Իջեւանի քաղաքապետն՝ ընդդեմ «Հետքի»

06/09/2008

Մայիսի 5-ին «Հետքը» Տավուշի մարզի իր թղթակից Ոսկան Սարգսյանի հեղինակությամբ հրապարակել էր «Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացվում էին Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստեւ գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր: Լրագրողն իր ունեցած տեղեկությունները ստուգել էր տեղում, լուսա եւ տեսանկարահանել ավազի արդյունահանման եւ տեղափոխման ամբողջ գործընթացը, խոսել ջրամբարում աշխատող բանվորների հետ, ապա փորձել էր գրավոր հարցումներով ստանալ պաշտոնական մեկնաբանություններ: «Սպիտակ ջուրը» 1997թ. կառավարության որոշմամբ սահմանվել է իբրեւ Իջեւան քաղաքի համայնքային սեփականություն: Բայց ջրամբարի թիվ մեկ պատասխանատու Իջեւանի քաղաքապետարանը դեռեւս 2007թ. հոկտեմբերի 22-ին իրեն ուղղված գրությունն անպատասխան էր թողել: Բնապահպանության նախարարությունը հայտնել էր, թե «ջրամբարի ավազի օգտագործման իրավունքը որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի չի տրված, քանի որ նշված տարածքում պաշարների ուսումնասիրություն չի կատարված եւ լիցենզիայի պայմանագիր չի կնքված»: Իսկ Դատախազությունը հոդվածում հրապարակված փաստերը ստուգելու փոխարեն հարցում էր կատարել Իջեւանի քաղաքապետարան եւ «պարզել», որ լճի ավազանից քաղաքապետարանի այգու տարածքի հարթեցման համար տեղափոխվել է միայն տիղմը` փաստորեն «հերքելով» ավազի արդյունահանման ակնհայտ փաստը: Մինչդեռ լրագրողն այցելել էր նաեւ Դիլիջան ու պարզել, որ այնտեղ հունիսին ընթացող ամֆիթատրոնի շինարարության ավազը բերվում է «Սպիտակ ջուր» ջրամբարից:

Այս եւ այլ բազմաթիվ փաստեր «Հետքի» լրագրողին թույլ էին տվել եզրակացնել, որ ավազի ապօրինի արդյունահանումը կատարվում է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գիտությամբ եւ թույլտվությամբ: Եզրակացությունը, սակայն, դուր չի եկել քաղաքապետին: Հունիսի 18-ին Իջեւանի քաղաքապետարանը «Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասին» հայց է ներկայացրել Երեւանի Քաղաքացիական դատարան` պահանջելով «պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը հերքելու Իջեւանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները եւ քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող լուրերը»: Որպես հիմնական փաստարկ հայցում նշվում է, որ քաղաքապետարանն ինքը շահագրգռված է` ապօրինի արդյունահանողներին բացահայտելու եւ պատժելու, եւ այդ նպատակով 2000 թ.-ից սկսած բազմիցս դիմել է Իջեւանի ՆԳ բաժնի պետեր Տ. Բաղդասարյանին, Ս. Գալստյանին: Անհասկանալի է, թե ինչու «Սպիտակ ջրի» ճակատագրով այդքան մտահոգ քաղաքապետն անցած 8 տարիների ընթացքում երբեւէ չի բողոքարկել Իջեւանի ոստիկանության անգործությունը:

«Հետքի» գլխ. խմբագրին քաղաքապետ Վ. Ներսիսյանը հեռախոսով հարցրել էր. «Ինչո՞վ եք վստահ, որ ավազահանքի փողերը մտնում են մի գրպան»: Նրա այս հարցն արդեն հավաստում է, որ ավազահանքի ապօրինի օգտագործումից շահույթ են ստանում, գուցե նաեւ` մեկից ավելի մարդիկ: Հուլիսի 4-ին, 5-ին եւ 6-ին տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությամբ Իջեւանի քաղաքապետարանը հեռարձակել է հետեւյալ հայտարարությունը. «Հայտնվում է Իջեւան քաղաքի եւ տարածաշրջանի բնակչությանը, որ խստիվ արգելվում է Իջեւան համայնքի վարչական տարածքում գտնվող Սպիտակ լիճ անվանվող արհեստական ջրամբարից, շրջակա տարածքից, ինչպես նաեւ Աղստեւ գետի հունի այլ հատվածներից կատարել ջրաբերուկների, այդ թվում՝ ավազի, ավազակոպճի եւ տիղմի արդյունահանում: Յուրաքանչյուր նման դեպք կդիտվի ապօրինի, եւ արդյունահանողը կենթարկվի օրենսդրորեն սահմանված պատասխանատվության: Խնդրվում է բնակիչներին, ինչպես նաեւ Իջեւան համայնքի հոգսերով մշտապես մտահոգված նոյեմբերյանցի Ոսկան Սարգսյանին ավազի, ավազակոպճի եւ տիղմի արդյունահանման եւ վաճառքի մասին ունեցած փաստերը ներկայացնել իրավապահ մարմիններին կամ քաղաքապետարան: Միաժամանակ խնդրվում է իրավապահ եւ բնապահպան մարմիններին ուժեղացնել հսկողությունը Սպիտակ լիճ ջրամբարի, շրջակա տարածքի, ինչպես նաեւ Աղստեւ գետի հունի վրա` բացառելու եւ կանխականխելու ավազի, ավազակոպճի, տիղմի արդյունահանումը»: Առնվազն ծիծաղելի է, որ քաղաքապետարանն արդեն հրապարակված փաստերի առնչությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկելու փոխարեն՝ հայտարարությամբ է հանդես գալիս` հրապարակավ դիմելով նաեւ մեր թղթակից Ոսկան Սարգսյանին: Այս հայտարարությամբ եւ հոդվածի հեղինակի անվան մատնանշմամբ քաղաքապետարանը այդ գործով զբաղվող մարդկանց հուշում է, թե ով է իրենց բիզնեսին խանգարում, որտեղից է «գալիս վտանգը»: «Հետքի» դեմ սկսվելիք դատական գործընթացը, որն, ըստ հայցվորի, պիտի վերականգնի քաղաքապետի «արատավորված բարի համբավը», արդեն իսկ ուղեկցվում է խախտումներով: Մայիսի 23-ին կայացել է Իջեւան համայնքի ավագանու նիստ, որտեղ ավագանին «Զրպարտչական հոդվածի հեղինակին պատասխանատվության ենթարկելու համար փաստաբանական ծառայություն մատուցելու մասին» որոշում է ընդունել. «Հաշվի առնելով քաղաքապետի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է հոդվածի հեղինակին պատասխանատվության ենթարկելու համար փաստաբանական ծառայությանը հատկացնել 930.000 դրամ»: Նիստում ավագանու անդամներից Վահե Ղալումյանը հարցրել է, թե արդյոք ճի՞շտ է համայնքի բյուջեից նման նպատակով 930.000 դրամ ծախսելը: Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պատասխանել է, թե այս գործի համար հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան է անհրաժեշտ, եւ վստահեցրել, որ այդ գումարը վերադառնալու է համայնքային բյուջե: Իր անձի համբավի պաշտպանության համար քաղաքապետն օգտագործում է համայնքի միջոցները: Հայցում իբրեւ այս ծախսի հիմնավորում նշվում է, որ «քաղաքապետարանը չի կարող անտարբեր մնալ նմանատիպ հոդվածների հրապարակումներին, քանզի արատավորելով պաշտոնատար անձին` այն իր բացասական ազդեցություններով ուղղակիորեն անդրադառնում է համապատասխան պետական մարմնի գործունեության վրա»: Քաղաքապետը հույս ունի, որ դատարանը «Հետաքննող լրագրողներից» կբռնագանձի 930.000 դրամը: Հայցի քննությունը նշանակված է սեպտեմբերի 29-ին Երեւանի քաղաքացիական դատարանում: Զուգահեռաբար «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն նամակով դիմել էր Իջեւանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել մայիսի 23-ի ավագանու նիստի արձանագրությունը եւ այն որոշումը, որով 930.000 դրամ է հատկացվել փաստաբանական ծառայության համար: Սակայն քաղաքապետը մերժել է` «հնարավոր շահարկումներից խուսափելու» պատճառաբանությամբ եւ ասել, թե դրանք կտրամադրի դատական պրոցեսն ավարտվելուց հետո: Կազմակերպությունը նույն խնդրանքով դիմել է Տավուշի մարզպետին` նկատի ունենալով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30 հոդվածի 8-րդ կետի համաձայն` ավագանու որոշումները յոթնօրյա ժամկետում առաքվում են մարզպետարան: Մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշումները տրամադրելու փոխարեն «միջնորդությամբ դիմել է» Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Վերջինս մարզպետին տվել է նույն պատասխանը, ինչ «Հետաքննող լրագրողներ»-ին: Եվ մարզպետ Ղուլարյանը մերժել է լրագրողներին` հղում անելով քաղաքապետի պատճառաբանությանը: «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն «տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասը (114.000 դրամ) հատուցելու պահանջով» Իջեւանքի քաղաքապետի դեմ հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան:

Լիանա ՍԱՅԱԴՅԱՆ
www.hetq.am