«Կկարողանա՞նք այս ամենից դուրս գալ փոքր արյունով»

12/09/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Պարո՛ն Նավասարդյան, Սերժ Սարգսյանն օրերս հանդիպեց մեր երկիրը ներկայացնող դիվանագիտական կորպուսի հետ: Նա որոշակի դժգոհություն հայտնեց, որ մեր դիվանագետներն անձնական նախաձեռնությունների առումով ակտիվ չեն: Արդյո՞ք դիվանագետների դերը նման հակամարտությունների դեպքում, որպիսին է, ասենք, ռուս-վրացականը, չափազանցված չէ: Այնուամենայնիվ, միջազգային կատակլիզմներն անխուսափելի երեւույթնե՞ր են, թե՞ դրանցից կարելի է խուսափել խելամիտ գործիչների, գրագետ դիվանագիտության շնորհիվ:

– Դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմներն ավելի շատ օրինաչափ երեւույթներ են: Այս դեպքերի կապակցությամբ վերանայեցի 1648 թ.-ի Վեստֆալյան խաղաղության պայմանագիրը. 30 տարի պատերազմելուց հոգնած՝ Եվրոպայի պետությունները որոշեցին խաղաղության մի մոդել գտնել, քանի որ անընդհատ պատերազմները քայքայում էին երկրները: Կողմերը ստորագրեցին բավական լավ փաստաթուղթ, ուր առաջին անգամ դրվեց միջազգային հարաբերությունների մոդելը: Այսինքն՝ արձանագրվեց պետության ցենտրիստական մոդելը, սակայն ընդունվեց նաեւ ազգային ինքնորոշման սկզբունքը, ինչը պետք է հարգվեր միջազգային հարաբերություններում: Սակայն պատմությունը ցույց տվեց, որ այս մոդելը չաշխատեց: Եվ այն, ինչ հիմա կատարվում է, վրաց-օսեթական խնդիր չէ: Սա, թերեւս, վերջին 15 տարվա պատմության ընթացքի վերանայումն է:
– Հնարավո՞ր է, որ դիվանագետների պասիվությունը նախագահը նկատել էր տակավին վերջերս, երբ ձեռքի տակ չունենալով համապատասխան վերլուծություններ, ստիպված էր Ռուս-վրացական պատերազմից անակնկալի գալ նույնքան, որքան անակնկալի կարող էր գալ, ասենք, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, իմանալով Սերժ Սարգսյանի` իրեն Հովիկ Աբրահամյանով փոխարինելու մասին:

– Դիվանագետներից բացի՝ կա Անվտանգության խորհուրդ, կա արտաքին հետախուզություն, որոնք անպայման պետք է այս հարցերով զբաղվեին: Հատկապես այս տարածաշրջանում նման զարգացումներ կանխատեսելի էին տարիներ առաջ: Հանկարծակիի գալը խոսում է պրոֆեսիոնալ ցածր մակարդակի մասին: Այս իրավիճակում մենք կարող ենք դառնալ կոմունիկացիոն շրջափակման զոհ:

– Շատերն էին ենթադրում, թե Հայաստանը ստիպված է լինելու ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, մինչդեռ ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանն, ունենալով ԼՂ-ի խնդիրը՝ չի կարող ճանաչել թե՛ Կոսովոյի, թե՛ նշված երկրների անկախությունը: Ինչն, ի դեպ, ՌԴ արտգործնախարարը համարեց ոչ այնքան հիմնավոր փաստարկ:

– Կարծում եմ, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի չճանաչումը ճիշտ լուծում է: Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանին ոչինչ չէր տա: Ղարաբաղի խնդրի միակ հնարավոր լուծումն այժմ, իմ կարծիքով, բանակցային գործընթացն է: Ռուսաստանի դիվանագետները նշում են, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը կճանաչեն Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան: Կարծում եմ, այս ցանկը Ռուսաստանին պատիվ չի բերում: Եվ հետո, հանուն Ղարաբաղի հարցի կարգավորման՝ Ռուսաստանը, գոնե այսօր, չի գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը, եւ ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում է տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում:

– Սակայն այդ դեպքում Ռուսաստանն՝ առանց տնտեսական լուրջ ճնշումների, չի կարող ակնկալել Հայաստանի անկեղծ բարեկամությունը:

– Կարծում եմ՝ Ռուսաստանը ճիգեր թափելու կարիք չունի Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը պահելու կամ իրեն ավելի մոտեցնելու առումով, որովհետեւ կոմպլեմենտարիզմը, որով 10 տարի շարունակ առաջնորդվում էր մեր արտաքին քաղաքականությունը, իրեն սպառել է:

– Ինտերնետային շատ կայքերում արդեն ցիտում են պայծառատես Վանգային, ով գուշակել է Երրորդ համաշխարհայինի սկիզբը փոքրիկ մի պետությունից: Քանի որ Դուք բնավ պայծառատես չեք, հակառակը՝ դիվանագետ, ենթադրելի է, որ Ձեր եւ Վանգայի կարծիքները կարող են եւ չհամընկնել:

– Երրորդ համաշխարհայինի հավանականությունը, կարծում եմ, չափազանցություն է, եւ ոչ մեկը նման խելահեղության չի գնա: Բայց որոշ իմաստով սա հիշեցնում է 62թ. Կարիբյան ճգնաժամը: Ռուսաստանն այսօր սպառնում է Եվրոպային էներգետիկ մտրակով, սակայն չմոռանանք Սաուդյան Արաբիայի պահուստային նավթի մասին, որ կարող են մեջտեղ բերել եւ գցել նավթի միջազգային գինը: ԱՄՆ-ը բավական լկտի ձեւով վերջին տարիներին ստորացրել է Ռուսաստանը՝ նույն սահմանների սեղմման առումով, եւ այսօր Ռուսաստանի գործողություններում նախեւառաջ, իմ կարծիքով, խոսում է այդ վիրավորվածությունը: Կա Վրաստան, Ուկրաինա, անգամ Մոլդովա:

– Իսկ Հայաստա՞ն:

– Հայաստանի վիճակը շատ բարդ ու լարված եմ տեսնում: Չեմ նախանձում նախագահին, արտգործնախարարին: Պետք է լինել ակտիվ եւ ունակ՝ ընդունել ոչ ստանդարտ որոշումներ: Կոմպլեմենտար քաղաքականությունն, արդեն ասացի, հեռանկար չունի: Մեդվեդեւի հայտարարությունը՝ կապված Ռուսաստանի համար արտոնյալ տարածքների հետ, այսպիսին էր՝ այո, կան երկրներ, որոնց հետ մենք պետք է ամրապնդենք մեր կապերը, եւ այլն, եւ այլն: Նախեւառաջ, ես այդ երկիրը տեսնում եմ Հայաստանը: Եթե Ռուսաստանը այսօր գտնում է, որ կա տարածաշրջան, ուր լարվածությունը հասել է շիկացման, որ այդտեղ կա երկիր, որի հետ ավանդական լավ հարաբերություններ է ունեցել, ուրեմն, նա պետք է ուժեղացնի այդ երկիրը: Եթե դա տեղի է ունենում, ուրեմն մեր կոմպլեմենտար քաղաքականության հնարավորությունները նվազում են:

– Ի՞նչ օգուտներ կարող է քաղել Հայաստանն իր բարեկամությունից Ռուսաստանի հետ: Դա իր մեջ ռիսկի գործոն չի՞ պարունակում:

– Բարեկամությունը լինում է փոխադարձ: Ռուսաստանին ու Վրաստանին տեսանելի ապագայում խաղաղ հեռանկար չի սպասվում: Ալտերնատիվը Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններն են: Ռուսաստանը պետք է աջակցի մեզ՝ հասնել Թուրքիայի կողմից սահմանների բացմանը, թեեւ չեմ կարծում, որ Թուրքիան գնա սահմանների բացմանը, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը: Այսինքն, փակ սահմանների պատճառն ավելի շուտ Ղարաբաղի թնջուկն է, քան անգամ ցեղասպանության ճանաչումը: Ռուսները հասկանում են, եւ պատահական չէ, որ Կարս-Գյումրի երկաթուղագիծը կարծես շահագործման են պատրաստում: Հաշվի առնենք, որ Իրանի հետ հույս կապելը ահավոր թանկ է. Մեղրիից Պարսից ծոց 1000 կմ է: Բայց թե հարաբերությունները Թուրքիայի հետ ինչպես կդասավորվեն, կախված է միջազգային իրադրությունից. հոգեբանական, գաղափարական որոշ հարցեր պետք է մի կողմ դնել:

– Նշեցիք, որ արտաքին հարաբերություններում մեր իշխանությունները կարող են հաջողության հասնել՝ հմուտ, գրագետ քաղաքականության շնորհիվ: Սակայն չմոռանանք, որ նույն այդ իշխանություններն ունեն նաեւ ներքին խնդիրներ. ի վերջո, Հայաստանում ներքաղաքական դրությունը գնահատվում է որպես ճգնաժամային: Որքանո՞վ է դյուրին մանեւրել միջազգային հարաբերություններում, երբ կան ներքին լուրջ խնդիրներ:

– Հայաստանն այսօր, իրոք, ներքաղաքական ճգնաժամի մեջ է: Իսկ սա նշանակում է, որ արտաքին քաղաքականության ասպարեզում դժվար է ադեկվատ որոշումներ կայացնել եւ հաջողության հասնել: Երբ ասում ենք՝ կանխատեսել տարածաշրջանի զարգացումները, չի նշանակում՝ մի երկու ցիստեռն ավելի բենզին բերել: Առաջին հերթին պետք է շտկենք մեր տան ներքին գործերը: Այս դեպքում կանգնում ենք դարձյալ լեգիտիմության վրա:

– Սերժ Սարգսյանի համաժողովրդական միասնության կոչն ինչպե՞ս եք ընկալում. ունի՞ մեր իշխանությունը վստահության անհրաժեշտ ռեսուրս՝ իր խոսքը լսելի դարձնելու համար:

– Ոչ: Սակայն, բարեբախտաբար, մեր ընդդիմությունը հասկանում է պահի լրջությունը: Ողջունում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը՝ հետաձգել ամսի 5-ի հանրահավաքը: Ես, անշուշտ, Տեր-Պետրոսյանի կողմնակիցն եմ: Նրա արտաքին քաղաքականությունը հավասարը չունի մեր քաղաքական էլիտայի շրջանում: Ասում ենք՝ ռեժիմն ունի ճգնաժամ, ունի լեգիտիմության խնդիր, ժողովուրդը չի հավատում պետական ինստիտուտներին, արդարության հաղթանակին: Մյուս կողմից, կա լեգալ իշխանություն, ով հասկանալով այս բոլորը, պետք է միջոցներ ձեռնարկի՝ պակասեցնելու, նվազեցնելու լեգիտիմության դեֆիցիտը: Փոխանակ արվի ամեն բան՝ ճեղքվածքը նվազեցնելու, միասնության հասնելու համար, արվում է հակառակը: Քաղբանտարկյալներ, մարտիմեկյան ողբերգությունը, դատական համակարգի խայտառակ վիճակը: Այս ամենը երբեւիցե թույլ չի տա շտկել իրավիճակը, իսկ դա էլ իր հերթին թույլ չի տա մանեւրել հարեւանների հետ հարաբերվելիս: Սերժ Սարգսյանի ամենամեծ խնդիրը իր խորհրդականների մեջ է, ովքեր նրան ճիշտ խորհուրդներ չեն տալիս:

– Բոլոր պետությունները՝ որպես առաջնահերթություն, նշում են մարդու կյանքի, ապրելու իրավունքը, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նավթի մեկ խողովակի գինը կարող է դառնալ մի ողջ ժողովրդի ոչնչացումը:
– Այո, բոլորը մարդուն հռչակում են որպես գերագույն արժեք, սակայն կյանքը ցույց է տալիս հակառակը: Դիտարկենք քաղաքագետ Զբիգնեւ Բզեժինսկու վերլուծությունը՝ վերջին իրադարձությունների շուրջ: Նա նախ ասում է՝ ԱՄՆ-ը չի կարող Վրաստանը թողնել անտեր, քանի որ դա ժողովրդավարության, մարդու իրավունքների խախտում է, չար Ռուսաստանը ցանկանում է Վրաստանը զրկել ժողովրդավարական ինստիտուտներից: Մի խոսքով՝ կարեւորում է հարցի բարոյական կողմը: Սակայն անմիջապես ավելացնում է ՝չմոռանանք ԱՄՆ հետաքրքրությունների գեոստրատեգիկ կողմը, քանի որ Վրաստանով այսօր անցնում է կասպիական նավթը, որին կարող է միանալ միջինասիական նավթը, ինչը դիվերսիֆիկացնում է Արեւմուտքի կախվածությունը վառելիքից, ուրեմն չենք կարող անտարբեր մնալ Վրաստանի հանդեպ: Այսինքն՝ դարձյալ դրվում է շահի խնդիրը: Նույնը՝ նաեւ Ռուսաստանի դեպքում: Որքան էլ ՌԴ նախագահ Մեդվեդեւը պնդում է, որ խնդիրը նախեւառաջ օսերի անվտանգությունն է, կարծում եմ, որ ռուսները դեռ շատ առաջ կգնան, քանի որ հսկայական միլիարդների խնդիր կա, անգամ՝ անհատական միլիարդների: Պարզապես չեմ հասկանում՝ ինչպե՞ս են վաղը լուծելու իրենց խնդիրը, եթե Արեւմուտքը որոշի սառեցնել նրանց բանկային հաշիվները, երբ վտանգվի որոշումը՝ 2014-ին օլիմպիական խաղերն անցկացնել Սոչիում, ինչն, ի դեպ, առաջարկում է նույն Բզեժինսկին:

– Կոնֆլիկտի բոլոր երկրների ղեկավարների վարքը մի փոքր տարակուսանք է առաջացնում. Վրաստանի նախագահը փողկապն էր ծամում, խոսվում է Բուշի եւ ինտելեկտի անհամատեղելիության մասին, Պուտինն անհասկանալի քաջություն էր դրսեւորում: Երկրի ղեկավարի անձը որքանո՞վ է պայմանավորում երկրի ճակատագիրը:

– Պատմությունը ցույց է տալիս, որ հաճախ անհատից է կախված շատ ժողովուրդների ճակատագիրը: Օրինակ՝ Պուտինի գործողությունnերի մեջ ես անձնական հակակրանք, ատելություն եմ տեսնում դեպի Սահակաշվիլին, եւ սա իր դերը խաղում է: Սակայն Հայաստանն այժմ մեկ խնդիր ունի՝ այս ամենից դուրս գալ փոքր արյունով: