություններ չգրանցվեցին, այլեւ` չերեւաց, որ Հարկային ծառայության ղեկավարությունն ունի փոփոխություններ կատարելու ցանկություն եւ գիտակցում է դրանց կարեւորությունը. «Չտեսա, որ Հարկային ծառայության ղեկավար կազմը գիտակցում է, թե որ համակարգում է աշխատում, եւ ինչի համար: Չտեսա, որ նրանք աշխատանքի են ներկայանում պետությանն ու բիզնեսին ծառայություն մատուցելու համար, չտեսա աշխատելու ցանկություն, ջանք, եռանդ: Ավելին, աշխատանքը շարունակվում է նույն տեմպով, մի բան էլ` ավելի վատ։ Սա այն դեպքն է, երբ վիրահատական միջամտությունը դառնում է անխուսափելի»: Հետաքրքիր է՝ կոնկրետ ի՞նչ պետք է աներ Հարկային պետական ծառայության ղեկավար կազմը այդ 20 օրերի ընթացքում՝ օգոստոսի 1-ից մինչեւ օգոստոսի 20-ը, որ չի արել՝ հարուցելով նախագահի դժգոհությունը։ Մեր այս հարցին ի պատասխան՝ Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Ես որպես Հարկային ծառայության պետի տեղակալ՝ ի պաշտոնե մասնակցել եմ նախագահի հանդիպմանը հարկային մարմնի հետ բոլոր հանդիպումներին։ Այդ հանդիպումը ոչ առաջինն էր, ոչ էլ երկրորդը։ Եղել են աշխատանքային հանդիպումներ, որոնք չեն լուսաբանվել, եղել են հանդիպումներ, որ մանրամասն լուսաբանվել են։ Հանրապետության նախագահը երբ ասում էր՝ «20 օր առաջ ձեզ ասացի», նա 20 օր առաջ չէր ասել։ Նա մեզ հետ խոսել էր դեռ տարեսկզբին, մեծ հանդիպում էր եղել մայիս ամսին։ Այսինքն՝ տարվա մեջ մի քանի հանդիպումներ են եղել, եւ նա խնդիրը դրել էր, պարզ ասեմ, եւ՛ հավաքագրման մակարդակի, եւ՛ ստվերի, եւ՛ կոռուպցիոն ռիսկերը վերացնելու, աշխատանքները նորմալ կազմակերպելու եւ այսօրվա փոփոխություններին համընթաց գնալու շուրջ։ Այս առումով, փոփոխությունները, որ մեզ մոտ կատարվում էին` չբավարարեցին։ Ես օբյեկտիվորեն ասում եմ, որ այո՛, իսկապես չբավարարեցին այսօրվա պահանջներին։ Վերջին հանդիպման ժամանակ, երբ հուլիս ամսին ունեցանք ցածր ցուցանիշ՝ շուրջ 25-26 միլիարդ դրամ, նախատեսված 30 միլիարդի փոխարեն, այդ պարագայում արդեն նախագահը չէր կարող հանդուրժել, որ սպասի՝ օգոստոսն էլ ավարտվի, նոր գնահատականներ տրվեն։ Դրա համար էլ նա հիշատակեց, որ՝ «20 օր առաջ ձեզ ասել էի»։ Իսկ մենք համապատասխան հետեւություններ եւ աշխատանքի մեջ որակական փոփոխություններ, ըստ էության, չէինք արել։ Եթե անեինք, նաեւ կունենայինք ավելի բարձր մուտքեր»։

Արմեն Ալավերդյանի այս խոսքերը, մի տեսակ, ինքնախոստովանանքի նման հնչեցին՝ հետեւություններ չարեցինք, փոփոխություններ չարեցինքգ Եվ լրագրողների մոտ բնական հարց առաջացավ՝ եթե խոսքը վերաբերում էր հարկային կառույցի ողջ ղեկավար կազմին, ապա ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին միայն ծառայության պետն ու նրա տեղակալներից մեկը։ Այս հարցին Ա. Ալավերդյանը սկզբում հումորով պատասխանեց՝ «Այսինքն ուզում էիք, որ ի՞նձ էլ աշխատանքից ազատեին»։ Հետո փորձեց ավելի լուրջ հիմնավորել կադրային փոփոխությունները. «Ազատվել է Հարկային ծառայության պետը, պետի տեղակալներից մեկը, հրամանագիրը որ ստորագրվի, կտեսնեք, թե ընդհանրապես քանի տեղակալ է լինելու։ Ազատվել են տասնյակ աշխատողներ՝ վարչության պետի տեղակալ կամ բաժնի պետեր, պարզապես դա թերթերում չենք հրապարակում։ Երբ ասում են՝ ղեկավար անձնակազմ, պարտադիր չէ, որ պետի տեղակալ լինի։ Կան վարչության պետեր, բաժինների պետեր։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ բազմաթիվ ազատումներ եղել են՝ նաեւ իրենց դիմումների համաձայն. այս նոր պայմաններում մարդիկ իրենք հարմար են գտել չաշխատել»։