«Շիկահողում» վերականգնման աշխատանքներ են կատարում

12/09/2008

ՀՀ կառավարության ընթացիկ տարվա պահուստային ֆոնդից 34 մլն 791.000 դրամ է հատկացվել ՀՀ Բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Շիկահող» պետական արգելոցի գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների, էտալոնային, լանդշաֆտային, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամակարգերի պահպանման եւ կենսաբազմազանության վերարտադրության ապահովման համար: Բնապահպանության նախարարության բնության եւ բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի պետ Աշոտ Հարությունյանն «Արմենպրեսին» ասել է, որ վերոհիշյալ գումարի շրջանակներում շուրջ 100 հա-ի վրա ներկայումս կատարվում են անտառկուլտուրաների լրացման, խնամքի, նոր ծառատեսակների տնկման, ցանքի, սանիտարական խնամքի, ինչպես նաեւ վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքներ: Բացի դրանից, 2 հա-ի վրա հիմնվել է ցանկապատված տնկարանային տնտեսություն, որտեղ աճեցվում են շուրջ 20.000 տարբեր տեսակի տնկանյութեր: Վերոնշյալ միջոցառումներից բացի, արգելավայրի տարածքում անցկացվում է էնդեմիկ ծառերի եւ բուսատեսակների գույքագրման, դրանց խնամքի, մշակման, ցանկապատման, ներտարածքային ճանապահների բարեկարգման, ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներ: Ըստ նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Արամ Աղասյանի` «Շիկահող» պետական արգելոցի բնական էկոհամակարգերը դեռ հնուց ենթարկվել են ուժգին անթրոպոգեն ազդեցության: Չնայած մեծ մասշտաբների անտառահատումներ այստեղ չեն կատարվել, սակայն անասունների ինտենսիվ արածեցումն ինչպես ալպիական գոտում, այնպես էլ անտառային բացատներում բացասական ազդեցություն են թողել բուսականության վրա: Վերոհիշյալ դեպքերն ու որսագողությունը կանխարգելելու նպատակով նշված տարածքում անցկացվում են նաեւ ստուգայցեր եւ շուրջօրյա հերթապահություն: