Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն անմիջականորեն հարվածել է Հայաստանի տնտեսությանը:
«Մենք բազմիցս շեշտել ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար օդի պես անհրաժեշտ է խաղաղ տարածաշրջան: Մեր տարածաշրջանում կրկին արյուն հոսեց, տեղի ունեցավ իրավիճակի լարում, զոհվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ»,- ասել է Ս. Սարգսյանը` ընդգծելով, որ ներկա իրավիճակը Հայաստանի համար պարունակում է առնվազն 3 առանցքային խնդիր. սառեցված հակամարտությունների կարգավորում, տարանցիկ ճանապարհներ, միջազգային հարաբերություններում լարվածության աճ: «Առաջին մասով. բոլորի համար ակնհայտ դարձավ Կովկասում իրավիճակի լարվածության իրական մակարդակը եւ այստեղ առկա մարտահրավերների ու վտանգների լրջությունը: Սա հիշեցում էր ներգրավված բոլոր կողմերին, որ այս տարածաշրջանում յուրաքանչյուր անզգույշ խոսքը, յուրաքանչյուր չհաշվարկված քայլը հղի են անկանխատեսելի հետեւանքներով, եւ որ սպառազինությունների մրցավազքը, ռազմական բյուջեի շեշտակի ավելացումը, ռազմատենչ հայտարարությունները շիկացնում են մթնոլորտը, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է սադրանքների, գործողությունների եւ այնպիսի իրավիճակների, որոնք կարող են, եւ, ինչպես դա սովորաբար լինում է, դուրս գալ այդ մթնոլորտի ստեղծման համար պատասխանատու քաղաքական գործիչների հսկողությունից: Եվս մեկ ապացույց գտավ մեր այն պնդումը, որ ինքնորոշման իրավունքի իրագործման համար պայքար մղող ժողովրդի կամքի անտեսումը բերում է ծանր հետեւանքների, եւ այլընտրանք չի մնում: Թող կրկնեն, որ Կոսովոն նախադեպ չէ, եւ, հնարավոր է, որ ոմանք ասեն, որ Աբխազիան եւ Օսեթիան նույնպես նախադեպ չեն: Բայց փաստը մնում է փաստ, որ նախադեպ չհամարվող բացառությունները սկսում են գերակշռել նման հակամարտությունների հանգուցալուծումների մեջ: Վերցրեք վերջին շատ կարճ ժամանակում տեղի ունեցած իրադարձությունները` Արեւելյան Թիմոր, Կոսովո, Աբխազիա, Օսեթիա, կարելի է անշուշտ այս ցանկին ավելացնել այլ անուններ, բայց կարծում եմ, թվարկածը բավականաչափ է: Ամենուրեք վճռորոշ խոսքը, վճռորոշ հանգամանքը ժողովրդի կամքն է, ժողովրդի ցանկությունն է` արտահայտված հանրաքվեի միջոցով: Երկրորդը. ՀՀ-ի համար տարանցիկ այլընտրանքային ուղիների կարեւորության մասին շատ է խոսվել: Եվ մենք այս իրավիճակում զգացինք արդեն ունեցած ձեռքբերումների ողջ կարեւորությունը: Խոսքս, իհարկե, գազի պահոցների կարողությունների շեշտակի ավելացման ու Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մասին է: Գազամուղը, փառք Աստծո, արդեն կառուցված է, եւ հենց վաղը մենք կարող ենք Իրանից ստանալ գազ: Այդ գազատարի թողունակության ավելացման աշխատանքները, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբներին կավարտվի, եւ Հայաստանը կարող կլինի տարեկան երկուսից երկուսուկես մլրդ խորանարդ մետր գազ ստանալու: Ուղիղ այնքան, ինչքան ստանում ենք հիմա»: Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, Ս. Սարգսյանն ասել է, որ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ հարաբերությունների մեջ կարելի է որոշակի փոփոխություններ արձանագրել, որի համար սահմանի երկու կողմերում անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք եւ հետեւողականություն: Դա լինելու է մեր երկու պետությունների քաղաքական հասունության փորձաքարը: «Ես Թուրքիայի նախագահին հրավիրել եմ Հայաստան` համոզված լինելով, որ ուղղակի շփումները հարեւան պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձեւն է: Իհարկե, հրավերս ունի քաղաքական ակնկալիքների համատեքստ: Չմոռանալով անցյալը` մենք պետք է նայենք դեպի ապագա, ձեւավորենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ եւ սկսենք շփումներ առանց նախապայմանների: Երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ` ամենակնճռոտ հարցերը»,- ասել է նա:
Ս. Սարգսյանն ասել է նաեւ, որ սեպտեմբերի 3-ին Սոչիում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցությունը խթանող տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր: «Մենք մտադիր ենք ընդլայնել եւ ամրապնդել մեր բարեկամական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ: Այս ուղղությամբ ունենք լուրջ անելիքներ: Հայ-ամերիկյան օրակարգում ընդգրկված են բազմաթիվ ծրագրեր, որոնց մեջ կուզենայի ուշադրություն հրավիրել Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հետ իրականացվող նախագծի վրա: Հաշվի առնելով ծրագրի հետ կապված որոշ ձգձգումները` ժամանակ խնայելու նպատակով ՀՀ կառավարությունն իր սեփական միջոցներից գումարներ է հատկացրել` ընթացքը չդադարեցնելու նպատակով: Առաջիկայում սպասվում են քննարկումներ կորպորացիայի հոգաբարձուների խորհրդում: Հույս ունեմ, որ այնտեղ ճիշտ կգնահատվի ՀՀ իշխանությունների արդեն իսկ կատարած աշխատանքը, եւ հնարավորություն կընձեռվի շարունակել համատեղ հաստատած ծրագրերը»: