Հերթական մենախոսություն

12/09/2008

Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները մոտ երկուսուկես ժամ տեւած բանակցությունների ժամանակ արտահայտել են երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման իրենց վճռականությունը: Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարները նշել են, որ այդ ուղղությամբ «ձեռնարկվելու են հետեւողական քայլեր»: Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի նախագահի ղեկավարած բարձրաստիճան պատվիրակության այցին Հայաստան, ինչը երկու երկրների ղեկավարության միջեւ երկխոսության լայն հնարավորություններ է ստեղծում: Նրա բնորոշմամբ` դա «լավ սկիզբ է, որն իր դրական շարունակությունը կունենա»: Էդուարդ Նալբանդյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը, եւ նշել, որ Հայաստանը նախագահ Գյուլի այցը դիտում է որպես այդ ուղղությամբ լուրջ խթան:

Էդուարդ Նալբանդյանն ու Ալի Բաբաջանը մանրամասն քննարկել են Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Այս առումով նախարար Նալբանդյանն ասել է, որ հայկական կողմը ողջունում է պլատֆորմի ստեղծման գաղափարը, որն ուղղված է տարածաշրջանում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատմանը: Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին, ինչպես նաեւ մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների:

Թուրքիայի արտգործնախարարի արտահայտած մտքերի մասին ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէ: Ինչպես վերջերս Է. Նալբանդյանի մասնակցությամբ անցկացվող ցանկացած երկկողմ հանդիպման մասին պատմող հաղորդագրությունում: