Տղամարդիկ գերակշռող են

12/09/2008

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ներկայում կա շուրջ 2800 ՄԻԱՎ վարակակիր:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից «Արմենպրեսին» ասել են, որ 1988թ. մինչեւ 2008թ. հուլիսի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 613 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: Ընդ որում, 2007թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ. ընթացքում` 75 նոր դեպք: 1988թ. մինչ օրս ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում՝ 285 դեպք` նշված ժամանակահատվածում գրանցված ընդհանուր դեպքերի 46,5%-ը: ՄԻԱՎ վարակակիրների թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 10%: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 456 մարդ (74,4%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 157 դեպք (25,6%): ՄԻԱՎ վարակի 13 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների զգալի մասը (70,5%) 20-39 տարիքային խմբում է: Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49,1%) եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (44,2%): Սրանցից բացի` Հայաստանում արձանագրվել են նաեւ մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել եւ, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (60,1%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,6%):ՄԻԱՎ վարակով հիվանդներից 258-ի մոտ (այդ թվում` 50 կին, 6 երեխա) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում, 59-ը` 2007թ. ընթացքում, 48-ը՝ 2008թ. ընթացքում: 1988-ից մինչ օրս Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 143 դեպք, այդ թվում` 22 կին եւ 3 երեխա: Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով եւ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով վարակվածության դեպքերի հիմնական արձանագրումը սկսվել է 1988թ.: ՁԻԱՀ-ից մահվան առաջին դեպքը գրանցվել է 1989թ.: 2007թ. թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը եղել է մոտ 6,8%:

2007թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն ապրում է 33,2 մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ. նրանց գերակշիռ մասը՝ 22,5 մլն-ը, բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաեւ Հայաստանը եւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ վարակով հիվանդների թիվը հասել է 1,6մլն-ի: 2007թ. ընթացքում մոտ 2,5 մլն մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով. նրանցից 150 հազարը` մեր տարածաշրջանում: Դա ավելի քան 4 անգամ գերազանցում է՝ Արեւմտյան Եվրոպայում, եւ ավելի քան 3 անգամ՝ Հյուսիսային Ամերիկայում նոր դեպքերի թիվը: Մեր տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի զարգացման տեմպերն ամենաբարձրն են աշխարհում: 2007թ. ընթացքում մահացել է մոտ 2,1մլն ՁԻԱՀ-ով հիվանդ, որից 55.000-ը` մեր տարածաշրջանում: Աճում է ՄԻԱՎ վարակով հիվանդ երեխաների եւ կանանց տեսակարար կշիռը: 2007թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում կա ՄԻԱՎ-ով ապրող 2,5 մլն երեխա եւ 15,4 մլն կին: 2007թ. ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվել է շուրջ 420.000 երեխա: Այդ նույն ժամանակաընթացքում շուրջ 330.000 երեխա է մահացել ողջ աշխարհում: