Ադրբեջանի պետական նավթընկերությունն այս տարվա ապրիլ-օգոստոսին 160 մլն խորանարդ մետր գազ է արտահանել Վրաստան: Այդ մասին հաղորդել են ընկերության ներկայացուցիչները: Օգոստոսին արտահանման ծավալը կազմել է 35,6 մլն խորանարդ մետր: Վրաստանին գազի մատակարարումներ սկսվել են ապրիլին: Օրական այդ երկրին մատակարարվում է 1,2-1,5 մլն խորանարդ մետր գազ: Ադրբեջանի պետական նավթընկերությունը սեփական գազ է արդյունահանում: Մայիսին ընկերությունը 30 մլն խորանարդ մետր սեփական բնական գազ է արտահանել Իրան: Այդ մատակարարումներն իրականացվում են «Ազերիգազ» փակ բաժնետիրական ընկերության խողովակաշարերով: Գազն Իրանին մատակարարվում է հազար խորանարդ մետրը 300 դոլար գնով: Ադրբեջանին եւ Իրանին կապում է 1474,5 կիլոմետր երկարությամբ Ղազի Մահոմեդ-Աստարա-Բինդ-Բիանդ գազամուղը, որի 296,5 կիլոմետրն անցնում է Ադրբեջանի տարածքով: Դրա թողունակությունը տարեկան 10 մլրդ խորանարդ մետր է: Այդ ուղեգիծը Ղազախ-Աստարա-Իրան գազամուղի ճյուղավորումն է, որը շահագործման է հանձնվել 1971 թվականին: