Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդրի հետ կապված հարցեր: Ներկայումս Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահի հետ Մոսկվա են մեկնել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանան եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Պատվիրակությունը Մոսկվայից կմեկնի Թբիլիսի, որտեղ կներկայացնի ռուսաստանյան կողմի հետ բանակցությունների արդյունքները: Հիշեցնենք, որ ռուս-վրացական բախումներից հետո Ֆրանսիայի միջնորդությամբ օգոստոսի 12-ին կնքվել է 6 կետից կազմված հաշտության համաձայնագիր, որը, սակայն, ինչպես պնդում են Արեւմուտքն ու Վրաստանը, ռուսները ոչ ամբողջությամբ են կատարել: Մասնավորապես` դուրս չեն հանել իրենց ստորաբաժանումները Վրաստանի տարածքից: Եվրամիության նպատակն է` երկու փուլով ապահովել Վրաստանի ամբողջ տարածքից ռուսաստանյան զորքի դուրսբերումը: Բրյուսելը հորդորում է Մոսկվային՝ առաջին փուլում բանակը ետ քաշել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմաններից դուրս գտնվող շրջաններից: