Ռազմավարական ճանապա՞րհ, թե՞ կաղնու կռիվ

01/06/2005 Արեւհատ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Աղավնի ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Մարդու ստեղծած ամեն ինչ վաճառեցին, հիմա հասել են Աստծո ստեղծածին: Սա
Աստծո ստեղծածն է, ու Աստված կպատժի, անպայման կպատժվենք, եթե թույլ տանք
բնության այս հրաշքը վերանա»,- որպես ՀՀ քաղաքացի՝ ասում է Վայրի բնության
համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Բնության այս հրաշքը տեղացիները մայրաքաղաքից ժամանած լրագրողներին ցույց
տվեցին Սյունիքի մարզի Կապան քաղաքից Շիկահող գյուղ բարձրանալու
ճանապարհին: Ճանապարհի ոլորանների միջից բացվում է տեսարանը ձորի վրա, որի
կենտրոնում` դարավոր սոսիների պուրակի հարեւանությամբ, անտառն է` այնքան
խիտ ծառերով, որ նույնիսկ ամենաարեւոտ օրերին այստեղ մութ է լինում:
Տեղացիներն ասում են, որ Մթնաձորը հատվելուց փրկվել է հիմնականում իր
անհասանելի լինելու շնորհիվ: Ոչ մի տեխնիկա, ոչ մի մեքենա չի կարող
մոտենալ ձորի կենտրոնում, բլուրների վրա իշխող անտառազանգվածին, եթե դրա
համար հատուկ ճանապարհ չբացվի:

Իսկ ճանապարհ պատրաստվում են բացել

Այսօր Մթնաձորի անտառը ՀՀ կառավարության մեկ որոշմամբ կարող է ոչնչանալ:
Նպատակը ռազմավարական ճանապարհի շինարարությունն է, որը, ըստ ՀՀ Կապի եւ
տրանսպորտի նախարարության պատվիրած նախագծի, անցնելու է Մթնաձորի ուղիղ
մեջտեղով: «Ոչ ոք չի ասում, թե պետք է անպայման անտառը կտրել: Ուղղակի
նախագծողները փաստորեն չափանիշների են նայել, որ 8 աստիճանից ավելի
թեքություն չպետք է լինի, բարձրությունը 2000 մ-ից չանցնի: Բայց մենք
ասում ենք` եթե հնարավոր է 9 աստիճան լինի, 2100 մ բարձրություն լինի, ապա
անենք դա, որ չվնասենք անտառը»,- ասում է Սյունիքի փոխմարզպետ Ռոբերտ
Սարգսյանը: Անտառային տնտեսության ինժեներ Վլադիկ Մարտիրոսյանը, ով 30
տարի ղեկավարել է Կապանի անտառտնտեսությունը, բացատրում է. «Համաձայն
լեռնային անտառների հատման կանոնների` 30 աստիճանից ավելի թեքության
դեպքում չի թույլատրվում հատատեղ նշանակել, ասենք` անտառի 10 տոկոսը
վերցնել շահագործման նպատակով: Այսպիսի թեքություններով ճանապարհ կառուցել
չի թույլատրվում»:
Մեր գրեթե բոլոր զրուցակիցները բերում են հետեւյալ փաստարկը. «Հյուսիսային
լանջով ճանապարհը չի գործի, որովհետեւ ձմռանը կփակվի»: Եվ խորհուրդ են
տալիս Բակունց կարդալ. «Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ
փակվում է, մինչեւ գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում»:
Մայիսի 3-ին Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի տարածած մամլո
հաղորդագրության մեջ ներկայացված են Մթնաձորով կառուցվելիք ճանապարհի
հնարավոր վնասները. «Ճանապարհի կառուցման պատճառով ոչնչացման ենթակա են
ավելի քան 14 հազար հասուն ծառեր հինգ հազար խմ զանգվածով եւ 90 հազար
մատղաշ ծառեր: Հողային պայթեցման աշխատանքների եւ շինարարական տեխնիկայի
պատճառով Մթնաձորի կենդանական աշխարհի ներկայացուցիչները լավագույն
դեպքում կհեռանան այդ տարածքից, որը նրանց համար անառիկ, անփոխարինելի
բնակավայր է եղել»:
Մինչ ՀԿ-ները կտեղեկանային այս պատմությանը եւ աղմուկ կբարձրացնեին`
պահանջելով չխախտել միջազգային համաձայնագրերն ու ՀՀ օրենքները, ՀՀ
Գնումների գործակալությունը Կապի նախարարության պատվերով ապրիլի 11-ին
մրցույթ է կազմակերպել: Դեռ «քննարկվող» ճանապարհի հինգ տարբեր հատվածների
համար մրցույթը շահել են չորս շինարարական ձեռնարկություններ` «Կապանի»
ՃՇԲԲԸ, «Մեղրու» ՃՇՇԲԲԸ, «Դորոժնիկ» եւ «Կապավոր» ՍՊԸ-ներ: Այս
ընկերությունների մասին հնարավոր չէր պատկերացում կազմել` նայելով այն
տեխնիկային, որն արդեն բարձրացրել են եւ շարունակում են հասցնել Մթնաձոր:
Մեր տեսած եւ տեսալուսանկարած տեխնիկայի վրա բացակայում էին
համարանիշները: Իսկ թե ո՞ւմ են պատկանում այդ մեքենաները, վարորդներից
մեկը միայն ասաց. «Մարատի տեխնիկան է»:

Տեղեկությունների թիվ մեկ աղբյուրը

«Մենք հեռուստացույցով ենք իմացել, որ Մեղրի-Ծավ-Կապան ճանապարհ պետք է
կառուցվի: Ես դիմեցի տեղի ճանապարհաշինարարին: Այստեղ էլ տեղյակ չէին,
ասացին միայն, որ անմիջապես նախագահի կողմից հանձնարարական է եղել, եւ
ճանապարհ է անհրաժեշտ` ստրատեգիական նպատակով: Հետո մենք տեղյակ ենք պահել
Բնապահպանության նախարարությանը, տեսանք, որ ոչ ոք տեղյակ չէ, ոչ մի
թղթաբանություն չկա»,- պատմում է «Շիկահող» պետական արգելոցի տնօրեն
Ռուբեն Մկրտչյանը:
Մեր տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ավելի կոշտ
դիրքորոշում ունի հօգուտ Մթնաձորի եւ այս հարցի առնչությամբ հանդիպել Է
հանրապետության նախագահին:
ՀՀ Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների
կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն ասում է. «Ճանապարհի մասին մենք լսել
ենք հեռուստացույցից, եւ որեւէ ռեալ փաստաթուղթ չի եղել: Մենք նման բաների
առնչվում ենք, երբ գալիս է փորձաքննության պահը: Փորձաքննություն Կապի եւ
տրանսպորտի նախարարությունը նոր է տվել մեզ, ընթացքի մեջ է»:
Ճանապարհի կառուցմանը նախապատրաստվում են մինչեւ փորձագիտական
քննարկումները, մինչեւ պարզելը` պարտադի՞ր է դարավոր կաղնիներ տապալելը
այդ ճանապարհի համար, թե՞ հնարավոր են այլ` պակաս բարբարոսական
լուծումներ: Մինչեւ փորձաքննություն կատարվի, մինչեւ մարդիկ տեղեկանան
իրենց պահպանությանը հանձնված տարածքների հնարավոր ճակատագրի մասին,
ճանապարհաշինության համար անհրաժեշտ տեխնիկան արդեն հասցվել է Ծավ ու
Շիկահող գյուղեր:
Հասարակական լսումները սկսվել են միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի
մշակման աշխատանքներն իրականացնելուց հետո: Այդ աշխատանքները ՀՀ Կապի եւ
տրանսպորտի նախարարությունը պատվիրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ին: Մեզ այդպես
էլ չհաջողվեց պարզել` ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարությունում տեղյակ
չե՞ն, թե՞ ձեւացնում են, թե տեղյակ չեն, որ Մթնաձորի անտառը «Շիկահող»
արգելոցի մեջ է մտնում:
Մեր տեղեկություններով` այս պատվերի մեջ իսպառ բացակայել են «արգելոց»,
«անտառ» արտահայտությունները: Փոխարենն օգտագործվել է «հատված» բառը: Մեր
հարցին` արդյոք նախագծողները տեղյա՞կ են, որ իրենց նախագծած ճանապարհն
անցնում է արգելոցի ուղիղ մեջտեղով, «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի աշխատակիցը, որ
չցանկացավ ներկայանալ, ասաց. «Մենք աշխատել ենք Կապի եւ տրանսպորտի
նախարարության տված տվյալներով եւ պատվերով, ոնց որ ուզել է Կապի
նախարարությունը, այնպես էլ նախագծել ենք»: Տեղի բնակչության, հասարակական
կազմակերպությունների եւ լրագրողների բարձրացրած աղմուկից հետո շահագրգիռ
նախարարություններն իրենց մասնագետներին ուղարկել են տեղում
ուսումնասիրություններ կատարելու եւ ճանապարհի կառուցման համար
այլընտրանքային տարբերակ գտնելու: Իսկ այլընտրանքային տարբերակներ կան:
Կապի եւ տրանսպորտի նախարարությունը, սակայն, քննարկումներից հետո չի
ընդունում այլընտրանքային տարբերակները: Մայիսի 17-ին նախարարության
Լրատվական ծառայության ղեկավար Թամար Ղալեչյանը հայտնեց, որ
նախարարությունը մնում է իր կարծիքին, եւ ճանապարհը կառուցվելու է ըստ
նախագծի: Ասել է թե` այն անցնելու է Մթնաձորի ուղիղ մեջտեղով:
«Եթե առաջարկվելիք տարբերակներից ոչ մեկը չեն ընդունում, ուրեմն հստակ
կարող ենք ասել, որ այդտեղ ոչ թե ճանապարհի հարցն է, այլ ուղղակի անտառի,
ծառի, փայտի համար է այդ «ստրատեգիական» ճանապարհի նախագիծը»,- ասում է
Կարեն Մանվելյանը: