Անցած տարիներին Հայաստանի ջրամատակարարման, ջրահեռացման ու ոռոգման
ցանցերը վերականգնելու նպատակով այդ համակարգը դոնոր
կազմակերպություններից ու ՀՀ կառավարությունից ստացել է վարկային ու
պետական հսկայական գումարներ: Հավանաբար, այս միջոցներն արդյունավետ
ծախսելու նպատակով՝ կառավարությունը 2001թ. փետրվարին ստեղծեց Ջրային
տնտեսության պետական կոմիտե: Կոմիտեի հսկողության տակ անցան ջրային ոլորտի
բոլոր ընկերությունները՝ Երեւանի «Ջրմուղ-կոյուղին», «Հայջրմուղկոյուղին»,
«Ոռոգումը» եւ այլն: Կոմիտեի ստեղծումը քիչ համարելով՝ կառավարությունը
նույն թվականի մայիսին թիվ 395 որոշմամբ ստեղծեց մեկ այլ՝
«Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում»
պետական հիմնարկը («ՋՋՀԾԻ» ՊՀ): Այն պետք է ենթարկվեր Ջրպետկոմին եւ հսկեր
վերոնշյալ աշխատանքները: Նույն որոշմամբ ամրագրվեց հիմնարկի պահպանման
ծախսերը կատարել տարեկան ծրագրով նախատեսվող օբյեկտների շինարարական
արժեքի 4%-ի չափով մասհանման հաշվին եւ սահմանվեց, որ «պետական հիմնարկի
պահպանման ծախսերի նախահաշիվը հաստատում է Ջրպետկոմը՝ համաձայնեցնելով ՀՀ
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ»:
Ազգային ժողովի Վերահսկիչ պալատն անցած տարի այս համակարգում
ուսումնասիրություն անցկացնելիս պարզել է, որ 2003թ. «ՋՋՀԾԻ» ՊՀ-ի կողմից
գործունեություն չի իրականացվել, չի հաստատվել տարեկան նախահաշիվը եւ
հաստիքացուցակը: Ավելին, ոչ մի գործունեություն չիրականացնելով անգամ՝
հիմնարկը կուտակել է պարտքեր: Պարտքերը մարելու փոխարեն՝ ունեցած
միջոցներով ձեռք է բերել ու պահեստավորել է մեծ քանակությամբ վառելիք, որը
ծախսել է 2002թ.: Պարզվել է, որ այդ 2002թ. ընթացքում էլ ՊՀ-ն ոչ մի
գործունեություն չի իրականացրել:
«Ջրպետկոմը որպես լիազոր մարմին հիմնարկի գործունեության նկատմամբ
վերահսկողություն չի իրականացրել, չի քննարկել հաշվետվությունները եւ
կասեցրել հիմնարկի տնօրենի հրամանները, ցուցումներն ու հրահանգները, որոնք
հանգեցրել են տարեկան գերծախսի»,- նշված է ԱԺ ՎՊ այս տարվա հաշվետվության
մեջ:
Ստեղծումից երկու տարի անց, 2003թ. 964-Ա որոշմամբ կառավարությունը
«ՋՋՀԾԻ» ՊՀ-ի ոչ արդյունավետ գործունեությունն ի վերջո դադարեցրել է: Իսկ
մեկ այլ՝ 2003թ. 1692-Ա որոշմամբ՝ իր պահուստային ֆոնդից 52 մլն 508.000
դրամ է հատկացրել կուտակած պարտքերը մարելու համար: Փաստորեն «ՋՋՀԾԻ» ՊՀ-ի
տնօրենն այդ ամբողջ ընթացքում չունենալով հաստատված ծախսերի նախահաշիվ ու
հաստիքացուցակ, գործունեություն չիրականացնելու պարագայում 2002 եւ
2003թթ. աշխատանքից ազատել եւ ընդունել է աշխատակիցներ, որոշ
աշխատակիցների աշխատավարձ բարձրացրել է նույնիսկ 100%-ի չափով: Հիմնարկի
կողմից կատարված վերջնահաշվարկներում ընդգրկել է անուններ, որոնք
բացակայում են աշխատավարձի ցուցակներից: Ու այս ամբողջ
ինքնագործունեությունը կառավարության վրա նստել է 52 մլն դրամ, վերջինս էլ
շատ հանգիստ հաստատել ու ֆինանսավորել է այդ հիմնարկի աշխատանքները
դադարեցնելուց հետո:
ԱԺ Վերահսկիչ պալատն իր հաշվետվության մեջ եզրակացնում է, որ «ՋՋՀԾԻ» ՊՀ
լուծարումից հետո առաջացած պարտքերի մարման համար կառավարության հատկացրած
52 մլն 508.000 դրամի ծախսը հիմնավորված չէ: Այնպես, ինչպես հիմնավորված
չէ եւ ենթակա է վերականգնման պետբյուջեից Երեւանի «Ջրմուղ-կոյուղուն»
հեղուկ քլոր գնելու համար հատկացրած 128 մլն դրամը:
Փաստորեն, կառավարությունը Ջրային տնտեսության պետական կոմիտեն ստեղծեց
ոլորտը համակարգելու եւ հատկացրած գումարներն արդյունավետ օգտագործելու
նպատակով, բայց ստացվեց հակառակը: Կոմիտեն եկավ, համակարգեց ու մի
դեպքում՝ չարաշահեց, մեկ այլ դեպքում՝ չիրականացրեց իր լիազորությունները:
Արդյունքում մսխվեցին ահռելի գումարներ: Բերված երկու՝ 128 մլն եւ 52 մլն
դրամների աննպատակ օգտագործումն ԱԺ Վերահսկիչ պալատի ներկայացրած
օրինակներն են: Հիշենք, որ անցած տարի նույն ԱԺ մեկ այլ հանձնաժողով
դաշնակցական Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ ուսումնասիրեց Երեւանի
«Ջրմուղ-կոյուղու» գործունեությունը եւ բազմաթիվ չարաշահումներ
հայտնաբերեց, որոնք մինչեւ օրս մնացել են թղթերի վրա: Իսկ այս անգամ
Ազգային ժողովում ՎՊ հաշվետվության քննարկումը, որքան էլ զարմանալի է,
անցավ անաղմուկ: «Օրինաց երկիր» կուսակցության պարագայում այս լռությունը
մի փոքր տարօրինակ էր: Հիշենք, որ Արթուր Բաղդասարյանը շտապել էր եւ ՎՊ
նախագահ, իր կուսակից Գագիկ Ոսկանյանից առաջ ընկնելով՝ որոշ տվյալներ
ներկայացրել: Դժվար է ասել, թե ինչքանով էր ճիշտ պարոն Բաղդասարյանի այս
շտապողականությունը: Նույնքան էլ դժվար է հասկանալ այս հաշվետվության
նկատմամբ «Օրինաց երկիր» կուսակցության հետագա անտարբերությունը: Դժվար է
նաեւ պատկերացնել, թե իրավական ինչ հետեւանքներ կունենա ջրային ոլորտի
շուրջ բարձրացված այս աղմուկը: Դատախազությունից տեղեկացրին, որ ջրային
կրքերի արդյունքում արդեն քրեական գործ է հարուցվել 179 հոդվածի երրորդ
մասով (յուրացնել եւ վատնել) եւ 308 հոդվածով (պաշտոնական
լիազորությունները չարաշահել):