Հայաստանյան արմատական ընդդիմության վերջին շաբաթների որդեգրած համեմատաբար պասիվ եւ սպասողական մարտավարության ֆոնին բավականին անսպասելի էին գործող իշխանությունների անհամեմատ ագրեսիվ կեցվածքն ու գործողությունները: Իշխանական ճամբարում առկա մարտավարական փոփոխությունների մասին առաջին ահազանգը հնչեց, երբ երկարատեւ «խաղադադարից» հետո իրավապահ մարմինները մի քանի օր շարունակ, այսպես կոչված, «մաքրման» օպերատիվ գործողություններ սկսեցին իրականացնել Հյուսիսային պողոտայում: Իսկ իշխանությունների «նոր մարտավարության» քաղաքական գնահատականները հնչեցվեցին ընդամենը մի քանի օր անց ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթում: Վերջինս, ինչպես հայտնի է, վրաց-ռուսական «հնգօրյա պատերազմում» հայաստանյան ընդդիմության վարքագիծը ոչ միայն սուր քննադատության ենթարկեց` որպես դրական օրինակ բերելով նույն Ռուսաստանի կամ Վրաստանի անհաշտ ընդդիմադիրների վարքագիծը, այլեւ գործը հասավ նրան, որ սովորաբար ներքաղաքական գնահատականներում զգուշավոր վարչապետն ընդդիմության գործելաոճը համարեց «դավաճանական»: Իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կողմից տրված նման գնահատականները, առավել եւս՝ ելույթի տոնայնությունը, շատերի համար անսպասելի էին եւ անգամ՝ ժամանակավրեպ: Առավել եւս զարմանալի էր, որ իշխանական այդ «խրատները» փաստացի հաջորդել էին արմատական ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Կովկասում տիրող իրավիճակի շուրջ «Ա1+»-ին տված հարցազրույցին, որտեղ նա շատերի համար անսպասելիորեն եւ ուղղակիորեն իր գոհունակությունն էր հայտնել ռուս-վրացական հակամարտության ամենաթեժ ժամանակահատվածում հայաստանյան իշխանությունների դրսեւորած գործելաոճի շուրջ: Մասնավորապես փաստացի «դավաճանական» վարքագծի մեջ ամբաստանվող Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդը վերոհիշյալ հարցազրույցում բառացիորեն հետեւյալն էր արձանագրել. «Եթե դուք նկատի ունեք պաշտոնական կամ դիվանագիտական արձագանքը, ապա դրական չեզոքությունը, թերեւս, այն առավելագույնն էր, որ Հայաստանի կառավարությունը կարող էր դրսեւորել երկու բարեկամ պետությունների միջեւ ծագած ռազմական հակամարտության նկատմամբ: Այս առումով ՀՀ իշխանությունների դիրքորոշումից դժգոհելու հիմքեր չկան»: Պատահական չէ, որ Լ. Տեր-Պետրոսյանի այս գնահատականներից հետո քաղաքական շրջանակներում եւ մամուլում նոր թափ ստացան ընդդիմության առաջնորդի եւ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ փոխհամաձայնեցված գործողությունների մասին խոսակցությունները:
Նկատենք, որ ընդդիմությունն էլ իր հերթին աննախադեպ «խաղաղասեր» վարքագծով նման ենթադրությունների համար հարուստ հիմքեր էր տալիս: Բավական է հիշատակել, թե ինչքան թույլ ու, անգամ, կարելի է ասել, պասիվորեն նա հակադարձեց Հյուսիսային պողոտայում իրավապահ մարմինների գործողություններին, ինչն ավարտվեց նախ՝ իշխանության կողմից նոր խաղի կանոնների ընդունմամբ (քաղբանտարկյալներին վերաբերող պաստառներն առանց լուրջ դիմադրության հեռացվեցին նստացույցի վայրից), իսկ հետո էլ որոշվեց «Գյուլի այցի նախօրեին» (ըստ էության, իշխանություններին «պոդստավա» չանելու նպատակով) ընդհանրապես դադարեցնել նստացույցը: Այս պարագայում որոշակի սպասումներ կային սեպտեմբերի 2-ին նշանակված Լ. Տեր-Պետրոսյանի ասուլիսից, որն «էքսպերտային հանրության» շատ ներկայացուցիչների կարծիքով՝ պետք է փոխարիներ սեպտեմբերի 5-ի հետաձգված հանրահավաքում ընդդիմադիր Կոնգրեսի առաջնորդի ելույթին: Այս առումով սպասումները, թերեւս, արդարացվեցին, քանի որ Լ. Տեր-Պետրոսյանը պարզորոշ հասկացնել տվեց, որ գոնե առայժմ արմատական ընդդիմությունը ձեռնպահ է մնալու կոնֆրոնտացիոն սցենարներից: Միեւնույն ժամանակ ընդդիմության ղեկավարի ելույթում հնչած հիմնական թեզերը եւ բուն ելույթի տոնայնությունը նորից հիմքեր տվեցին հասարակությանը պնդելու, որ նոր քաղաքական սեզոնի բացման ժամանակահատվածում էլ արմատականների գլխավոր թիրախը մնում է իշխանության վերադառնալու ձգտող Ռոբերտ Քոչարյանը: Այս առումով հատկանշական է, որ ասուլիսի ընթացքում բացահայտված երեք սենսացիոն փաստաթղթերն էլ` Ալեքսանդր Արզումանյանին գաղտնալսելու հայկական «ուոթերգեյթյան սկանդալը», մարտի 1-ի նստացույցը ցրելուն առնչվող փաստերը եւ, իհարկե, 1998թ. փետրվարին Ռ. Քոչարյանի Երեւանում պաշտոնապես գրանցված չլինելը գրեթե ուղղակիորեն առնչվում էին հենց ՀՀ երկրորդ նախագահին: Իսկ այն փաստը, որ Լ. Տեր-Պետրոսյանի ձեռքում են հայտնվել նման գաղտնի փաստաթղթեր, թերեւս անուղղակիորեն մատնանշում է, որ կա՛մ ընդդիմությունը գրեթե բոլոր իրավապահ մարմիններում արդեն ունի իր ինֆորմացիոն վստահելի աղբյուրները, կա՛մ էլ, որն ավելի հավանական են համարում վերլուծաբաններից շատերը, գործող իշխանական որոշ շրջանակներ օգնել են ընդդիմությանը ձեռք բերել այդպիսի արժեքավոր բացահայտումներ անող փաստաթղթեր՝ ընդհանուր կոնկրետ շահից ելնելով: Այս համատեքստում ավելի քան հետաքրքրական է Լ. Տեր-Պետրոսյանի կողմից գործող նախագահի նկատմամբ ցուցաբերվող «հանդուրժողական» կեցվածքը: Հաստատելով, որ Ս. Սարգսյանի պաշտոնանկությունը շարունակում է մնալ շարժման գլխավոր կարգախոս, միեւնույն ժամանակ ընդդիմության առաջնորդն ասում է հետեւյալը. «Գլխավոր կարգախոս կոչեցյալն ընդամենը ենթադրում է հսկայական գործունեություն հորիզոնական մակարդակով, տարբեր ուղղություններով: Ինձ համար գլխավոր կարգախոսը կամ մեր գործունեության հիմնական էությունը շարժման հզորացումն է, Կոնգրեսի կայացումն է, որն ինքնաբերաբար, այո, բերելու է իշխանափոխության, Ս. Սարգսյանի հրաժարականին: Մենք այդպես պարզ չենք պատկերացնում` մենք պահանջեցինք, ինքը հրաժարվեց կամ չհրաժարվեց: Այդպես ոչ ոք չի հրաժարվում: Պետք է գա մի պահ, երբ Ս. Սարգսյանը տեսնի, որ հասարակության կազմակերպված մեծամասնությունն իրեն չի ընդունում»: Իսկ հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովների ստեղծմանը Ս. Սարգսյանի տված համաձայնությունը Լ. Տեր-Պետրոսյանը մեծահոգաբար արդեն լոկ որպես «սայթաքում է» բնութագրում: «Ս. Սարգսյանը հրաժարվել է իր առաջին հայտարարությունից: Մոսկվայում նա հստակ հայտարարեց, որ համաձայն է ստեղծել հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով Ցեղասպանության եղելությունն ուսումնասիրելու համար: Մոսկվայի հայտարարությունից նա հեռացել է, վերջերս տված իր հարցազրույցներում նա արդեն այդ պատմաբանների հանձնաժողովի մասին չի խոսում: Խոսում է Հայաստանի եւ Թուրքիայի պետական դիվանագիտական հարաբերությունների մասին, որտեղ, այո, կարող է քննարկվել ցանկացած հարց: Այսինքն` Ս. Սարգսյանն արդեն հրաժարվել է հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարից: Ըստ երեւույթին դա սայթաքում է եղել, որը նկատելուց հետո նա հիմա մոռացության է տալիս»,- պնդեց ընդդիմության ղեկավարը: Լուրջ աջակցություն Ս. Սարգսյանը ստացավ ռուս-վրացական հակամարտության շուրջ իշխանությունների որդեգրած վարքագծի հարցում: «Ես չեմ մեղադրում մեր իշխանություններին, նրանց վիճակը բարդ է, նրանք չէին կարող այդպես բացահայտ տեսակետ արտահայտել այդ իրադարձությունների վերաբերյալ, որովհետեւ Ռուսաստանն էլ, Վրաստանն էլ մեր բարեկամներն են, երկուսից էլ մենք կախված ենք, երկուսի հետ չենք ուզում խնդիրներ ունենալ. դա դիվանագիտություն է: Ես ավելի ազատ եմ, կլինեմ իշխանություն, գուցե նույնքան զգուշավոր կլինեմ: Ես իրավունք ունեմ ավելի ազատ լինելու, ավելի ազատ արտահայտվելու եւ իրերը կոչելու իրենց անուններով: Ոչ մի պրոռուսականություն կամ հակավրացականություն կամ հակաարեւմտականություն իմ ասածի մեջ գոյություն չուներ»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը: Ու թեպետ Լ. Տեր-Պետրոսյանը (թերեւս, Ս.Սարգսյանը նույնպես) արդեն վաղուց չի էլ թաքցնում, որ ընդհանուր ներքաղաքական` «հակաքոչարյանական կոալիցիա» ստեղծելու առումով շահեր ունի այսօր գործող նախագահի հետ, որին գումարվել է նաեւ ընդհանուր «թուրքական վեկտորը», այնուհանդերձ, ընդդիմության ղեկավարն ասուլիսի ընթացքում նաեւ հասկացնել տվեց, որ շարունակում է մնալ իրատեսության եւ «չոր» պրագմատիզմի դաշտում: Այս տիրույթում հավանաբար պետք է դիտարկել արմատական ընդդիմության արդեն հիշատակված որոշակի հանդուրժողականությունն իշխանությունների ձեռնարկած ագրեսիվ գործողությունների եւ տրված քաղաքական գնահատականների ու նույնիսկ վիրավորական պիտակավորումների հանդեպ: Մեր արմատական ընդդիմությանը թերեւս ոչ բնորոշ այս վարքագիծն ամենայն հավանականությամբ մեծագույնս պայմանավորված է նաեւ տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրողություններով, մասնավորապես, այս «խառը իրավիճակում»` հակաարեւմտյան որոշակի հիստերիայի եւ Արեւմուտքի անուշադրության պայմաններում, ռուսամետ համարվող ՀՀ իշխանությունների ձեռքով պատահական (ռուսները կասեին՝ «փցՋՏռ տՏւՎպս») «զոհ» չդառնալու արմատական ընդդիմության ձգտումով: Այս առումով հատկանշական է Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա հերթական անգամ փորձում է ձերբազատվել «գունավոր հեղափոխություն» անելու «իշխանական մամուլի վերագրումներից»: «Ո՛չ, մենք գունավոր հեղափոխություն չենք անում: Մենք իրականացնում ենք քաղաքակիրթ, քաղաքական պայքար: Մասնակցել ենք ընտրությունների, դժգոհ ենք այդ ընտրությունների արդյունքի վերաբերյալ պաշտոնական որոշումներից, այդ որոշումները կեղծվել են բարբարոսական, եւ մենք կաշխատենք մեր ժողովրդին չհոգնեցնել, ապացուցել, որ դա այդպես է, եւ ապացուցել, որ չընտրված իշխանությունն իրավունք չունի իշխելու Հայաստանում: Սա ապացուցելու համար ինձ ո՛չ Սահակաշվիլու փորձն է պետք, ո՛չ Յուշչենկոյի կամ մյուսների»,- ասաց առաջին նախագահը: Բացի այդ, Լ. Տեր-Պետրոսյանն ինչ-որ չափով նաեւ հասկացնել տվեց, որ ընդդիմության ներկա պահի նկատելի զգուշավորությունը պայմանավորված է որոշակի ինքնապաշտպանական ձգտումներով, որպեսզի առիթ չտրվի «ֆորպոստի» իշխանություններին «արեւմտյան ուժերի դեմ պայքարի» քողի տակ փորձել լուծել ներքաղաքական կնճռոտ հարցեր: «Նրանք չեն կարողանալու մեզ ստիպել խախտել օրենքը, դիմել բռնությունների: Մենք դա երբեք չենք արել եւ չենք պատրաստվում անել»,- նկատեց նա: Եվ եթե ընդդիմության ներկայիս զգուշավոր մարտավարությունը դիտարկենք հենց «այս պահին ոտքի տակ չընկնելու» տրամաբանության համատեքստում, ապա կարելի է պնդել, որ Լ. Տեր-Պետրոսյանի թե՛ «Ա1+»-ին տված «պրոռուսական» հարցազրույցը, թե՛ Հյուսիսային պողոտայի «ժամանակավոր հանձնումը», թե՛ սեպտեմբերի 5-ի հանրահավաքի հետաձգումը եւ թե՛ անգամ որոշ քաղբանտարկյալների նկատմամբ մեղադրականների խստացման դեմ համեմատաբար թույլ ընդվզումը հիմնականում ուներ կանխարգելիչ նպատակներ: Այդ խնդիրն ընդդիմության ղեկավարն առայժմ հաջողությամբ լուծում է: Եվ միգուցե դրանով է պայմանավորված ՀՀ վարչապետի ելույթով արտահայտված իշխանությունների՝ առաջին հայացքից անտրամաբանական թվացող նյարդային կեցվածքը: