Էպոսի հերոսները կբնակվեն Արաբկիրում

06/09/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արաբկիր համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց համայնքում հիանալու հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի հրաշալի ստեղծագործությամբ: Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 4-ին բացվեց «Ծովինար. Սանասարի եւ Բաղդասարի ծնունդը» խորհրդանշող շատրվանը, որին ներկա էին մի շարք արվեստագետներ: Շատրվանի հեղինակ, հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսն ասաց, որ ամբողջ շատրվանախումբը խորհրդանշում է ծովը, որը բացվեց, եւ այն աղբյուրը դուրս եկավ, որի ջրից հղիացավ Ծովինարը: Շատրվանախմբում 15 շատրվան է ցայտում: «Բուն գաղափարն այդ սուրբ ջուրն է, որից հղիացավ Ծովինարը: Առյուծներն էլ պահապաններն են: Այս գործը եւ՛ երկար է տեւել, եւ՛ կարճ, քանի որ Ծովինարի էսքիզը 1998թ. ունեի: Իսկ կարճ տեւեց այն առումով, որ շատ կարճ ժամանակում այս ամենը կառուցվեց: 10 տարի այդ միտքը ձեւավորվեց ու ի վերջո իրագործվեց Երեւանում»,- ասաց նա: Քանդակագործը պատմում է, որ ինքը ծնունդով արաբկիրցի է եւ միշտ կապված է եղել Արաբկիրի հետ: Իսկ շատրվանի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Ֆլորենցիայում, որտեղ ներկայումս բնակվում է Ավետիսը, նա հանդիպել է իր մանկության ընկերոջը՝ Արաբկիր համայնքի գործող թաղապետ Հովհաննես Շահինյանին (նրանք միեւնույն դասարանում են սովորել): «Մտածում էինք, թե ինչպես անենք, որ գեղեցկացնենք Արաբկիրն, ու ծնվեց այս միտքը: Ինչպես տեսնում եք` իտալական լուծում ունի շատրվանը: Պետք էր այսպիսի մի կառույց բերել Երեւան: Սա իմ առաջին աշխատանքն է իմ հայրենիքում, ու շատ ուրախ եմ, որ հենց այսպիսին եղավ այն: Կուզենայի այս գործը 3 հոգու նվիրել` ծնողներիս եւ իմ վարպետ Արա Հարությունյանին: Երեքն էլ այլեւս մեզ հետ չեն, բայց նրանք իմ աշխատելու ընթացքում միշտ ինձ հետ են եղել»,- ասաց Վիգեն Ավետիսը: Էպոսագետ Արծրուն Սահակյանն էլ նշեց, որ քանդակագործն իր ստեղծագործական այս մասնիկը հանձնել է Արաբկիրին, եւ այսօրվանից այն այլեւս իրենը չէ. շատրվանն այսուհետ Երեւանի անբաժանելի բնակիչն է: «Հայ ժողովրդի պատմությունից շատ հերոսներ են հայտնի, որոնք արժանացել են Երեւանի բնակիչը դառնալու պատվին: Այսինքն, ժողովուրդն իսկապես իր քաղաքի հավերժ բնակիչ է ուզում տեսնել իր երեւակայության, իր ստեղծագործության ու ոգու ծնունդներին»,- ասաց նա: Արաբկիր համայնքի գործող թաղապետ Հովհ. Շահինյանի խոսքով էլ` այս հուշարձան-շատրվանի տեղադրմամբ իրենք նոր էջ են բացում ինչպես այս զբոսայգու, այնպես էլ համայնքի կյանքում: «Էպոսի մոտիվներով ստեղծված այս կոթողը խորհրդանշում է մեր ոգեղեն ուժը, գեղեցիկի, բարու նկատմամբ ունեցած միասնական ուժը: Վիգենի մեծությունը պատկերացնելու համար պետք է լինել Ֆլորենցիայում, որտեղ նա հսկայական աշխատանք է կատարել: Եվ այսօր բոլորիս համար մեծ պատիվ է, որ նման քանդակագործի աշխատանքը զարդարելու է նաեւ մեր համայնքը»,- ասաց նա: Հովհ. Շահինյանը տեղեկացրեց, որ այս հուշարձանի տեղադրմամբ իրենք մեկնարկում են խոշոր մշակութային նախագծերի իրականացման շրջանը: «Վիգենի հետ մեր համագործակցության շրջանակները շատ լայն են, եւ հենց դրա շարունակության շնորհիվ վստահ եմ, որ շատ մոտ ապագայում Արաբկիրը կդառնա մայրաքաղաքի ամենամշակութային համայնքներից մեկը: Մի քանի օր անց Հայաստան է այցելելու նաեւ Եվրոպայի մշակութային կյանքում մեծ հեղինակություն վայելող ժամանակակից մշակութային գործիչների մի պատվիրակություն: Նրանց թվում է նաեւ մեր հայրենակից աշխարհահռչակ Արշիլ Գորկու դուստրը` Մարո Գորկին, որն առաջին անգամ է լինելու Հայաստանում: Նաեւ մեր առաջիկա նախագծերից է լինելու կազմակերպել պատկերասրահ բաց երկնքի տակ: Այն կիրագործվի Արաբկիրի մեծ զբոսայգում»,- ասաց նա: Հովհ. Շահինյանը տեղեկացրեց նաեւ, որ Արաբկիր համայնքի ավագանու որոշմամբ Հայաստանի Անկախության 17-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Վիգեն Ավետիսին կշնորհվի Արաբկիրի պատվավոր քաղաքացու կոչում: