Արդեն մի քանի ամիս է` մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ԱԺ աշնանային նստաշրջանը սկսվելու է առանց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի: Սակայն երեկ ԱԺ-ում որեւէ արտառոց դեպք չի արձանագրվել, եւ ԱԺ նիստը սկսվել ու ավարտվել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ կիրակի օրը ՀՀԿ գործադիր մարմինը նիստ էր գումարել եւ հայտարարություն էր տարածել, թե ՀՀԿ-ն այլեւս «նպատակահարմար» չի գտնում ԱԺ նախագահի պաշտոնում Տ. Թորոսյանի պաշտոնավարումը, եւ նրա փոխարեն «նպատակահարմար» է գտնում ԱԺ նորընտիր պատգամավոր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Շատերն ակնկալում էին, որ երեկ Տիգրան Թորոսյանը հրաժարականի դիմում գրած կլիներ եւ արդեն իր տեղը զիջած կլիներ Հ. Աբրահամյանին, սակայն ապարդյուն: Երեկ Տ. Թորոսյանը սովորականի պես ներկայացել է աշխատանքի, շատ հանգիստ եւ ուրախ տրամադրությամբ: Իսկ լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքն իր խոսքը կասի սեպտեմբերի 16-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում: ՀՀԿ գործկոմի վերոնշյալ որոշման վերաբերյալ Տ. Թորոսյանն ասել է, թե ինքը չի ցանկանում մեկնաբանել այն, որովհետեւ «նման որոշումները պետք է հաստատվեն կուսակցության խորհրդում, սա է կանոնադրությունն ասում: Այդ մասին խոսվել է գործադիր մարմնի նիստում եւ առաջարկվել է խորհրդի նիստ հրավիրել սեպտեմբերի 16-ին: Այնպես որ` սա է ընթացակարգը: Ես կարծում եմ, իմաստ չունի մինչ այդ որեւէ բան մեկնաբանել»: Տ. Թորոսյանի պատասխաններից նաեւ ակնհայտ է դարձել, որ նա ամենեւին էլ մտադրություն չունի հրաժարականի դիմում ներկայացնել: Նա ասել է, թե բոլորին էլ պարզ է, թե ինչպիսին է լինելու իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: «Այսինքն` չե՞ք պատրաստվում հրաժարական տալ» հարցին Տիգրան Թորոսյանը չի պատասխանել: Հիշեցնենք, որ Տ. Թորոսյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, եւ եթե իր կուսակցությունը եւ ԱԺ-ն գտնում են, որ ինքը պետք է հրաժարական տա, ապա պետք է անվստահություն հայտնեն եւ ԱԺ ամբիոնից հայտարարեն, թե ով ինչու է դժգոհ իրենից: Հարցին, թե հնարավո՞ր է` վերանայվի իր այդ դիրքորոշումը, Տ. Թորոսյանը պատասխանել է. «Ես խորհուրդ կտամ տրամաբանական հարցադրումներ ձեւակերպել եւ պարզ հարցեր չտալ, որոնց պատասխանը շատ պարզ է»: