Ողջունել է

06/09/2008

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը երեկ ողջունել է Երեւան այցելելու` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի որոշումը: «Ջերմորեն ողջունում եմ նախագահ Գյուլի որոշումը՝ ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի` շաբաթ օրը Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը»,- ասված է հայտարարության մեջ: «Ճգնաժամը Վրաստանում ընդգծեց տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների կարեւորությունը, ներառյալ՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները»,- նշում է Եվրամիության հանձնակատարը: Նա հույս է հայտնում, որ «նախագահ Գյուլի կարեւոր առաջին քայլին շուտով կհետեւեն նաեւ ուրիշները` ուղղված այս երկու երկրների միջեւ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, որոնք կխթանեն կայունությունը տարածաշրջանում եւ տարածաշրջանային ամրապնդված համագործակցության հիմք կստեղծեն»: