«Պետական կառավարման համակարգն ունի առողջացման, որակյալ եւ բարձրակարգ մասնագետների կարիք, եւ դրա համար պետք է իրականացվեն համալիր ծրագրեր»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը` նշելով, թե առաջին հերթին անհրաժեշտ է որակյալ վարձատրություն, ինչը, սակայն, Հայաստանում չկա: «Այդ պատճառով պետական հատվածը հրապուրիչ չէ լավ մասնագետների համար, երիտասարդները 1-2 տարի փորձառություն ձեռք բերելով` հեռանում են: Իհարկե, պետական ծառայողի վարձատրության չափը վերջին տարիներին աճել է, սակայն այն բավարար չէ, դինամիկան պետք է պահպանվի եւ ավելանա»,- ասել է նա` հավելելով, թե հույս ունի, որ «2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով` համակարգի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մոտ 50 տոկոսով: «Արդյունավետ պետական կառավարման համակարգի ձեւավորման գործում կարեւորագույն դերակատարում ունեն համակարգում ընդգրկված մարդիկ` պետական եւ քաղաքացիական ծառայողները: Քաղաքացիական ծառայողների ոչ միայն մասնագիտական, այլեւ զուտ մարդկային հատկանիշներից է կախված, թե որքանով պետական կառավարման համակարգը մոտ կլինի քաղաքացուն, որքանով կլուծի նրա խնդիրները»,- ընդգծել է նա: Մ. Բադալյանի ասելով` Հայաստանի պետական կառավարման համակարգը ցանկալի չափով արդյունավետ գործունեություն դեռ չի կարողանում իրականացնել, քանի որ առայժմ չլուծված են մնում մի շարք խորքային եւ կարեւորագույն խնդիրներ: «Այդ խնդիրները մեկ հարվածով չեն լուծվի, որովհետեւ պարունակում են մասնագիտական, հոգեբանական եւ բարոյական ասպեկտներ»,- նշել է նա: Կոնկրետ Մ. Բադալյանը «բարոյական առումով» համոզված է, որ ոչ բոլոր տեսակի մարդիկ են, որոնց կարելի է թույլատրել լինել քաղաքացիական ծառայող, «նրանց ուղղակի հակացուցված է լինել պաշտոնյա: Սակայն նման մարդիկ մեր կառավարման համակարգի օղակներում առկա են, եւ ելնելով իրենց պաշտոնից` շատ հաճախ իրենց անձն ավելի վեր են դասում իրենց դիմած քաղաքացիներից: Նրանք պետք է գիտակցեն, որ իրենք ծառայող են, ծառայում են պետությանը, հանրությանը, քաղաքացիական հասարակությանը, սակայն յուրաքանչյուրը չէ, որ դա կարող է գիտակցել»,- ասել է Մ. Բադալյանը: Ըստ նրա` պետական կառավարման արդյունավետ համակարգ ձեւավորելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի աշխատանքն անհատապես գնահատել, որը ՀՀ կառավարության հռչակած գերակայություններից մեկն է: «Աշխատանքի կատարողականի գնահատման շնորհիվ մենք կկարողանանք յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի աշխատանքի որակը եւ ծավալը չափելով ու գնահատելով` նրա վարձատրությունը կախման մեջ դնել իր կատարած աշխատանքից: Ներկայումս հիմնականում դա համահարթեցված է եւ չի խթանում որակյալ աշխատանքի կատարմանը»: «Օրինակ` միեւնույն ստորաբաժանման երկու հավասարազոր պաշտոն զբաղեցնող մարդիկ, անկախ իրենց աշխատանքի արդյունքից, ստանում են հավասար վարձատրություն»,- ասել է նա: Մ. Բադալյանի հավաստմամբ` աշխատանքի կատարողականի գնահատման ինստիտուտի ներդրումը բարդ եւ ծավալուն մեթոդական խնդիր է, քանզի պետք է անհատապես գնահատել ավելի քան 7500 քաղաքացիական ծառայողների աշխատանքը: «Դա մեծ պատասխանատվություն է պահանջելու, նաեւ` գիտատար խնդիր է, անհրաժեշտ է գիտական ներուժ, մշակված չափորոշիչներ: Չինովնիկի պարագայում աշխատանքի որակը եւ ծավալը պարզելը բավականին բարդ խնդիր է, դա նյութական արտադրանք չէ, որի ծավալները ենթակա են չափման: Սակայն ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա որոշ չափով օպտիմալացնելու մի շարք նախարարությունների ուռճացված աշխատակազմերը, այնտեղ կան աշխատակիցներ, որոնք ուղղակի պետք չեն, պետք է մնան միայն նրանք, ովքեր գիտեն իրենց կոնկրետ կատարվելիք աշխատանքը, դրա ծավալը եւ պատասխանատվությունը: Ըստ այդմ նրանք կգնահատվեն»,- ասել է Մ. Բադալյանը:
Նա համոզված է, որ այս հանգամանքը չպետք է դիտարկել որպես պետական կառավարման համակարգի աշխատակիցների կրճատում: Աշխատակիցները, որոնք բարեխիղճ են, մասնագիտացված են եւ «ունեն անհրաժեշտ նաեւ բարոյական հատկանիշներ», կմնան համակարգում: Սակայն մի քանի նախարարությունների անհրաժեշտ է 20-25 տոկոս «բեռնաթափում»: Այս գործընթացը բնական է եւ կամայականություններ չպետք է լինեն, որը կլինի համակարգի ձեռքբերումներից մեկը»,- ասել է նա:
Հուսով ենք` չինովնիկների բարոյական հատկանիշների ստուգման արդյունքում ՀՀ նախարարություններն ամբողջությամբ չեն «բեռնաթափվի»: