Այսօր երեկոյան ժամը 21:00-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Հանդիպումն իսկապես պատմական է, եւ ոչինչ չի կարող ստվերել ֆուտբոլային խաղի այդ նշանակությունը: Նույնիսկ Դաշնակցության` Գյուլի դեմ նախատեսված ակցիաները: Թեեւ, մեղմ ասած, անհասկանալի է` գոնե ներկայիս իրավիճակում իրականում ում դեմ են ուղղված լինելու այդ ակցիաները` Թուրքիայի՞, թե՞ Հայաստանի նախագահի ու պետական շահերի: Սակայն, բարեբախտաբար, ասօրվա հերոսները լինելու են մեր ֆուտբոլիստները եւ հանդիսատեսը, ովքեր վստահաբար առաջնորդվում են միայն Հայաստանի Հանրապետության պետական շահերով: Դրա համար պետք է միայն ակտիվորեն երկրպագել մեր ֆուտբոլիստներին` ապացուցելով, որ սա առաջին հերթին սպորտային հանդիպում է: Այսօր միայն դա է անհրաժեշտ մեր տղաներին, ովքեր առավել, քան որեւէ այլ խաղի, մարզադաշտ են դուրս գալու միայն հաղթելու համար: