Ֆուտբոլ. մարլեզոնյան բալետի առաջին մասը

06/09/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Թեեւ բոլոր մակարդակներով նշվում է, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային թիմերի հանդիպումն ընդամենը խաղ է՝ առանց քաղաքական ենթատեքստի, ակնհայտ է, որ հայաստանցիներիս համար այս խաղի հաղթական արդյունքը ենթագիտակցորեն հավասարազոր է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ` հակառակը: Այնպես որ` գուցե խելամիտ է վարվել թուրքական կողմը՝ արգելելով շարքային թուրք ֆուտբոլասերներին ներկա գտնվել խաղին՝ խուսափելու համար հայ-թուրքական նորագույն բախումներից, որոնք կարող էին հայ-թուրքական հարաբերությունների վերանայումը հետաձգել մինչեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ արդեն 2014թ. խաղերի վիճակահանություն: Ի դեպ, ավելի հաջող օրինակ, թե որքան է Հայաստանի արտաքին քաղաքականությունը կախված պատահական իրադարձություններից, նետված վիճակից, դիպվածից, պատկերացնելը դժվար կլիներ: Դրա լավագույն օրինակը հենց Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների այսօրվա հանդիպումն է: Գնահատելով Հարավային Կովկասում ծավալվող դրամատիկ իրադարձությունների ֆոնին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպման կարեւորությունը, այդուհանդերձ, փորձենք հասկանալ, թե ինչ կլիներ այն ժամանակ, եթե վիճակահանությամբ հանկարծ ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չհայտնվեր Թուրքիայի հավաքականի մրցակցի դերում: Այդ դեպքում` ա) չէր լինի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը,

բ) Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չէր գա Հայաստան եւ հնարավորություն չէր ունենա համոզվելու, որ Արարատ լեռը Հայաստանի կողմից անհամեմատ տպավորիչ է, գ) պարզ չէր դառնա, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հայացքներն արտաքին քաղաքականության հարցում ընդգծված տարբեր են, հետեւաբար Քոչարյանի վերադարձը քչերն են ցանկանում, դ) այդպես էլ գաղտնի կմնար՝ ՀՅԴ-ն պահպանե՞լ է իր գենետիկ անհամատեղելիությունը հարեւան թուրքերի հետ, թե՞ ոչ եւ, վերջապես, ե) ընդդիմությունը ստիպված չէր լինի փոխել սեպտեմբերի 5-ի հանրահավաքի օրը եւ հետաձգել նախագահ Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջն ամբողջ 5 օրով:

Սակայն սրանք տեսական եւ այդքանով արդեն անարժեք դատողություններ են: Իրականությունն այն է, որ Թուրքիայի նախագահն ընդունել է ՀՀ նախագահի հրավերը: Այնպես որ` թուրք քաղաքական գործիչների պնդումները, թե այս խաղից որեւէ քաղաքական դիվիդենտ շահել հնարավոր չէ, որ Ա. Գյուլը մեր երկիր է գալիս՝ բացառապես եւ միմիայն ֆուտբոլ դիտելու, այնքան էլ անկեղծ չեն: Քանի որ ակնհայտ է` Գյուլն իր հայ գործընկերոջ հրավերն ընդունելու որոշումը կայացրել է համարյա թե վերջին րոպեին: Եվ ակնհայտ է, որ Թուրքիայի դրական արձագանքը պայմանավորված էր Հարավային Կովկասի գերլարված իրավիճակով: Կա եւս մեկ իրականություն. ՀՅԴ-ն, ում մենաշնորհն է Թուրքիայի նախագահի դեմ բողոքի ակցիաներ անցկացնելու արտոնագիրը, ստարտային վիճակում է: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերով արդեն հնչում է գովազդ: Ըստ այդմ, բոլոր ցանկացողները կարող են սեպտեմբերի 6-ին, այսինչ ժամին «Զվարթնոց» օդանավակայանում Գյուլին դիմավորել ՀՅԴ-ի ցուցապաստառների ներքո: Դաշնակցականները խոստացան` անկախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի բանավոր արգելքից, խաղի ընթացքում կհնչեն կոչեր, որոնք Ա. Գյուլի ուշադրությունը կսեւեռեն այն փաստին, որ նա դեռեւս չի ընդունել իր պապերի մեղքը եւ չի ճանաչել հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության ճանաչման խնդիրը ֆուտբոլային այս խաղի հիմնական, սակայն ոչ միակ ենթատեքստն է: Կա եւս մի փոքրիկ հոգեբանական բարդություն. հայ մարզասերները պետք է ոտքի կանգնեն Թուրքիայի հիմնի առաջին իսկ հնչյուններից: Ինչպես հյուր գնալուց առաջ ծնողները զգուշացնում են երեխաներին, որ ուտելիս չչփչփացնեն եւ սեղանից առատորեն չօգտվեն, այնպես էլ բազմաթիվ միջոցներով մարզասերները զգուշացված են՝ օտար երկրի հիմնի ներքո ոտքի կանգնելը, անգամ, եթե այդ հիմնի լադն ընդգծված արեւելյան է, բարեկրթության նշան է, որն ամենեւին չի ենթադրում անթաքույց հարգանք տվյալ պետության վարած արտաքին քաղաքականության հանդեպ:

Ամեն դեպքում, շատերի հայացքն այսօր ուղղված է Հայաստանին: Լրագրողները հոդվածը հոդվածի ետեւից գրում են Հայաստան-Թուրքիա խաղի քաղաքական հնարավոր հետեւանքների մասին, բուքմեյքերական գրասենյակներն աշխատում են մեղուների ժրաջանությամբ:

Սակայն, եթե խնդիրը դիտարկենք հակառակ կողմից, չի բացառվում, որ եթե ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը վիճակը հաներ ոչ այս ելքով, այսինքն՝ այս խաղը տեղի ունենար ամենեւին ոչ Թուրքիայի հավաքականի հետ, ապա թուրք եւ հայ բարձրաստիճան ղեկավարները ստիպված կլինեին փնտրել միմյանց հետ հարաբերվելու ավելի լուրջ առիթներ: Սակայն քառակուսի նույն մետրի վրա Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների ներկայությունն, այդուհանդերձ, կջարդի հայերի եւ թուրքերի գենետիկ անհամատեղելիության մասին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած դիագնոզը:

Ցեղասպանության չճանաչումը բարդույթավորել է մեզ, դարձրել առավել խոցելի ու զգայուն, սակայն դա ի հայտ է գալիս պետական բարձրաստիճան չինովնիկների շփման ընթացքում: Մարդկային փոխհարաբերությունների մակարդակով այդ բարդույթը վերացրել է Հրանտ Դինքը՝ իր մահով ստիպելով թուրք հասարակությանը դուրս գալ Թուրքիայի փողոցներ` «Մենք հայ ենք, մենք Դինք ենք» մակագրությամբ:

Սակայն այս ամենի մասին` հետո: Առայժմ` հաղ-թա-նակ…