«Ես հավատացած եմ, որ իմ այցը վերացրեց Կովկասում գոյություն ունեցող հոգեբանական պատնեշը: Եթե այս մթնոլորտը շարունակական լինի, ամեն ինչ առաջ կշարժվի ու կնորմալանա: Այցելությունս ավարտեցի դրական զգացումներով եւ մտքերով»,- Երեւանից Անկարա վերադարձի ճանապարհին, օդանավում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա իր Երեւան կատարած այցը գնահատել է «արդյունավետ եւ խոստումնալի»` հույս հայտնելով, որ դա կարող է բեկում մտցնել հայ-թուրքական հարաբերություններում: Տեղեկացնելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր` Թուրքիայի նախագահը միաժամանակ ասել է, որ հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին չեն խոսել: «Կովկասի ամենակարեւոր հարցը Ղարաբաղյան հիմնահարցն է. Իմ այցը Երեւան կարող է նպաստել այդ հարցի լուծմանը: Մեզ համար նաեւ հաճելի էր տեղեկանալ, որ Հայաստանը սատարում է Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու` Թուրքիայի առաջարկը»,- ասել է Ա. Գյուլը: Ըստ թուրքական «Հյուրիեթի», Գյուլը միաժամանակ տեղեկացրել է, որ հանդիպումների ընթացքում չի խոսվել Հայոց ցեղասպանության մասին: «ՀՀ պաշտոնյաները որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել այսպես կոչված «ցեղասպանության» առնչությամբ»,- ասել է Գյուլը: Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով «Ֆրանսպրեսը», փոխանցում են, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, ով ուղեկցում էր Գյուլին եւ այնուհետեւ հանդիպեց Էդուարդ Նալբանդյանի հետ, հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկել ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը: Երկու արտգործնախարարները համաձայնության են եկել կրկին հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որն առաջիկայում տեղի է ունենալու Նյու Յորքում: