«ԱՄՆ-ը Ռուսաստանից շատ ավելի հզոր է եւ հանդիսանում է Հայաստանի մտերիմ բարեկամը»

06/09/2008

– Հայաստանում, ինչպես եւ նրա սահմաններից դուրս, շատերը կարծում են, որ վրաց-ռուսական ճգնաժամը «կխորտակի» ՀՀ վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը, եւ Երեւանին այս անգամ չի հաջողվի խուսափել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ «ընտրությունից»: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում:

– Ես այդպես չեմ մտածում: Հայաստանն անկախ երկիր է` երկրի քաղաքացիների կողմից ընտրված ինքնիշխան կառավարությամբ, եւ կարող է հետեւել այն ուղուն, որը ճիշտ է համարում: Մեր երկիրը, որն ավելի հզոր է, քան Ռուսաստանը, Հայաստանի մտերիմ բարեկամն է եւ հավատարիմ է մնում իր կոմպլեմենտար արտաքին քաղաքականության նպատակներին հասնելու գործում Հայաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությանը:

– Ռուս-վրացական ճգնաժամից հետո ԱՄՆ-ը որեւէ սպասելիքներ ունի՞ Հայաստանի վարքից, թե՞ Դուք բավարարված եք Երեւանի չեզոք պահվածքից: Հայաստանը կարո՞ղ է դեր խաղալ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում, թե՞ «խաղը» շատ մեծ է Հայաստանի համար:

– Կարեւոր է, որ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են համատեղ աշխատել երկու երկրների համար կարեւորություն ներկայացնող հարցերի շուրջ: Ռուսաստանի ներխուժումը Վրաստան, որի ընթացքում Ռուսաստանը ռմբակոծում էր վրացական երկաթուղին ու Փոթիի նավահանգիստը` ձգտելով խաթարել Վրաստանի տարածքով ազատ ապրանքաշրջանառությունը, վնասեց նաեւ Հայաստանին:

Մենք հույս ունենք, որ կգործարկվեն լրացուցիչ տարանցիկ ճանապարհներ, որոնք գլոբալ շուկաներին կկապեն Հայաստանն ու Վրաստանը` չնայած Վրաստանի տնտեսությունը խեղդելու եւ այդ երկրի ժողովրդավարական ուղով ընտրված կառավարությունը տապալելու Ռուսաստանի փորձերին:

– Որոշ ամերիկյան փորձագետներ պնդում են, որ վրաց-ռուսական ճգնաժամից հետո ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն այլեւս չեն կարող արդյունավետ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ կողմ են արտահայտվում ղարաբաղյան խնդրի կարգավորման համար նոր ձեւաչափի ստեղծմանը: Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցում:

– Ես հույս ունեմ, որ Մինսկի խումբը կկարողանա շարունակել իր գործունեությունը նախկինի պես, չնայած որ Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները խորը փոփոխություններ են կրում:

Նախագահ Բուշը եւ պետքարտուղար Ռայսն արդեն ասել են, որ հիմա ժամանակը չէ Ռուսաստանի հետ գործերը վարել այնպես, ինչպես նախկինում էր: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան Մինսկի խմբի շրջանակներում շատ բանի են հասել: Եթե խոսենք կոնկրետ մարդկանց մասին, ապա ես ամենաբարի զգացմունքներն եմ տածում դեսպան Յուրի Մերզլյակովի նկատմամբ (ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ.- «Մեդիամաքս»), ով տաղանդավոր դիվանագետ է, հմուտ վերլուծաբան եւ հիանալի մարդ:

Անկախ նրանից, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հետագայում ի՞նչ կկատարվի, Միացյալ Նահանգները, իմ ղեկավարությունը եւ անձամբ ես էլ ավելի կակտիվացնենք մեր ջանքերը, որպեսզի օգնենք Հայաստանին եւ Ադրբեջանին` արդար եւ երկարաժամկետ լուծում գտնելու համար:

– Ռուս-վրացական հակամարտությունից հետո Թուրքիան կարո՞ղ է տարածաշրջանում ավելի կառուցողական դեր խաղալ եւ համաձայնել բացել սահմաններն ու վերականգնել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը:

– Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցն է, եւ մենք կարծում ենք, որ այն արդեն իսկ կառուցողական դեր է խաղում տարածաշրջանում: Մենք հույս ունենք, որ Թուրքիան ավելի ակտիվ ու կառուցողական կդառնա, եւ մենք կողջունենք Թուրքիայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների լիարժեք կարգավորումը:

– Սեպտեմբերի 6-ին Հայաստան կժամանի Թուրքիայի նախագահը: Հանդիպման նախօրեին ի՞նչ կմաղթեք երկու երկրների ղեկավարներին:

– Մենք ողջունում ենք երկու նախագահների դրսեւորած խիզախությունը: Նրանք իմաստնություն ցուցաբերեցին եւ օգտագործեցին ֆուտբոլային հանդիպումը, որպեսզի նոր հնարավորություններ բացահայտեն` խաղաղության եւ բարօրության փնտրտուքներում:

Այդ հանդիպումը արտացոլում է այն իրականությունը, որ դարերի ընթացքում Թուրքիայի եւ Հայաստանի ժողովուրդներն ապրել են համատեղ Անատոլիական տան մեջ: Մենք հույս ունենք, որ այդ հանդիպումը թույլ կտա առաջընթացի հասնել ղարաբաղյան խնդրի արդար եւ երկարաժամկետ լուծման ճանապարհին, որը պետք է ելնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքից եւ զարգանա քաղաքական փոխզիջման ուղղությամբ` իր մեջ ներառելով միջազգային իրավունքի ու դիվանագիտական պրակտիկայի մյուս սկզբունքները:

Հատուկ «168 Ժամի» համար