«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում վրաց հայտնի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան այսօր Վրաստանում տիրող իրավիճակը «շատ անորոշ» է գնահատել: «Ռուսաստանյան զորքերը, հասկանալի կլիներ, եթե կանգնած լինեին Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, բայց նրանք մտան Վրաստան», – ասել է նա: Ըստ Ստուրուայի` երբ ռուսաստանյան զորքերը մոտեցել էին Գորիին, ինքը երկու երիտասարդ արվեստագետների հետ միասին մեկնել էր Գորի ու այնտեղ հասել այն պահին, երբ ռուսները սկսել էին ռմբակոծել քաղաքը: Ստուրուան եւ իր ուղեկիցները 15 օր չեն կարողացել վերադառնալ Թբիլիսի: «Այնպես որ, այդ ամենը տեսել եմ սեփական աչքերովգ Հիմա դրությունը նախանձելի չէ, ու հայտնի չէ, թե ինչով կավարտվի այս ամենը»,- ասաց նա` կարծիք հայտնելով, թե «Խորհրդային Միությունը վերականգնելու ռուսների ցանկությունն իրական չէ, քանի որ ժամանակները փոխվել են»: Ճանաչված բեմադրիչը նշել է, որ պատանեկան տարիներին համոզված էր, թե արվեստը բարձր է քաղաքականությունից, որ իրական են Դոստոեւսկու խոսքերը, թե «աշխարհը գեղեցկությունը կփրկի»: «Բայց հիմա, երբ արդեն 70 տարեկան եմ, հասկացա, որ պատրանքներս վերացել են, հասկացա, որ արվեստն ընդամենը փարոս է մարդկանց կյանքում` ցույց տալու, որ գոյություն ունի նաեւ գեղեցիկը, բարինգ Բայց փոխել, ցավոք, ոչինչ չենք կարող»,- ասել է Ստուրուան: Ռոբերտ Ստուրուան Երեւան է ժամանել Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Փառատոնը երեկ բացել է Թբիլիսիի Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնը` Ռոբերտ Ստուրուայի բեմադրած «Համլետով»: