Գորան Պետրովիչ

12/09/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Գորան Պետրովիչը նման չէ մարդու, ով ծնվել է 1961 թվականին Կրալեւում, փոքրիկ սերբական քաղաքում, որ խիստ տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Առավել եւս, նա նման չէ նրան, ով այնտեղ ավարտել է դպրոցը: Գորան Պետրովիչն այնպես չի գրում, ինչպես կգրեր այն մարդը, ով աշխատում է տեղի վագոնաշինական գործարանում: Նա նման չէ նրան, ով գրում է սերբերեն եւ իր համար գրական նմուշօրինակ է համարում Դանիիլ Կիշին: Գորան Պետրովիչի սերունդը նման չէ այն երկրին, որի վրա այն մեծացել է, այն դարձել է, գուցե թե, 20-րդ դարի վերջի ամենատարօրինակ երեւույթներից մեկը: Լուսանկարում Գորան Պետրովիչը նման չէ այն գրողին, ով ասել է. «Նույնիսկ ամենափոքր խոտի ծեղը չի կարող աճել ձեռագրում հենց այնպես, առանց հետեւանքների»:

Նրա գրքերը, հատկապես վերջին երկուսը` «Երկնքով կազմված քարտեզը» եւ «Կղզին եւ շրջակա պատմվածքները», կարելի է կոչել իրենց համով ամենահազվագյուտ պտուղները, որ այսօր աճել են սերբական գրականության պարտեզում: Դրանցում դրսեւորվել է այն սերնդի ուժն ու երեւակայությունը, որն անչար ու բերկրալի դիմակայում է իրեն տրված աշխարհի իրականությանը եւ հակադրում է իրեն մահվանն ու քայքայմանը, որ տիրել են Բալկաններին ու մեր ճակատագրերին, այս հարյուրամյակի 90-ական թվականներին: Այսօր այդպիսի գրքերը նման են հոգեպահուստ մի պտղունց աղի եւ գտնվում են այնժամ, երբ դժվարությունների ու չքավորության ժամն անցել է:

Այդ գրքերում հնչում են արձակին ներհատուկ լավագույն նրբերանգները` քնարական հումորն ու բանաստեղծական երեւակայությունը, որոնք, սակայն, չեն խախտում հեղինակի պատմողական կոնցեպցիան: Ինքը՝ գրողն, իր մասին այպես է ասում. «Ես նրանցից չեմ, ով կարծում է, թե մենք չափազանց թանկ ենք վճարել մեր երազանքների համար: Ես ավելի շուտ մտածում եմ, որ երիցս թանկ ենք հատուցել օտարների համար»:

Գրաքննադատ Յասմինա Միխայլովիչը նրան նվիրված իր մեծ հոդվածում Գ. Պետրովիչին անվանել է աստանդական` 20-րդ դարի աբսուրդից:

Ահա թե ինչ է նա գրում. «Տունը «Երկնքով կազմված քարտեզ» վեպի գլխավոր հերոսն է, ինչպես կասեր Բաշլյարը` անշարժացած մանկության կախարդական տարածությունը: Այն անշարժացել է այնպես, ինչպես քարացել է նախապատմությունը: Տանը բուն են դրել իրենց ժամանակը պաշտպանող ոգու դավադիրները, հավերժական պատանիները, որ քաջակորով մարտնչում են իրենց տարածքի`անուրջների եւ երազանքների երկրի համար: Դրսում, տան սահմաններից անդին, հորանջում է ամուլ, ամենակուլ դատարկությունը: Գիրքը պայքարում է դատարկության այդ հրեշի դեմ: Դրանից զատ, սա սերբական եւ այլ ժողովուրդների բանահյուսական մոտիվների գրացուցակ է, գոյություն ունեցող եւ հորինված բույսերի, հանածոների, կենդանիների, առարկաների մարդաբանական հանրագիտարան եւ տեղեկատու է: Ի վերջո`«Երկնքով կազմված քարտեզը»`աշխարհի պոստմոդեռնիստական ընկալման մանիֆեստ է, մի մարդու, ով հոգնել է առօրեականությունից, եւ հետեւաբար`քաղաքականությունից»:

Միլորադ Պավիչ

Ով չի լցնում իր աշխարհն ուրվականներով, միայնակ է մնում:

Անտոնիո Պորկյա

Գորան Պետրովիչի «Երկնքով կազմված քարտեզը» վեպն ընթերցելիս, չգիտես ինչու, հիշեցի Օսիպ Մանդելշտամի այս միտքը. «Իսկական աշխատանքը` բրյուսելյան ժանյակ է: Նրանում կարեւորն այն է, ինչի վրա պահվում է բանվածքը`օդը, անցքերը, թողլքումները»:

Նա իր մանկունակ հիացքով, լայն բաց արած աչքերով ու անակնկալ վայրիվերումներով, ինչ-որ բանով հիշեցնում է Խուլիո Կորտասարի խրոնոպներին, եւ չնայած այն բանին, որ շատերը նրան գրականության մեջ համարում են Միլորադ Պավիչի «կրտսեր եղբայրը», իսկ ռուս գրականագետներից մեկը նույնիսկ այսպես է գրել. «Գորան Պետրովիչը ինձ միշտ պատկերանում է, որպես փոքրիկ Միլորադ Պավիչ, ով հանգստանում է Ալեսանդրո Բարիկոյի «Ծով-օվկիանոս»-ի լողափին», նա, Պավիչին ու Բարիկոյին նման է միայն մի բանով` իր անկրկնելիությամբ:

Գրականության գոյության հազարամյակներից հետո, մենք, միեւնույն է, գաղափար չունենք հյուսվածքների փոխակերպման ծածուկ ընթացքների մասին, եւ հեշտությամբ որսում ենք միայն տեսանելին, մոռանալով այն ալքիմիայի մասին, որն այդ ամենի հիմքում է, եւ ինչը որ հրաշալիորեն վկայում է ինքը`Գորան Պետրովիչը. «Ժամանակակից գրականությունը առայժմ դեռ քիմիա չէ. եւ դեռ մինչեւ օրս ալքիմիայի մակարդակի վրա է: Մեր գործնական աշխարհում գրողը միայնակ է: Միայն նա է դեռ հավատում հրաշքներին, դեռեւս պատրաստ է խելահեղությունների եւ դեռ հուսով է, որ նսեմ մետաղը կարելի է փոխակերպել թանկարժեք փիլիսոփայական քարի, իսկ ծանր արճիճից կարելի է թեթեւափայլ ոսկի ստանալ»:

«Երկնքով կազմված քարտեզը» վեպում, ինչպես եւ Կուստուրիցայի ֆիլմերում, սյուժեն պայմանականություն է, որը համարյա թե չկա էլ, այլ սոսկ առիթ է գրքի պերսոնաժների կյանքի համար. Դեսպինա մորաքրոջ անսպասելի հայտնությունները Հյուսիսային հայելում, հուսալի թալիսմանների պատրաստման համար գարնանային իրարանցումները, ծիրանի թրմօղով ըմպանակները, ադամանդի հայթայթումը դեղձի ծառի կեղեւի վրայի շողարձակ կաթիլներից, թարթիչների օգնությամբ թռիչքի ուսուցումը:

Ահա ձմեռային հիվանդության կայծակի պես դիպուկ ու անորսալի բնութագիրը. «Ամեն ինչ ընկնում է հուշերի կամ մոռացության հաճելի նիրհի մեջ, հոգին կլորավուն ձեւ է առնում եւ նմանվում է գնդակի, որով կարելի է խաղալ, բայց որը կարող է կործանել տիրոջը`կոկորդին կանգնելով»:

2005 թվականին ռուսական «Ամֆօրա» հրատարակչությունը լույս ընծայեց Գորան Պետրովիչի «Երկնքով կազմված քարտեզը» վեպը, որն առաջին անգամ տպագրվել էր 1997 թվականին` «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրում, եւ եւս երկու վեպ`«Գիրք ժամադրավայրով» եւ «Սուրբ Փրկչի տաճարի պաշարումը», իսկ 2006 թվականին նույն հրատարակչությունը տպագրեց «Կղզին եւ շրջակա պատմվածքները» ժողովածուն:

Դառնալով Գորան Պետրովիչի առաջին վեպին, ասենք նաեւ, որ այն այնքան է հագեցած գլխապտույտ փոխաբերություններով, գաղափարներով, պերսոնաժներով, որ պակաս շռայլ գործածման դեպքում, թերեւս, կբավեր եւս մի երկու վեպի եւ մի քանի շողափայլ պատմվածք-մանրապատումների:

Գորան Պետրովիչի հնարամիտ եւ նրբահյուս ուռկանն ընկնողը ինչ-որ բանով արդեն կախարդական հեքիաթի աշխարհն ընկած երեխա է, ում չի լքում լարված հետաքրքրասիրությունն ու անխախտ հավատն առ «չսանրված իրականությունը»: Ինչպես ասում է մորաքույր Դեսպինան. «Ուշադիր լսեք, թե ինչ կասեմ ձեզ, իրականությունը` լոկ չափազանց խնամքով սանրված երեւակայությունն էգ Եվ չափազանց խնամքով մի սանրվեք»:

Ինչ վերաբերում է «Գիրք ժամադրավայրով» վեպին, ապա այն հետաքրքրական է մի քանի սյուժետային գծերով, որոնք բազմաձայնության կանոններով խաչասերվում են եւ ի վերջո հանգեցվում են մի կետի, ավելի ճիշտ, դրանք միաձուլվում են մի տեղում, այն տանը, որ կառուցել է գրող Անաստաս Ս. Բրաննիցան:

Նրբահյուս, անսպասելի համեմատություններն ու փոխաբերությունները լուսատտիկների պես պեծկլտում ու հիացնում են.

«Մի շաբաթ պահարանին ձեռք չէի տալիս, նրա տակ կարող էր շատ խավար հավաքված լինել», «Տիկին Նատալյան մահճակալները տեղափոխելու սովորություն ուներ, փրկվելով իրեն հետապնդող անքնությունից»:

Գորան Պետրովիչն իր հարցազրույցներից մեկում ասում էր, որ իրեն միշտ գրավում են սահմանային իրավիճակները: Այն անտեսանելի կցակարը, որ աշխարհը բաժանում է իրական եւ երեւակայական ոլորտների, այն անջրպետը, որ ընկած է ողբերգականի եւ զավեշտականի, ողբերգականի եւ պաթետիկի, մարդկայինի եւ անասնայինի, եսի եւ մենքի, պատմության եւ առասպելի միջեւ:

Քանի որ գրականությունը հենց այն վայրն է, ուր ինչ-որ բան վերջանում է, իսկ ինչ-որ բան սկսվում, ուր միախառնվում են երջանկությունն ու դժբախտությունը, քանզի դուք այնտեղ գտնվում եք իմացության սահմաններից անդին, տրամաբանության սահմաններից դուրս` միաժամանակ ապրելով ահ եւ հետաքրքրասիրություն:

«Սուրբ Փրկչի տաճարի պաշարումը» հիմնված է պատմական փաստի վրա. «մոտավորապես 1291 թվականին բուլղարների եւ կումանների միացյալ զորքը ներխուժեց Սերբիա եւ կործանեց Ժիչա տաճարը»: Սակայն դա պատումի լոկ չնչին մասն է, քանի որ այստեղ կարեւոր են ոչ այնքան փաստերը, որոնց մասին խոսվում է. այլ այն, թե ինչպես է հնարավոր այդ մասին պատմել:

Վեպը վերապատմելը, իհարկե, անիմաստ է եւ «քամու աշխատանք»:

Վեպում նկատելի են նաեւ բացահայտ զուգահեռները այն դարաշրջանի իրադարձությունների եւ Հարավսլավիայի պատերազմի միջեւ, ներկայի վերաիմաստավորումն անցյալի միջոցով:

Այստեղ դուք կհանդիպեք նաեւ ընդմեջ երազների ու դարերի շուլալվող ճամփորդությունների, բանահյուսական մոտիվների եւ անսահման բանաստեղծական երեւակայության, ինչպես նաեւ՝ տարատեսակ ազդեցությունների:

Գալով ազդեցություններին, հիշենք Արշիլ Գորկու հայտնի խոստովանությունը. «Երկար ժամանակ ես Սեզանն էի, հետո ես Պիկասոն էի»:

Հետո կատարվեց այն հրաշքը, որի մասին երգվում է նույն Արշիլ Գորկու սիրած Վանա անգիր բանահյուսական երգերից մեկում.

Գետին զարկիր ադամանդե գավաթը քո.

Որ ես խմեմ իմ պապակ շուրթերով:

«Կղզին եւ շրջակա պատմվածքները» ժողովածուն` մանրապատումների եւ պատմվածքների նրբագեղ, քնարական ուլունքաշար է` մոռացված կիսատոներով, բույրերով եւ համերով երազներին միախառնված հուշեր, որ հայտnվում են Գորան Պետրովիչի տեքստի ցնորական ժանյակում:

Սուր մանկական տպավորություններ, ծերունիների դանդաղընթաց պատմություններ, ինչ-որ անծանոթ կենսագրությունների ծվեններ եւ գեղարվեստական մանրապատումների հրաշապատում ու կատարյալ պատկերներ:

Այս ամենը եւ Բալկանների խառնաշփոթը ձեւավորում են ապրված կյանքի ամբողջական եւ անըմբռնելի մթնոլորտը, որտեղ ծավալվում են նաեւ Էմիր Կուստուրիցայի սագաները, iնչպես նաեւ Միլորադ Պավիչի, Մոմո Կապորի, Մեշա Սելիմովիչի եւ այլոց զուգահեռ աշխարհները:

«Կղզին եւ շրջակա պատմվածքներում» պատումը զարգանում է վաղ մանկության նախապատմական, առասպելական ժամանակներից, ընդհուպ՝ մինչեւ հեռուստացույցի առաջ ծերունական հսկումները, որից հետո բոլոր ճամփորդություններն ավարտվում են:

«Կղզին եւ շրջակա պատմվածքները» գիրքը սկսվում է հետեւյալ տողով.

«Դարպասները լայն բացված են»գ

Մնում է ներս մտնել: