Դպրոցական օազիս՝ կրթության անապատում

12/09/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մենք շարունակում ենք քարշ տալ խորհրդային դպրոցի ծանր բեռը՝ բողոքելով նրա անպտղությունից, սակայն չենք համարձակվում վերջնականապես այն դեն նետել։ Խորհրդային դպրոցի ծնունդ լինելով, կենսաբանորեն չենք կարողանում պոկվել մեզ ծնունդ տված անցյալից եւ ավելորդ պորտալարով փորձում ենք սոսնձել անցյալն ու ներկան, իսկ այդ ներկան ոչ այլ ինչ է, քան անցյալի հիշողությունների եւ ապագայի տարտամ երազանքների բացատ, ուր մոլախոտերն ավելի շատ են, քան նեկտարով հարուստ ծաղիկները։

Վերջին տարիներին ժամանակի թելադրանքով շատ դպրոցներ ու վարժարաններ են բացվել, սակայն մեծ մասամբ՝ խորհրդային հենքով եւ շահույթ ստանալու դիտավորությամբ։ Սրանցում այս կամ այն կերպ արտաքուստ ինչ-որ բարելավումներ կան, սակայն խորքով արմատական թերություններ ունեն։ Հայտնի վարժարաններից մեկի հաջողությունն, օրինակ, պայմանավորված է սաներին ծանրաբեռնելու գործելաոճով, որին քչերն են դիմանում, եւ որը աշակերտին զրկում է ինքնադրսեւորման հնարավորությունից։ Այս վարժարանում սովորողները գրեթե ազատ պահ չեն ունենում ո՛չ հանձնարարություններից ուշքի գալու, ո՛չ էլ հասկանալու «կուլ» տվածը, սակայն հաջողությամբ ընդունվում են բարձրագույն եւ կարող են լավ ուսանողներ համարվել ու հիասթափվել բուհական ցածր մակարդակից. նրանք դառնում են լավ կատարողներ։

Հանրապետությունում համբավ ունեցող մի այլ վարժարանի հաջողությունն էլ պայմանավորված է հիմնականում մտավորական ընտանիքներից սերված պատրաստի սաներով. այս վարժարանն էլ ուսման ընթացքում սեփական հեղինակությունը պահպանելու համար զտումներ է անում չհարմարվող սաներից։ Այստեղ էլ հիմնական մեթոդը խստությունն է, եւ մոտեցման ձեւը՝ միօրինակ, որով գրեթե չի տարբերվում սովորական դպրոցի ճահճացող մթնոլորտից, ավելին, վճարովի լինելով հանդերձ, տարածված են կրկնավճար պարապմունքները, այսպես ասած, ետ մնացող աշակերտների հետ։ Այս վարժարանի շրջանավարտներին էլ են բուհերն առաջնություն տալիս, քանի որ ուսման ողջ ընթացքն ուղղված է հենց բուհ ընդունվելու նպատակին, եւ շատ կարեւոր առարկաներ, որ թե՛ բուհում, թե՛ աշխատանքում անհրաժեշտ են աշակերտին, բայց քննական առարկա չեն, մատուցվում են մատների արանքով։ Այս վարժարանում էլ աշակերտի անհատականությունը երկրորդական է, կամ գլուխ չեն հանում դրանից, սակայն նրանք էլ կարող են լավ կատարողներ լինել։

Կան վարժարաններ էլ, որոնց հաջողությունը պայմանավորված է դասարանի քիչ ծանրաբեռնվածությամբ, եւ երեխան ավելի հանգիստ է զգում այդ միջավայրում։ Վճարովի լինելու հանգամանքն էլ ստիպում է ավելի կոռեկտ վարվել սաների հետ։

Վճարովի թե անվճար, էլիտար թե սովորական դպրոցների ու վարժարանների շարքում առանձնանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որն իսկապես օազիս է մեր այդպես էլ չկայացող կրթահամակարգում։ Սա, կարելի է ասել, «փոքրիկ» մարդկանց փոքրիկ հանրապետություն է՝ մեծ հանրապետության ներսում, որը համարձակվել է դեն նետել խորհրդային շապիկն ու ապրել ներկայի պահանջներով, մերվել նրան ու նրա հետ լինել ներդաշնակ։ Այստեղ արժեքներն ու չափանիշներն այն մակարդակի են, ինչի մասին շարունակաբար խոսվում է, բայց որի մասին պատկերացումները տարտամ են: Կրթօջախի կարեւորագույն նվաճումն իրական ազատությունն է, մարդու հոգեւոր, ներքին ռեսուրսների ու դրա դրսեւորումների ազատությունը, փոխադարձ սերը սովորողների, ուսուցիչների եւ ծնողների միջեւ, փոխըմբռնումն ու համագործակցությունը։ Այստեղ ոտք են դնում մսուր-մանկապարտեզից, սովորում ու ապրում են, ստեղծագործում, հետազոտում, պատրաստում։ Կյանքի բոլոր ասպարեզները ներառված են կրթահամակարգում։ Համալիր ուսուցումը թույլ է տալիս ուսումնական ցանկացած ոլորտ ու պրոցես անցկացնել կրթօջախի ներսում եւ հատուկ խմբակային պարապմունքների համար չվազվզել քաղաքի մի ծայրից մյուսը, սեփական տրանսպորտը ծնողներին փրկում է երեխայի անցնելիք ճանապարհի մասին մտահոգությունից։ Կրթօջախը հագեցած է տեխնիկայով, իրագործվում է բուժսպասարկում, հոգեբանի, իրավաբանի ծառայություն, ունի գրադարան բառիս բուն գրադարանային իմաստով, որը ոչ թե փոշու մեջ կորած արխիվ է, ինչպես հանրապետության շատ ուսումնական հաստատություններում (որտեղից օգտվելու համար համբավ ունեցող մեր վճարովի մի վարժարան աշակերտից լրացուցիչ գումար է վարձում), այլ աշխատանքային եռուզեռի կենտրոն, որտեղ բանավեճեր ու քննարկումներ են լինում, ներկայացվում են ուսուցիչների ու աշակերտների հետազոտական աշխատանքները, լինում են տարաբնույթ սեմինարներ, արծարծվում հանրապետական հնչեղություն ունեցող խնդիրներ։ Գրադարանը ստանում է ոչ միայն տեղական գրականությունն ու մամուլը, այլեւ ժամանակի կարեւոր գրականությունն առհասարակ, լրանում սեփական՝ աշակերտների ջանքերով ստեղծվող թերթերով ու ամսագրերով։ Կրթության շեշտադրությունը ոչ թե գնահատականի վրա է, ինչպես ամենուր, այլ ուսումնաաշխատանքային, հետազոտական-ստեղծագործական, որոնողական ուսուցման ու աշխատանքի։ Այստեղ սովորում ու աշխատում է թե՛ աշակերտը, թե՛ ուսուցիչը։ Համակարգչային ցանցը թույլ է տալիս նրանց ազատորեն օգտվել ինտերնետ ծառայությունից։ Ուսուցիչներն ուղղակի պարտավորված են թարմացնել ուսուցման մեթոդները եւ ուսման պրոցեսը դարձնել ճկուն ու անհատական, աշակերտների հետ հավասար զբաղվել հետազոտական աշխատանքով։ Համակարգչային մտածողությունն առնչվում է ոչ միայն բուն սարքավորման թելադրանքի հետ, այլեւ այն ներդրված է դասագրքային ուսուցման հիմքում, ինչը թույլ է տալիս աշակերտին հաճույքով եւ ինքնուրույն զբաղվել դասագրքով։ Սանհանգույցն ու խոհանոցներն ընտանեկան բնույթի են, եւ տարրական դասարանների աշակերտները միջանցքի մի ծայրից մյուսը գնալու հարկ չունեն եւ այդ առումով չեն շփվում բարձրդասարանցիների հետ, ու պահպանվում է երեխաների հիգիենայի կուլտուրան։ Երեխաներն ազատորեն իրենց ձեռքով են պատրաստում սեփական նախաճաշը, այսինքն՝ խոհանոցը ոչ միայն սնվելու համար է, այլ յուրօրինակ դաս-աշխատանք, որն անում են հաճույքով։ Սեփական ուժերով կարգի են բերվում բակն ու դպրոցական միջավայրը, որտեղ էլ հողի հետ կապված աշխատանքներ են արվում։ Այսինքն՝ ուսուցումն ու աշխատանքը սերտորեն ներթափանցված են, այնպես, ինչպես պահանջում է կյանքը։ Կրթօջախն ունի սեփական ինտերնետային կայքը եւ հրատարակում է ուղեցույցներ դպրոցի ողջ համակարգին ծանոթանալու համար։ Այստեղ յուրաքանչյուր մանրամասն արժանի է ուսումնասիրման եւ ընդօրինակման, եւ պատահական չէ, գուցե, որ կրթօջախը Կրթության նախարարության փորձարարական դպրոցն է, միայն անհասկանալի է, թե ինչու այս մարդասիրական համակարգը չի դառնում համաժողովրդական սեփականություն եւ չի ներդրվում առանց այն էլ կաթվածահար կրթության ոլորտում։