Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը անհայտ անձինք հրդեհել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի թեկնածու, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վաղամեռիկ նախագահ Մանուկ Գասպարյանի որդու` Մանուել Գասպարյանի նախընտրական կենտրոնական շտաբը, որը գտնվում է Արաբկիր համայնքում` Ադոնցի 3 հասցեի բնակելի շենքի առաջին հարկում: Մ.Գասպարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ գիշերը ժամը 3-ին փակել են շտաբը եւ շտաբի պետի ու մյուս աշխատակիցների հետ դուրս են եկել: Իսկ առավոտյան ժամը 9-ի սահմաններում հավաքարարը զանգել ու ասել է, որ շտաբի դռան ապակին ջարդել են, բենզինի շիշ են ներս գցել, որից այրվել են պաստառներն ու նկարները: Հրավիրել են ոստիկաններ ու փորձագետներ, ովքեր էլ սկսել են հարցաքննել շենքի բնակիչներին: «Շտաբի միջանցքն այրված է, շտաբն ու ամբողջ շենքը մրի մեջ կորած են: Այնպես են արել, որ նախընտրական քարոզարշավի վերջին օրը ես չկարողանամ լիարժեք աշխատել, շտաբի բնականոն աշխատանքը վերականգնելու համար կպահանջվի 4-5 ժամ»,- ասաց Մ.Գասպարյանը: Թեկնածուն կարծում է, որ իր շտաբը հրդեհել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի մեկ այլ թեկնածուի՝ գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանի կողմնակիցները: Հիշեցնենք, որ այս դեպքից մեկ օր առաջ էլ նույն համայնքի ավագանու թեկնածու «Ապեր» մականունով Սահակ Սահակյանը, ով Ա. Քոթանջյանի ընկերն է, մտել է Մ.Գասպարյանի Դրո փողոցում գտնվող ենթաշտաբ, վիրավորել է այնտեղ գտնվող կանանց, պատռել է պատերին փակցված պաստառները, գետնին է շպրտել հեռախոսները, շուռ է տվել կահույքը: «Իմ բազմամարդ հանդիպումները երբեմն փորձել են ձախողել, ինչ-որ մարդիկ հայհոյանքներով սպառնում էին իմ ակտիվիստներին: Համայնքի ղեկավարն իմ մեջ է տեսնում իր մրցակցին, որովհետեւ հատկապես վերջին հանրահավաքին 1000-1200 մարդ էր հավաքվել»,- ասաց Մ.Գասպարյանը: Այս դեպքի առիթով երեկ հայտարարություն արեց Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթունում ՀԱԿ-ը սատարում է Մ.Գասպարյանին: «Այն, որ այրել են Մ.Գասպարյանի նախընտրական շտաբը, ապացուցում է, որ երբ իշխանությունն ընդդիմությանը կոչ է անում հաշտվել եւ մասնակցել ՏԻՄ ընտրություններին, իրականում անկեղծ չէ: Կատարվածն իշխանությունների ձեռքի գործն է, եւ ապացուցում է, որ իրական ընդդիմություն կա, իշխանությունն անցնում է բռնության»,- ասաց Լ.Զուրաբյանը: Տեղեկացնենք, որ Արաբկիր համայնքում էլ թաղապետի թեկնածու, «Երիցյան եւ որդիներ» խանութի սեփականատեր Ալբերտ Երիցյանի կրտսեր որդին օրեր առաջ երեք մեքենաներով հարձակում է գործել Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու, գործող թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա: Երիցյանի կողմնակիցները նման կերպ փորձում են ահաբեկել նաեւ Հ.Շահինյանի վստահված անձանց, սակայն ապարդյուն: Մեր տեղեկություններով` այս միջադեպի մասին տեղեկացրել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: