Վարդան Պետրոսյանը եւ՛ որպես դերասան, եւ՛ որպես մարդ հզոր էներգետիկա ունի։ Թեեւ նա պարբերաբար է լինում Հայաստանում (քանի որ ապրում եւ աշխատում է Փարիզում), սակայն նրան կարելի է Հայաստանի հասարակության ինքնազգացողության յուրահատուկ բարոմետրն անվանել։
Վ.Պետրոսյանը ընկղմվում է հայաստանցիների տրամադրությունների մեջ, սպունգի նման իր մեջ է ներառում բոլոր զգացմունքային ելեւէջներն ու դրանք վերադարձնում է մեզ՝ ներկայացումների տեսքով։ Նրա վերջին հեղինակային ներկայացումը «Սեր եւ ատելությունն» է, որով նա ախտորոշում է. մենք ավելի մեծ հաճույքով պատրաստ ենք ատել, քան սիրել։ Խելացի ու պատասխանատու մարդ լինելով՝ Վ.Պետրոսյանը հասկանում է, որ իր խոսքի չափաբաժինը պիտի խիստ հաշվարկված լինի, քանի որ շատ խոսելը հաճախ արժեզրկում է բառերը։ Երեկ՝ հանդիպելով լրագրողների հետ, նա որոշել էր մեր իրականությունը փոքր-ինչ այլաբանորեն վերլուծել՝ օգտագործելով ֆուտբոլը։ Վերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, որը թեեւ որպես խաղ՝ շատ դժգույն տպավորություն թողեց, սակայն փաստեց, որ հասարակությունը փոխվել է։ «Այդ հանդիպումը հայ պատմաբանի, սոցիոլոգի ու ազգագրագետի համար կարող էր մի ամբողջ գրքի նյութ հանդիսանալ»,- ասաց նա։
Մոլի ֆուտբոլասեր լինելով՝ Վ.Պետրոսյանը սեպտեմբերի 6-ին այցելել էր «Հրազդան» մարզադաշտ՝ ցանկանալով հայ ֆուտբոլիստներին ցույց տալ, որ երբ նրանք գնդակ են փոխանցում, ապա նրանց հետ այդ նույն գնդակն առնվազն 7 մլն հայեր են փոխանցում. «Ես հասկանում էի, որ սպորտսմենը նա է, որ մրցում է՝ հաղթելու համար, այլ ոչ թե՝ պատմական հարցեր է լուծում։ Եվ մտածում էի. Աստված իմ, ինչպե՞ս են այդ տղաները խաղալու։ Բայց այն, ինչը ես տեսա մարզադաշտում, բացարձակապես ցնցեց ինձ։ Մեր երկրպագուները հոգեբանորեն երբեք չեն եղել այդքան բարձր որակի»,- ասաց նա։
Ֆուտբոլասեր հանդիսատեսի էվոլյուցիան Վ.Պետրոսյանը շատ գունեղ ներկայացրեց. Եթե նախկինում, խորհրդային տարիներին, ստադիոնում կարելի էր միայն «սեւազգեստ, կրիմինալ, կիսահարբած, թքող, հայհոյող, դեղնած ատամներով ու «Կազբեկ» ծխող տղամարդկանց» տեսնել, իսկ մարզադաշտի մոտակայքում ոչ մի կին տեսնել չէր հաջողվի, ապա հիմա տրիբունաներում մեծամասնություն էր կազմում «սիրուն ջահելությունը»։
«Ես սիրուն հագնված աղջիկների ու տղաների ծով տեսա, որոնք դրոշներով, թմբուկներով հանդիպումից առաջ ազգային երգեր էին երգում, պարում էին։ Ոչ մի կոպիտ խոսք, ոչ մի հայհոյանք, բոլորը գեղեցիկ ու ազատ էին։ Ես ապշած նայում էի ու մտածում՝ ի՞նչ բարոյական իրավունքով ենք մենք ամեն օր պախարակել նրանց՝ ասելով՝ դե, մեր ջահելությունը Թումանյան չի կարդում ու չգիտե՝ ով է Խաչատրյանը, ով է Անտոնիոնին։ Բայց պետք էր տեսնել, թե ինչպե՜ս են նրանք իրենց պահում մարզադաշտում։ Տարիներ առաջ «Արարատի» մարզիչ Արկադի Անդրեասյանն իր հարցազրույցներից մեկում խնդրեց երկրպագուներին՝ օգնե՛ք մեզ։ Նա ասաց՝ երբ մենք՝ «արարատցիներս», գոլ ենք խփում, մարդիկ ժամերով գոռում են, բայց երբ մենք գոլ ենք «ուտում», ոչ ոք ոտքի չի կանգնում ու չի օգնում մեզ՝ ոտքի կանգնել։
Իսկ երկու օր առաջ ես տեսա, թե ինչ հրաշք տեղի ունեցավ ստադիոնում, խփած գոլից հետո ինչպես բոլորը մեկ մարդու նման ոտքի կանգնեցին ու ճչացին՝ Հայաստա՜ն։ Գնդակը ցանցից դեռ դուրս չէր եկել, մարդիկ գոռում էին՝ Հա-յաս-տան։ Իսկ դա ուժի, համախմբվածության, սիրո ամենացնցող նշանն էր, որ ցույց տվեց մեր ջահելությունը։ Եվ դա տեղի ունեցավ ինքնաբուխ, առանց նախնական դաստիարակչական աշխատանք կատարելու։ Ուրախությունից ու հրճվանքից ես ուղղակի չէի կարողանում խոսել»։
Բուն խաղը Վ.Պետրոսյանը ոչ թե «ֆուտբոլ», այլ՝ «գնդակ տշոցի» բնութագրեց. «Խաղը չէր ստացվում եւ՛ հայերի, եւ՛ թուրքերի մոտ։ Լարումն այնքան մեծ էր, որ այդ խաղը Սարդարապատի ճակատամարտի պես մի բան դարձավ։ Դա իրոք ճակատամարտ էր, կենաց ու մահու կռիվ էր, դա չէր կարող ֆուտբոլ լինել»։ Նրան ցնցել էր հանդիսատեսը. «Երկրպագուները այնպես էին գոռում, որ թվում էր՝ մենք ենք գոլ խփել։ Եվ երբ գնդակով հակառակորդն էր, ստադիոնում այնպիսի գվվոց ու սուլոց էր բարձրանում, որ թուրքերի խաղն ուղղակի ձախողվում էր։ Եվ դա ապացուցեց, որ մենք ունենք ջահելություն, որը պատրաստ կանգնած է մեր խնդիրները լուծելու։ Նրանք փառահեղ երիտասարդներ են։ Նրանք չեն վախենում, չեն հուսախաբվում, նրանք ուժեղ են եւ շատ սիրուն են։ Ես կարծում էի, որ նոր սերունդը բավականին անտարբեր է, բայց այդպես չէ։ Ընդհակառակը, ավելի վախկոտ էր մեր սերունդը, որը երբեք այդ ոգին չունեցավ ու «գոլ ուտելուց» հետո ուժ չգտավ կես ժամ շարունակ բացականչել՝ Հայաստան, չասաց՝ մի վախեցիր,Հայաստան, ես քեզ հետ եմ։ Իսկ այսօրվա երիտասարդները դա արեցին։ Եվ հենց այդ երիտասարդները ստիպեցին հայ ֆուտբոլիստներին մինչեւ վերջին վայրկյանը շնչասպառ խաղալ, խելագարի պես վազել գնդակի ետեւից»։
Ըստ Վ.Պետրոսյանի՝ մտահոգիչն այդ օրը մրցակցի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքն էր։ Սուլոցներով դիմավորելը թուրք երկրպագուներին ու թուրքական օրհներգը՝ ուժի նշան լինել չէր կարող։ «Ես հասկանում եմ, որ թուրքական հիմնն ու դրոշը ստեղծվել են հայերի դիակների վրա։ Բայց ես հասկանում եմ նաեւ, որ եթե գնում ենք հաղթանակի, ապա պետք է պատրաստ լինենք նրանց հիմնը լսել լուռ ու հոտնկայս։ Դա ուժի նշան է։ Պատկերացրեք, որքան տպավորիչ կլիներ, եթե մենք այդ հիմնը լսեինք քար, սահմռկեցուցիչ, դաժան լռությամբ։ Լռություն կա, որ հազարապատիկ անգամ ավելի ազդեցիկ է, քան սուլոցներն ու նույնիսկ՝ ռումբի պայթյունները։ Բայց մենք այդ լռությանը հոգեբանորեն պատրաստ չէինք։ Երբ մենք սուլեցինք թուրքական հիմնի ժամանակ, մենք ապացուցեցինք, որ հոգեբանորեն դեռ պատրաստ չենք հաղթանակի։ Եվ ոչ միայն ֆուտբոլում»,- ասաց նա ու ավելացրեց, որ շատ կուզեր խաղի ավարտից հետո հայ եւ թուրք ֆուտբոլիստների մարզադաշտի շուրջը կատարած պտույտը տեսնել։ «Այդ դեպքում դա իրոք տոն կլիներ»,- ասաց նա։
Վ.Պետրոսյանը նկատում է, որ այսօրվա «մաքուր, սիրուն, պայծառ» հայ երիտասարդները, ցավոք, իրենց ապագան չեն կապում Հայաստանի հետ։ «Երիտասարդը արդեն երկու տասնյակ տարի տեսնում է, որ այս երկրում հարստանում ու իրենց նպատակներին են հասնում առանց քրտնաջան աշխատանքի։ Եվ դրանում մեղավոր է մեր սերունդը, որն անկախության փոխարեն ցույց տվեց գազանային օրենքների կիրառումը։ Ես գիտեմ, որ ամեն մարդ իր սեփական հիասթափությունն ունի եւ պարտավոր է այն հաղթահարել։ Ես ուզում եմ, որ այսօրվա մեր հիանալի սերունդը կարողանա իր մեջ ուժ գտնել՝ հաղթահարելու համար իր հիասթափությունը, որը այժմ ապրում է»։
Իսկ որպես ֆուտբոլային իրադարձության շարունակություն՝ Վ.Պետրոսյանն առաջարկեց հայ եւ թուրք արտիստների ֆուտբոլային հանդիպում անցկացնել։