Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսում ներկայացրեց այն քաղբանտարկյալների անունները, ովքեր ունեն առողջական լուրջ խնդիրներ, սակայն նրանց չի ցուցաբերվում համապատասխան բուժօգնություն: 13 բանտարկյալներ` Մյասնիկ Մալխասյանը, Կարեն Թալիկյանը, Ժորա Սափեյանը, Սամվել Կարապետյանը, Աղասի Մկրտչյանը, Մկրտիչ Սափեյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Սիրունյանը, Աշոտ Զաքարյանը, Սասուն Միքայելյանը, Քրիստափոր Էլազյանը, Գեւորգ Մանուկյանը շարունակում են մնալ իրենց առողջության համար ծանր պայմաններում: «Դա հավասարազոր է նրան, որ իշխանությունն ուղղակի խոշտանգում է այդ քաղբանտարկյալներին»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը: Իսկ Արման Բաբաջանյանն էլ ծանր առողջական վիճակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: ՀԱԿ-ը նաեւ հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ` ասելով, թե քաղբանտարկյալների առկայությունը, եւ այն, որ նրանց մի մասի գործը դեռ չի էլ ուղարկվել դատարան, որ քաղբանտարկյալներին չի ցուցաբերվում համապատասխան բժշկական օգնություն, ապացուցում է հասարակության, միջազգային հանրության, մասնավորապես ԵԽ ԽՎ-ի եւ նրա ընդունած 1609, այնուհետեւ՝ 1620 բանաձեւերի նկատմամբ իշխանության «ցինիկ» պահվածքի մասին: Լրագրողների խնդրանքով Լ.Զուրաբյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցին` մասնավորապես այցի նկատմամբ կոալիցիայի մաս կազմող ուժերի տարբեր մոտեցումներին: Ըստ նրա` դա «կառավարական շիզոֆրենիա» է: «Կարելի է նույն կառավարության մեջ լինելով` տարբեր կերպ մտածել եւ ունենալ միասնական գործողություն, բայց տարբեր կերպ գործելն անառողջ երեւույթ է: Տարօրինակ է, երբ կառավարությունը հայտարարում է ուժեղացված անվտանգության ռեժիմ, քաղաքապետարանին արգելում է արտոնել որեւէ հրապարակային միջոցառում, մինչդեռ կառավարության մաս կազմող մեկ այլ ուժ ուղղակի խախտում է այդ անվտանգության հատուկ ռեժիմը: Ընդ որում` խախտում է օգտագործելով նույն կառավարության միջոցները` ավտոբուսները, բենզինը»,- ասաց Լ.Զուրաբյանը` նշելով, թե տեղեկություններ ունի, թե ՀՅԴ-ի համակարգման տակ գտնվող կրթական համակարգն էլ է ներգրավված այդ միջոցառումներում: